Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես

Մարտ 01,2001 00:00

«ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱ՛ՄԲ» Այսպես պատասխանեց նախկին վարչապետ Արամ Սարգսյանն «Առավոտի» այն հարցին, թե հոկտեմբերի 27-ից հետո իրենց թիմի միջեւ առկա ներքին հակասությունները, խարդավանքները որքանո՞վ վճռորոշ եղան իրադարձությունների հետագա զարգացման համար։ Նախկին վարչապետի եւ երկրապահական շրջանակի միմյանց հանդեպ վերաբերմունքի ականատեսը դառնալով՝ համոզում ես ձեռք բերում, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, թերեւս, կարիք էլ չպիտի ունենային ցուցաբերել, ինչպես մեր թերթն է սիրում գրել, պալատական խարդավանքներում իրենց առավել թրծվածությունը։ Նրանք կարող էին միայն համբերատար սպասել, մինչեւ այս թեւում առկա ներքին երկպառակություններն ու գլուխ բարձրացրած հավակնությունները կանեին իրենց գործը։ Որքան կարողացել ենք պարզել՝ այդ հավակնությունները սկիզբ են առել այնժամ, երբ հայտնի դարձավ, որ նախագահը պատրաստ է հեռանալ։ Համենայն դեպս, Արամ Սարգսյանը բազմիցս է վկայել, որ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ մտադրություն է ունեցել հրաժարական տալ եւ հենց ինքն է նրան հետ պահել։ Թերեւս այդ պահից էլ սկսվել են բացահայտ կամ թաքուն գզվռտոցները, թե ո՛վ պիտի զբաղեցնի նախագահի տեղը, ով՝ վարչապետի, ով՝ նախարարի կամ փոխնախարարի։ «Գուցե նախագահն իրոք կարողացավ օգտագործե՞լ առաջնայնության ձգտումից ծնված այն հակասություները, որ գոյություն ունեին այս թեւի ներսում. մասնավորապես տրվում էին Ձեր, Շիրխանյանի, Ջհանգիրյանի անունները»՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան Արամ Սարգսյանն ասաց. «Ընդհանրապես դեմ եմ խարդավանքներին։ Ես ուղիղ դաշտում եմ՝ թղթի մի երեսում գրած։ Եվ ոչինչ չեմ ասում թաքուն նպատակների եւ չգիտես ինչ վերլուծություններ անելու համար։ Կարող եմ ասել, որ իսկապես հաճելի չէր այն, ինչ այդ ժամանակ կատարվում էր ներքին խոհանոցում։ Չէի ուզի դա մելոդրամայի, սերիալի նման հանել ժողովրդի առջեւ՝ ո՞վ, ինչպե՞ս, ո՞նց։ Կարծում եմ, որ ինքս ինձ կարգին եմ պահել։ Չեմ դավաճանել որեւէ մեկի եւ փոխադարձը պահանջել եմ իմ հանդեպ։ Եթե գտնում էի, որ տվյալ մարդն արժանի է իր գրաված պաշտոնին, պահում էի նրան։ Եթե մեկ ուրիշին առաջարկում էին եւ դեմ էի՝ անկախ նրանից, ինչքանով է այդ մարդն ինձ մոտ կամ քաղաքական նկատառումներով ինչքան հարմար կլինի նման քայլ անելը՝ ես նման քայլ չէի անում։ Ես շախմատ խաղում եմ, բայց քաղաքականությունն ինձ համար շախմատ չէ»։ Այս հարցերի մասին զրուցեցինք նաեւ պետական եկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի հետ, բայց արդեն մատնանշելով որոշակի օրինակ։ Մեր հարցն էր, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն ասեկոսեները, որ 2000-ի հունվարին Վահան Շիրխանյանի հետ Մոսկվա այցելելով՝ իրենք առավել փորձել էին սեփական խնդիրները կարգավորել, ձգտելով ստանալ ռուսական իշխանական վերնախավի աջակցությունը Շիրխանյանին Հայաստանի նախագահ, իսկ Սմբատ Այվազյանին՝ վարչապետ դարձնելու հարցերում։ «Ճիշտն ասած, վերջերս եմ դրա մասին լսել,- պատասխանեց պրն Այվազյանը։- Այսինքն, իմ պատասխանն արդեն նշանակում է, որ Մոսկվայում այդ կարգի խոսակցություններ բացարձակապես չեն եղել։ Այնտեղ առիթներ եղել են քննարկելու Հայաստանին առնչվող խնդիրներ։ Բայց դրանք զուտ Ղարաբաղի հարցի շուրջ որոշակի շրջանակների հետ հանդիպումներ էին, որտեղ քննարկել ենք, թե ինչպես ենք պատկերացնում հակամարտության լուծման տարբերակները։ Քանի որ այդ ժամանակ շատ հրատապ էր Մեղրիին առնչվող տարբերակը՝ անձամբ ես խնդիր էի համարում բացատրելը, թե ինչ է նշանակում Մեղրին Հայաստանի համար։ Նախագահի պաշտոնին առնչվող որեւէ խոսակցություն չի եղել։ Մանավանդ չեմ կարծում, որ Վահան Շիրխանյանն ինքը երբեւէ հավակնել է հանրապետության նախագահի պաշտոնին։ Եթե Շիրխանյանն այդ փուլում որեւէ մեկին տեսնում էր էլ այդ պաշտոնին հարմար՝ Արամ Սարգսյանն էր։ Իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի մասին Շիրխանյանը չի խոսել երբեք»։ Սմբատ Այվազյանը մանրամասնեց, որ Մոսկվա այդ աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ էին եղել Ռուսաստանի փոխվարչապետի հետ, քննարկել նաեւ էներգետիկային, Վանաձորի քիմկոմբինատին եւ պղնձաձուլական կոմբինատին առնչվող խնդիրներ։ Կուսակցությունների հետ քաղաքական հանդիպումներն ավելի փոքր տոկոս են կազմել քննարկված տնտեսական խնդիրների համեմատ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել