Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԱՌԱՅԺՄ ԴԱՏԻ ՉԵՆ ՏԱ

Փետրվար 28,2001 00:00

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԱՌԱՅԺՄ ԴԱՏԻ ՉԵՆ ՏԱ Պետական բարձրաստիճան այրերին դատական պատասխանատվության կանչելու գիտնականների սպառնալիքը առաջիկայում դեռ իրականություն չի դառնա։ Թեեւ ՀՀ եւ ԱԺ նախագահներն ու ՀՀ վարչապետը այդպես էլ գրավոր չեն պատասխանել մամուլում հրապարակված նրանց պահանջներին, սակայն չորս ամսվա աշխատավարձը ստանալու հույս է հայտնվել։ Երեկ այս մասին տեղեկացանք ԳԱԱ միացյալ արհկոմի նախագահ Կիմա Միքայելյանից։ Վերջինս նաեւ հիշեցրեց, որ ԳԱԱ ընդհանուր ժողովի արդյունքում ընդունված այդ պահանջների կատարման համար իրենք մինչեւ ապրիլի 1-ը ժամանակ են տվել պետական այրերին։ Աշխատավարձի պարտքը վճարելը այդ պահանջներից մեկն էր միայն։ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանից տեղեկացանք, որ առաջիկա հինգշաբթի ՀՀ կառավարությունը իր հերթական նիստի ժամանակ որոշում կընդունի այս առնչությամբ։ Այս տարվա բյուջեում կկատարվի փոփոխություն եւ կկարողանան վճարել գիտնականների 2000 թվից մնացած չորս ամսվա աշխատավարձը։ Ֆադեյ Տաճատիչը նաեւ նշեց, որ հասկանալով գիտնականների վիճակը, պետական շատ օղակներ (ԱԷԿ-ը, կապի, էներգետիկայի ու գյուղատնտեսության նախարարությունները) օգնության ձեռք են մեկնել, հաշվանցումներով փակել ԳԱԱ-ի պարտքերը։ Ըստ ԳԱԱ նախագահի, նման վերաբերմունքից գիտնականները զգացին, որ իրենք մենակ չեն։ Իսկ Կիմա Միքայելյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ երբ նախկինում նամակ կամ դիմում էին հղում պետական որեւէ պաշտոնյայի, անպայման պատասխան էին ստանում, մինչդեռ ներկայիս պաշտոնյաներից եւ ոչ մեկը չի պատասխանում գիտնականների գրավոր բողոքներին։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել