ՀԱԳՄ-Ն՝ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՇԵՄԻՆ Երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողներին ներկայացրեց մոտակա ժամանակներում միության անելիքներն ու ուղղվածությունը։ Ըստ պրն Ղազարյանի, միության խորհրդի եւ նախագահության անդամները ներկա սոցիալ- տնտեսական իրավիճակում առաջնորդվում են երկու հիմնական գաղափարներով. «Որպեսզի մենք ունենանք ավելի արդյունավետ, ավելի աշխատունակ կառույց եւ, առաջին հերթին, կարողանանք բավարարել գործարարության պահանջմունքները (հատկապես միջին զարգացող գործարարության մասին է խոսքը- Հ. Մ.)»,- ասաց միության նախագահը։ Ըստ նրա, միությունն այժմ նախապատրաստվում է հերթական համագումարին, որի ընթացքում ակնկալվում է միության աշխատակազմում ստեղծել 3 հիմնական կառույցներ։ Ըստ Ա. Ղազարյանի, նման կառույցները առաջին հերթին պետք է ունենան վերլուծական (կամ բիզնեսի լրատվության, մշակման եւ հավաքման) կենտրոն, կադրերի պատրաստման եւ վերապատրաստման կենտրոն, որտեղ գործարարների աշխատակազմի ներկայացուցիչները կկարողանան պատշաճ մակարդակով վերապատրաստվել։ Երրորդ կառույցը, պրն Ղազարյանի տվյալներով, իրավաբանական եւ հաշվապահական օգնություն իրականացնող կառույցն է։ Միության նախագահը վստահ է, որ վերոնշյալ երեք կառույցների առկայության դեպքում միությունը կդառնա մի գործուն մեխանիզմ, որտեղ ոչ միայն կհավաքվեն «նախասիրության մարդիկ», այլեւ կքննարկվեն շատ կարեւոր հարցեր։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ