Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Փետրվար 28,2001 00:00

ԼՈԲԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է ՈՒ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Երեկ ասուլիս էր հրավիրել Ալիկ Պողոսյանը։ Նույն ինքը՝ ԱԺ պատգամավոր։ Նույն ինքը՝ Լոբին։ Նույն ինքը՝ ձկնագողության մեջ մեղադրվողը։ Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արդարադատության խորհրդի անդամ Ռոբերտ Ավագյանը Լոբիին մեղադրել էր 100 տոննա ձկան ապօրինի որսի մեջ (այլ խոսքերով՝ 20 մլրդ դրամի հափշտակության մեջ)։ Պարոն Ավագյանի մեղադրանքների կիզակետում էր հայտնվել ոչ միայն Լոբին (որի անուն-ազգանունն, ի դեպ, նա չէր տվել, սակայն ասուլիսի լուսաբանման ընթացքում հայտնել էր «Հայլուրը»), այլեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը, վերջինիս աներորդին եւ այլք։ Պարոն Պողոսյանն ասուլիսի սկզբում հայտնեց, որ հանրապետության գլխավոր դատախազին դիմում-բողոք է հղել, որում պահանջում է Ռոբերտ Ավագյանին պատասխանատվության կանչել «անձս վիրավորելու եւ կեղծ փաստեր ու թվեր տարածելու, հասարակության մեջ գաղտնի տվյալներ արձակելու համար»։ Իսկ պրն Պողոսյանին ասուլիսն անցկացնելու գործում օգնող, նույն գործով մեղադրվող Կոլյա Հայրապետյանի փաստաբան Վլադիմիր Յավրումյանը պնդում էր, թե այդ մասշտաբի իրավաբանի մեղադրանքները, որում «խախտվում էր անմեղության կանխավարկածը», կարող է ընկալվել որպես «անուղղակի ճնշում նախաքննության փուլում գտնվող գործի ընթացքի վրա»։ Ըստ պրն Յավրումյանի, իրականությանը չեն համապատասխանում նաեւ պրն Ավագյանի այն պնդումները, թե քննչական մասի պետի տեղակալ Վարդան Խալաֆյանն ընթացք չի տվել գործին։ Փաստաբանը նույնիսկ «բացարձակ հայտարարեց», որ Վարդան Խալաֆյանն այս քրեական գործի հետ որեւէ կերպ չի առնչվել եւ «Որեւէ կոծկվելու մասին խոսք լինել չի կարող։ Գործն ի սկզբանե հարուցվել է Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից, քննվել է այդ դատախազությունում եւ, միայն վերջերս, պաշտպանական կողմի բացարկի հիման վրա քրեական գործի լրացուցիչ նախաքննության կատարումը հանձնարարվել է Կենտրոն, Նորք Մարաշ համայնքների դատախազությանը»։ Պրն Յավրումյանը կարծում էր, որ Ռոբերտ Ավագյանի բերած տվյալները՝ 100 տոննա ձուկ եւ 20 մլրդ դրամ, չեն բխում քրեական գործի նախաքննությունից։ Իսկ պրն Պողոսյանն ավելի հեռուն գնաց. «Այդ ուռճացված, կեղտոտ, կեղծ թվերը նրան չէին կարող տալ ոչ նորմալ իրավաբան, ոչ նորմալ գիտնական, չգիտեմ որտեղից է այդ թվերը տվել, երեւի մի հատ պատահական մոլորված ղուշբաս ա էդ թվերը ասել»։ Հարցին, թե՝ ինչո՞ւ է երկու տարվա վաղեմության գործը հիմա հնչեղություն ստացել, պրն Պողոսյանը՝ Լոբին, ենթադրեց, թե «Երեւի Բորիս Նազարյանի հետ ինքը ինչ-որ հարց է ունեցել, դրա համար»։ Ի գիտություն նշենք, որ պրն Ավագյանը դեռ նախորդ տարի ամռանն է «ՀՀ» օրաթերթում հոդված տպագրել հիշյալ գործի առնչությամբ։ Հետաքրքիր էր նաեւ պրն Պողոսյանի այն պնդումը, թե «Երբ որ իմացան, որ պետք է լինեմ ԱԺ թեկնածու, երեւի իմ ընդդիմադիրները տարածեցին այդ լուրերը, իրավաբանները սկսեցին հետապնդել ինձ ու իմ ձեռնարկությունը։ Դիմեցի «Միասնություն» դաշինքին, որ իրավաբանները կաթվածահար են անում իմ գործը, «Միասնությունը» դիմեց դատախազին, որ գործս կարճվի»։ «Միասնության» միջնորդությունից հետո գործը կարճվել է։ Հետաքրքիր է, այդ երբվանի՞ց մի խումբ պատգամավորների միջնորդությունը կարող է հիմք հանդիսանալ առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակության մեջ մեղադրվողի նկատմամբ գործը կարճելու համար։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել