Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակն ընդ ական» սկզբունքով

Փետրվար 28,2001 00:00

«Ակն ընդ ական» սկզբունքով Եթե դատարանի շենքի առջեւ մի քանի հարյուր մարդու հավաքը որակվում է ճնշում, ուրեմն առավել ուղղակի ճնշում է ամենազանգվածային լրատվամիջոցով դատավարության վերաբերյալ շուրջ 2 ժամանոց զրույց-շոուն։ «Առավոտի» այս դիտարկմանը նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանը հավելեց, թե այսպիսով նաեւ ուղղորդվում է դատավարությունը։ Վարդան Հարությունյանը մեր հասարակության համար ընդհանրապես բնորոշ համարեց «ակն ընդ ական» սկզբունքով առաջնորդվելը. «Եթե երեկ ուժեղ էին նրանք եւ ճնշում էին մեզ, ապա այսօր մե՛նք ենք ուժեղ եւ մե՛նք պիտի ճնշենք նրանց»։ Գագիկ Ջհանգիրյանի վրա, իր բնորոշմամբ, «հարձակվողների ոհմակի» առնչությամբ պրն Հարությունյանն ասաց. «Որպես մարդ նրան չեմ կարող գնահատել, բայց նա ա՛յս հասարակության կերտած դատախազն է եւ վարեց ա՛յս հասարակության արդյունք նախաքննություն։ Եվ նրան մոտենալ «ակն ընդ ական» սկզբունքով եւ ասել, թե երեկ դու էիր մեզ մորթում՝ այսօր մենք պիտի մորթենք քեզ, եւ այն էլ հեռուստատեսությամբ՝ դա համարում եմ, մեղմ ասած, ոչ վայել»։ Զրույցի ընթացքում անդրադարձանք մեկ այլ «ոհմակային հարձակման» օրինակի եւս։ Կարելի է վիճարկել կամ չվիճարկել «Միասնության» առաջնորդներին Պարույր Հայրիկյանի տված գնահատականները։ Անվիճարկելի է, որ դատը սկսելու օրը, երբ պրկված էին տուժածների եւ նրանց կողմնակիցների նյարդերը, մեղմ ասած, տեղին չէր հայտնել այդ գնահատականները։ Բայց, այնուամենայնիվ, հետեւած հակահարվածը չափազանց ուժգին էր։ Մեր այս դիտարկումների առնչությամբ էլ Վարդան Հարությունյանն ասաց. «Իհարկե, բառերի ընտրության մեջ կարելի էր լինել ավելի մեղմ, բայց, ի վերջո, հոկտեմբերի 27-ից ի վեր բոլորը կարծիքներ արտահայտել են կազմակերպիչների կամ դրանց բացակայության մասին։ Սակայն բոլորն էլ սխալ են ընկալել Հայրիկյանի հայտարարությունները։ Նաեւ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանություններում էր առկա թյուրընկալում։ Չարության կամ վրեժխնդրության հարց չի եղել երբեւէ Հայրիկյանի կամ նրա նմանների կողմից, թե այն ժամանակ նստել ենք, հիմա բոլորիդ պիտի սրիկա անվանենք եւ դատապարտենք։ Քոչարյանն ուղղակի չափի իր միավորներն ունի՝ ինչպես կվարվեր ինքը, եթե 17 տարի նստած լիներ։ Նա անպայման կհայհոյեր, կդատեր կամ չգիտեմ ինչ կաներ»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել