Լրահոս
Օրվա լրահոսը

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ օդանավակայանում, իր ռումինացի գործընկերոջը դիմավորելիս, հայտնեց

Փետրվար 28,2001 00:00

Ե՞րբ կգա «կոնկրետ խոսելու» ժամանակը Արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ օդանավակայանում, իր ռումինացի գործընկերոջը դիմավորելիս, հայտնեց, որ փետրվարին Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերը կոնկրետությամբ չեն քննարկվել: Քննարկումներն ընթացել են «կարեւորագույն սկզբունքների շուրջ, եւ համաձայնւթյուն լինելու դեպքում դրանք կարող են վերածվել մի փաստաթղթի, որը եւ կարող է հիմք ծառայել լրացուցիչ բանակցությունների»։ Արտգործնախարարի պնդմամբ, «այսօրվա դրությամբ դեռ վաղ է» կոնկրետ հարցերի շուրջ խոսել, թեպետ կարեւորագույն սկզբունքների շուրջ «դրական տեղաշարժեր կան»։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ «կարեւորագույն» հարցեր ասելով պրն Օսկանյանը նկատի ունի այն երեք առանցքային կետերը, որոնց մենք անդրադարձել էինք, այսինքն՝ Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի մեջ, Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից եւ Շուշիի բնակեցումը ադրբեջանցիներով։ ԱԳ նախարարն առայժմ ձեռնպահ մնաց կոնկրետ հարցերի շուրջ խոսել, բայց ընդհանուր մթնոլորտը, ըստ նրա «կարծես թե վատ չէ, հակառակ Բաքվում ընթացող գործընթացներին, տարբեր հայտարարություններին, մենք դեռեւս հույս ունենք, որ այն դրական մթնոլորտը, որ եղել է նախկին հանդիպմանը, կշարունակվի նաեւ առաջիկա հանդիպման ընթացքում»։ Վերջին շրջանում ինչ-որ շտապողականություն է նկատվում Ղարաբաղի հարցի հետ կապված, արդյո՞ք ինչ-որ ուժ ստիպում է արագացնել հարցի լուծումը։ «Առավոտի» հարցին պրն Օսկանյանի պատասխանը հետեւյալն էր. «Ոչ, ստիպողական ուժ չկա, բայց նաեւ ժամանակի հրամայականն է, այն իմաստով, որ ցանկալի է, իրոք, այս հարցը լուծել։ Եվ դա ոչ միայն կողմերի ցանկությունն է, այլեւ այս տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող երկրների ցանկությունն է։ Այդ աշխուժությունը դրանով ուղղակի պետք է բացատրել, որ բոլորը զգում են, որ ինչքան հարցը շուտ լուծվի, այնքան լավ բոլորի համար»։ ԵԱՀԿ գործող նախագահ Միրչա Ջոանայի այցը Երեւան, ըստ պաշտոնական տեղեկատվության, ճանաչողական բնույթի է։ Օդակայանում նրան դիմավորելուց առաջ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն էլ ասաց այդ մասին, նաեւ ասաց, որ այս այցի ընթացքում ղարաբաղյան հակամարտության հարցի հետ կապված «մանրամասների քննարկումներ չեն լինի»։ Բայց, հասկանալի է, որ ղարաբաղյան հարցը «օրակարգի վրա է»։ Ինքը՝ Միրչա Ջոանան, ասաց, որ հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին եւ շատ հետաքրքիր հարցեր են քննարկել տարածաշրջանի վերաբերյալ, նաեւ՝ ղարաբաղյան հարցի լուծման ընթացքը։ Ռումինիայի արտգործնախարարն ասաց հերթապահ նախադասություններ այն մասին, որ իրենք «դրական են ընդունել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ Փարիզում հանդիպելու պատրաստակամությունը»։ ԵԱՀԿ-ն եւ մյուս միջազգային կազմակերպությունների ղեկավարները եւս, հասկանալի է, շատ դրական են ընդունում երկու երկրների նախագահների՝ բանակցություններ վարելու պատրաստակամությունը։ Մինսկի խմբի համանախագահները եւս մասնակցելու են Փարիզում մարտի 3-ին կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, Վարդան Օսկանյանի ասելով, երկու երկրների նախագահների բանակցությունների վրա չեն ազդելու։ Երկու երկրների նախագահները համանախագահողների հետ Փարիզում չեն քննարկելու հրապարակում եղած տարբերակներից ոչ մեկը։ Իսկ թե ի՞նչ է քննարկվելու՝ ո՛չ մեր ԱԳ նախարարը, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միրչա Ջոանան կոնկրետ չասացին։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել