Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի

Փետրվար 28,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ ՄԱՐՏԻ 3-ԻՑ ՀԵՏՈ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարբեր ժամանակահատվածներում ներկայացված երեք առաջարկները՝ «Փուլային», «Փաթեթային» եւ «Ընդհանուր պետություն», Ադրբեջանի հանրությանը հասու դարձավ անցյալ շաբաթ։ Մենք՝ հայաստանցիներս այդ տարբերակների մասին սակավ տեղեկություններ ունենք եւ իշխանական ու քաղաքական շրջանակներից դուրս, որեւէ մահկանացու, տեղյակ չէ, թե, ասենք, հիշյալ տարբերակները կոնկրետ ինչով են նման իրար կամ որն է դրանց կոնցեպտուալ տարբերությունը։ Հասարակությունն այս ամենին տեղյակ է այնքանով, որքանով նախկին ընդդիմադիրները իշխանության հասնելու համար հանրահավաքներում հայտարարում էին, թե Լ.Տեր-Պետրոսյանը Ղարաբաղը ծախում է, իսկ հիմա նրանք չեն աղմկում։ Ու եթե իշխանությունները պնդում են, որ «Ընդհանուր պետությունն» անհամեմատ ավելի լավ տարբերակ է, քան նախորդները՝ հասարակությունը սկսում է հավատալ։ Տվյալ դեպքում խոսքը ոչ թե տարբերակների քննարկման, այլ քաղաքական ուժերի դիրքորոշման մասին է։ Ինչո՞ւ մի դեպքում երբեմնի արմատական ընդդիմությունը հրապարակային քննարկման առարկա էր դարձնում առաջարկվող տարբերակները, հիմա՝ ոչ։ «Ես սա անտարբերություն չեմ համարում։ Պարզապես 1997 թվականի աշնանը, երբ Լ. Տեր-Պետրոսյանը ներկայացրեց իր դիրքորոշումը այս հակամարտության լուծման տարբերակների շուրջ, հասկացանք, որ նա ԼՂՀ-ն տեսնում է ոչ այլ կերպ, քան Ադրբեջանի կազմում»,- պարզաբանեց դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նա նաեւ ավելացրեց, թե այսօր հրապարակում չկա մի առաջարկ, որին իշխանությունները կողմնակից լինեն։ Հիշեցնենք, որ նման տարբերակ կա՝ «Ընդհանուր պետություն», որը Բաքուն է մերժել։ Ա.Սարգսյանն անդրադառնալով վերոհիշյալ երեք տարբերակներին ընդգծեց, թե դրանք պետք է քննարկել միմիայն իրավական հարթության վրա։ «1988-ից ի վեր, մեր բոլոր գործողությունները համապատասխանել են ԽՍՀՄ գործող օրենքներին եւ միջազգայնորեն ընդունված սկզբունքներին։ Ավելին, ոչ ոք իրավունք չունի հենց այնպես չեղյալ համարել 1992 թվականի հանրաքվեն՝ որով ամրագրվել է ԼՂՀ-ի անկախությունը»։ Դեմկուսի նախագահը տեղեկացրեց նաեւ, թե մարտի 4-ին իրենք նախաձեռնելու են ԱԺ-ում լսումներ կազմակերպել, ուր կքննարկվեն վերոնշյալ բոլոր տարբերակները։ Ա.Սարգսյանը վստահեցրեց, թե մարտի 3-ին Փարիզում կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպման արդյունքում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի։ Այդպես է կարծում նաեւ «21-րդ դար» ԱԺԿ-ի նախագահ Դավիթ Շահնազարյանը. «Ես վստահ եմ, որ Փարիզում Ռոբերտ Քոչարյանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի։ Նա Ղարաբաղի հարցը չի լուծելու։ Նա այդ հարցում հստակ դիրքորոշում չունի, ինչպես չունի տարածաշրջանում արտաքին քաղաքականության ձեւավորված հայեցակարգ»։ Նա նաեւ պնդեց, թե Ռ.Քոչարյանն արդեն տապալել է Ղարաբաղի հարցը. այն գոյություն չունի։ Նրա ջանքերով այսօր խոսք է գնում Ադրբեջան-Հայաստան հակամարտության մասին, ինչը մեծացնում է Հայաստանին ագրեսոր ճանաչելու հավանականությունը։ Ավելին, դեռ Ստամբուլում նախագահ Քոչարյանը ստորագրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կոնկրետ փաստաթուղթ։ Իսկ «Բաքվում ծավալված քննարկումներից կարելի է եզրակացնել, որ առաջիկայում քննարկվելու է մեկ այլ՝ չորրորդ տարբերակ»,- նկատեց Դ.Շահնազարյանը։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը մեր հարցադրմանն ի պատասխան ասաց, թե տարբերակների վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը դժվար է մի քանի բառով ձեւակերպել եւ նպատակահարմար համարեց դրան մանրամասն ավելի ուշ անդրադառնալ։ Մինչ այդ, սակայն, իշխանությունը բավարարվել է միայն մամուլում տարբերակները հրապարակել՝ առանց մեկնաբանությունների։ Ընդհանուր առմամբ տպավորությունը մեկն է. իշխանամետ կուսակցությունները սպասում են, թե ի՞նչ կասի իրենց առաջնորդ Քոչարյանը՝ արդեն մարտի 3-ից հետո։ Այս հարցում ազգայնական ՀՅԴ-ն «կառուցողական» դիրքորոշում է որդեգրել։ Իշխանություններին լոյալ վերաբերող ուժերը հրապարակայնորեն չեն դատափետում վերջիններիս կեցվածքը, բայց հարցադրումներին պատասխանելիս նշում են, որ որեւէ լուծման հիմքում պետք է անպայմանորեն դրված լինի Ղարաբաղի անկախության սկզբունքը։ Ընդդիմության մի մասն էլ մնում է այն կարծիքին, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին, ուստի, օր առաջ պետք է լուծել խնդիրը՝ առանց որի երկրի տնտեսական զարգացման որեւէ հեռանկար չկա։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել