Լրահոս
Օրվա լրահոսը

Տեւական ժամանակ առաջ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը սենսացիոն հայտարարություն արեց Կայմա

Փետրվար 28,2001 00:00

ԹԱԼԱՆՎԱԾ ՎԱՐԿԵՐԸ ԿԱՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐՈ՞ՒՄ ԵՆ Տեւական ժամանակ առաջ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը սենսացիոն հայտարարություն արեց Կայմանյան կղզիներում 100-150 մլն դոլար հայկական ծագում ունեցող կապիտալի մասին եւ խոստացավ ներկայացնել ապացուցող հրապարակումներ։ Դրանից հետո «Առավոտը» պարբերաբար հիշեցնում էր նրան իր խոստման մասին։ Եվ ահա օրերս Արթուր Բաղդասարյանը մեզ ներկայացրեց 2000թ. մարտի 15-ի «Ռեսպուբլիկա Արմենիայից» մի հոդված։ Նշեց նաեւ, որ իրենց տեղեկություններով՝ նույնաբովանդակ հրապարակումներ են եղել նաեւ 2000թ. մարտին «Ֆիգարոյում» եւ 1999-ի նոյեմբերին «Վլաստ» ամսագրում, բայց դրանք չուներ ձեռքի տակ։ Դառնանք «ՌԱ»-ի հրապարակմանը։ Այստեղ մեջբերված էին որոշ գնահատականներ, ըստ որոնց՝ 1992-1998-ի ընթացքում շուրջ 2 մլրդ դոլարի չափով քրեական ծագում ունեցող գումար է ապօրինի հոսել արտասահման. «Պետական իշխանությունը, հատկապես բարեփոխումների առաջին տարիներին, ոչ միայն չէր փորձում չեզոքացնել կապիտալի արտահոսքը, այլեւ փաստորեն ձեռնարկեց այդ գործընթացի ակտիվացման մի շարք միջոցառումներ»։ Երկրից կապիտալի զանգվածային արտահոսքի համատեքստում էին մատուցվում հաջորդող տեղեկությունները։ ԿՀՎ-ն այդ ժամանակ ստուգումներ էր անցկացրել Կայմանյան կղզիների ազատ տնտեսական (օֆշորային) գոտիներում։ Եվ չնայած հոդվածում հստակ նշված չէր, որ այդ ստուգումների արդյունքում է պարզվել այս իրողությունը, այնուամենայնիվ, անմիջապես մեջբերվում էին որոշ տվյալներ, թե այդ գոտում 100-150 մլն դոլարը հայկական ծագումով կապիտալ է։ «Ռեսպուբլիկա Արմենիայի» այս հոդվածը «Օրինաց երկրի» ղեկավարին որոշակի վերլուծության տեղիք էր տվել, թե ինչպես կարող էր գոյանալ այդ ահռելի գումարը։ Եզրակացությունն այս էր՝ սա որոշ վարկերից յուրացված գումարն է։ Արթուր Բաղդասարյանն առանձնացրել էր այն վարկային ծրագրերը, որոնցում առկա յուրացման փաստեր էին պարզել նախկին եւ ներկա խորհրդարաններում գործող հանձնաժողովները. «Դա նախ եւ առաջ ՌԴ-ից ստացված դրամական եւ ապրանքային վարկն է՝ 73,7 մլն դոլար, ոռոգման համակարգին ուղղված 57 մլն դոլար վարկը, աղետի գոտու 30,8 մլն դոլար վարկը, մայրուղիների վարկային ծրագիրը՝ 31 մլն դոլար եւ ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի 57,4 մլն դոլար վարկը»։ Մեր հարցին, թե ինչի՞ վրա է հիմնված իր եզրահանգումը, որ հատկապես վարկային գումարներն են հանգրվանել օֆշորային գոտում, պրն Բաղդասարյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, սա ընդամենը ենթադրություն է։ Ուղղակի չեմ կարծում, թե այս երկրում որեւէ մեկը կարող է այլ կերպ նման մեծ գումարներ վաստակել։ Ինչո՞ւ հենց այս վարկերը, որովհետեւ սրանց վերաբերյալ եզրակացություններ կան, որ ակնհայտորեն մեծ գումարներ յուրացվել են, չկան։ Եվ եթե դրանք գումարենք իրար՝ կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար»։ Ենթադրությունները, սակայն, այսքանով չէին սպառվում. «Եվրոֆուդ ինտերնացիոնալ» կազմակերպությունը (տնօրեն՝ Ա. Մարտիրոսյան) 1998-ին կառավարության 588 որոշմամբ մասնակցել էր «Զվարթնոց» բեռնահամալիրի մրցույթին։ Վարձակալ ճանաչվելու համար բավական մեծ գումարներ էին հարկավոր։ «Եվրոֆուդը» ֆրանսիական 1 մլն 50 հազար ֆրանկով գրանցված ընկերություն է, որը զբաղվել է սննդի առեւտրով։ Եվ այդ կազմակերպությունը մրցույթում ճանաչվել էր հաղթող, որտեղ վարկային ծրագիրը կազմում էր 22,8 մլն դոլար։ Նախ, սննդի առեւտրով զբաղվող կազմակերպությունն ինչպե՞ս դարձավ բեռնահամալիրի մրցույթի հաղթող»։ Արթուր Բաղդասարյանը եւս մի փաստ մատնանշեց. «Բիլլ Հալբերդ» ամերիկյան կազմակերպությունը, որը մասնակցել է բեռնահամալիրի շինարարությանը՝ 365 օրում պիտի ավարտեր այն։ Սակայն ավարտել է 164 օր ուշ։ Տույժ ու տուգանքը պայմանագրով պիտի կազմեր օրական 7 հազար դոլար, ընդհանուր գումարը՝ շուրջ 1 մլն 148 հազար դոլար։ Բայց, ի զարմանս մեզ, այդ կազմակերպությունը հետո կառավարությանը ներկայացնում է, թե ավելին՝ 4,4 մլն դոլար էլ մենք պիտի վճարենք։ Ու դիմում Դուբլինի դատարան։ Սրանք մեծ գումարներ են, որոնց հետքերը չգիտենք եւ քաղաքական գործչի մակարդակով դժվար է բացահայտել»։ Թե միլիոնավոր դոլարների չափով այս գործարքների վերաբերյալ փաստերը որքանո՞վ կապ ունեն Կայմանյան կղզիներում շրջանառվող հայկական կապիտալի հետ՝ դժվար է ասել։ Մանավանդ որ, ազատ տնտեսական գոտում կատարվող ներդրումները խորհրդապահական բնույթ են ունենում, չեն հրապարակվում ֆիրմաների տերերի անունները։ Մի բացառությամբ՝ բացահայտվում են տվյալ անձի քրեական հետապնդման պարագայում։ Մեր հարցին, թե կարծո՞ւմ է, արդյոք, որ իշխանությունները պետք է հետամուտ լինեն պարզելու այդ գումարների առաջացման ծագումնաբանությունը՝ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Ես համոզված եմ՝ իշխանությունն ունի բավարար մեխանիզմներ, որ կարողանա հետեւողական լինել այս հարցում։ Իմ կարծիքով, պարտավո՛ր է հետեւողական լինել եւ պարզել, թե այդ գումարներն ուր են գնացել եւ այսօր ուր են գնում»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել