Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում է Խանջյանի եռանկարը

Փետրվար 27,2001 00:00

Շարունակվում է Խանջյանի եռանկարը ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Գրիգոր Խանջյանը տասնհինգ տարի շարունակ, անգամ ամենադժնդակ տարիներին շարունակում էր աշխատանքը կասկադի թանգարանային բնույթի սրահներից մեկում։ Նա իր հայտնի կտավները՝ «Հայոց գրերի գյուտը», «Ավարայրի ճակատամարտը», «Վերածնունդ», որոնց մեր հասարակայնությունը ծանոթացել էր 80-ական թվականների սկզբին, այժմ վերարտադրում էր սրահի պատի վրա՝ իբրեւ որմնանկար։ Կարելի է ասել, որ այդպիսի ծավալով որմնանկար երեւանյան նորագույն շենքերում գոյություն չուներ։ Վերջերս այցելեցի կասկադի սրահը, ուր, ի զարմանս ինձ, ականատես եղա, որ Գրիգոր Խանջյանի անավարտ գործը շարունակում է արվեստի հայտնի վարպետներից Գեղարվեստի ինստիտուտի պրոֆեսոր Հենրիկ Մամյանը։ Նա աշխատում էր միայնակ։ Իմ հետաքրքրությանն ընդառաջելով՝ Հենրիկ Մամյանը պատմեց հետեւյալը. «Այս սրահում Գրիգոր Խանջյանը սկսել եւ գրեթե ավարտին էր հասցրել «Վարդանանք» եռանկարը, ցավոք, այն չավարտվեց։ Դեռեւս պարզ չէ, թե ի՞նչ է լինելու այս սրահը. ոմանք կարծում են, թե կլինի քաղաքապետարանի ընդունելությունների սրահ, ոմանք՝ արտաքին գործերի նախարարության կամ պարգեւներ հանձնելու հանդիսավայր։ Վարպետը այս սրահում եւս միայնակ էր աշխատում։ Սրանից առաջ նա նույնատիպ գործ էր կատարել Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի պատվերով՝ Էջմիածնա վանքի վեհարանի համար։ «Հայոց գրերի գյուտը», «Ավարայրի ճակատամարտը» նկարները վեհարանում վերածվեցին գոբելենների։ Հայաստանի Կոմկուսի երբեմնի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, տեսնելով Գրիգոր Խանջյանի աշխատանքները, հայտարարել էր, թե դրանք ոչ միայն վեհարանում պետք է լինեն, այլեւ այդ գործերի հետ պետք է շփվի ժողովուրդը, որովհետեւ բոլորը չէ, որ կարող են մտնել Էջմիածնի վեհարան։ Երկար փնտրելուց հետո ընտրեցին կասկադը։ Նշանավոր գեղանկարիչն այս սրահում իր աշխատանքներին ավելացրեց երրորդ մասը՝ «Վերածնունդը»։ Մոսկվայից հրավիրվեցին վարպետներ, որոնք կասկադի շինության պատից կես մետր առաջ կանգնեցրին մի նոր պատ, որը չպետք է շփվեր հատակի հետ, հատուկ նախաներկի շերտով ծածկեցին, եւ նա սկսեց նկարել։ Կտավներից առաջինը «Գրերի գյուտն» է։ Երկրորդում՝ «Ավարայրի ճակատամարտում» մեր ազգային պատմության ամենահերոսական դրվագներից մեկն է։ Երրորդը «Վերածնունդն» է, որը ներկայացնում է Երրորդ հանրապետության ծնունդը, որի ականատեսն եղավ մեր ժողովուրդը»։ ԻՐԻՆԱ ՉԱՐՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել