Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼԸ «ԻՐԱՎՈՒՆՔ ՉԷ»

Փետրվար 27,2001 00:00

ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼԸ «ԻՐԱՎՈՒՆՔ ՉԷ» 1998թ. մարտի 14-ին Կորեայի ձոր կոչվող տարածքում սպանվեց «Մեկ» կահույքի սրահի տնօրեն Արայիկ Մխիթարյանը։ Իրավապահ մարմիններին այդ ժամանակ ինքնակամ հանձնվեցին Լեւիկ եւ Արծվիկ Ավետիսյան եղբայրները։ Արայիկի երկու եղբայրներն էլ՝ Թաթուլն ու Արմենը, ճանաչվեցին տուժող, քանի որ վիրավորվել էին հրազենից։ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում մենք եւս մասնակցեցինք ընթացած դատավարությանը, սակայն երեկ նրանք այլ բաներ ասացին վերաքննիչ դատարանում։ Թե Լեւիկը, թե Արծվիկը ասում էին, որ իրենք նախաքննության մարմնին «սուտ ցուցմունք» են տվել եւ ավելին, դա «իրենց իրավունքն է»։ Որքան տեղյակ ենք, «ակնհայտ, կեղծ ցուցմունքներ» տալը ենթադրում է քրեական պատասխանատվություն, հետեւաբար, քրեական պատասխանատվությունը իրավունք համարվել չի կարող: Երեկ տուժողների փաստաբանները նախ 33 հարց տվեցին Լեւիկին, իսկ ապա լսեցին Արծվիկի առաջին ատյանի դատարանում տված ցուցմունքները, քանի որ պնդում էր միայն դա։ Հարցուպատասխանի ժամանակ էլ պարզվեց, որ Ավետիսյան եղբայրները եղել են Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի անդամներ, եւ որ Արծվիկ Ավետիսյանն էլ աշխատել է ոչ թե կապի նախարարությունում մատակարարման բաժնի վարիչի տեղակալ, այլ՝ «անվտանգության եւ պաշտպանության տեսուչ»։ Հետաքրքիր մարտավարություն են այս պահին ընտրել ամբաստանյալները (երեկ հերթական պաշտպանին ընտրելով՝ Անժելա Հոբոսյան). նրանք պնդում են, որ Արայիկին սպանել են «նրա ախպերները» եւ, իրենք էլ խղճահարվելով Մխիթարյաններին՝ սպանությունը վերցրել են իրենց վրա։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել