Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Փետրվար 27,2001 00:00

ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ ՀՀ կառավարությունը, երկրի համար կարեւոր եւ անհետաձգելի հարց համարելով, նոյեմբերի 26-ի որոշմամբ հաստատել է Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագիրը։ Կարդալով նշված որոշումը՝ կարելի է կարծել, թե կառավարությունը եւ քաղաքապետարանն արդեն լուծել են կենսական նշանակության բոլոր առաջնահերթ խնդիրները եւ հերթը Հյուսիսային պողոտային է հասել։ Համաձայն ծրագրի՝ պողոտայի կառուցապատման աշխատանքներն իրականացնելու համար կպահանջվի 134 մլն դոլար։ Երեւանցիները կարողացել են ապրել առանց (70 տարի առաջ նախագծված) Հյուսիսային պողոտայի եւ այսուհետեւ էլ դեռ երկար ժամանակ կարող են ապրել՝ առանց զգալու դրա բացակայությունը։ Արտագաղթը դադարեցնելու եւ թշվառներին դանդաղ սովամահությունից փրկելու համար ՀՀ կառավարությունը պարտավոր է շահագրգռել գործարարներին՝ ֆինանսները ներդնելու այն բնագավառներում, որտեղ կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Հաշվելը դժվար է, թե ինչքան աշխատաժամանակ եւ միջոցներ են ծախսվել պողոտայի կառուցապատման ծրագիրը մշակելու համար, որտեղ նշված է, թե որքան ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ՝ այդ 400 մետր երկարություն եւ 21 մետր լայնություն ունեցող պողոտայի կառուցապատման համար։ Օրինակ՝ տարածքները հին ֆոնդի շինարարական աղբից մաքրելու համար կպահանջվի ծախսել 1 մլն դոլար, տարածքների բարեկարգման եւ ինժեներական ենթակառուցվածքները իրականացնելու համար՝ 5 մլն, իսկ պողոտայի ամբողջ տարածքի իրացման համար՝ 8 մլն եւ այլն։ Դժվար է ասել նաեւ, թե ովքեր են կարողացել շահագրգռել քաղաքապետարանին եւ կառավարությանը, բայց համոզված եմ, որ մեր իշխանավորները ոչ մի միջոցառում չեն ձեռնարկի՝ առանց համոզված լինելու, որ այդ ֆինանսներից անպայման կհոսի իրենց գրպանները։ Իսկ Հյուսիսային պողոտայի շինարարությունը այդ տեսակետից շատ շահութաբեր է եւ անշուշտ կգրգռի շատ-շատերի ախորժակը, որոնք կձգտեն ունենալ այդ պողոտայի վրա իրենց հյուրանոցները, բանկերը, խանութները եւ այլն։ ՄԵԼԻՔ ԽԱՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել