Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՂԲԱՇԱՏ ԹԱՂԱՄԱՍ

Փետրվար 27,2001 00:00

ԱՂԲԱՇԱՏ ԹԱՂԱՄԱՍ Էրեբունի զանգվածը դեռեւս Երեւանի վարչատարածքային մի մասն է եւ ոչ ոք պաշտոնապես այն չի անջատել մայրաքաղաքից։ Սա պաշտոնական տվյալներով, սակայն իրականում դեռեւս ոչ մի քաղաքապետ չի հիշել (եւ հիշում) նրա գոյության մասին։ Քաղաքապետի հերթական փոփոխության ժամանակ արագանում են այս թաղամասի բնակիչների սրտի զարկերը։ Սակայն՝ իզուր։ Լուսանկարում պատկերված է Էրեբունի զանգվածի Ավանեսով փողոցը։ Երբ քաղաքապետ նշանակված Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, թե «պայքարելու» է նաեւ փողոցներում կուտակված աղբակույտերի դեմ՝ թաղամասի բնակիչների սրտում հերթական անգամ հույսի շող առկայծեց։ Իհարկե, ծայրամասի ցանկացած բնակիչ լավ գիտակցում է, որ քաղաքի հետ կապված ցանկացած դրական տեղաշարժ (կամ դրա փորձ) սկսվում է կենտրոնից։ Ու ամեն անգամ Էրեբունի զանգվածի բնակիչը համբերատար սպասում է, թե երբ հերթը իրենց թաղամասին կհասնի։ Ռոբերտ Նազարյանն արդեն երկու ամիս է, ինչ գլխավորում է քաղաքի իշխանությունը, սակայն, ինչպես լուսանկարից է երեւում, այս փողոցում իշխանության տերը աղբն է։ Ցավոք, մեր ֆոտոխցիկը չարձանագրեց այն մշտական տեսարանը, երբ այս աղբանոցում անարգել սնվում են մեր եզդի բարեկամների կաթնատու կովերը։ Անշուշտ, կովերին էլ մեղադրելու չէ, ախր այս թաղամասում կանաչ տարածքներ գրեթե չկան՝ էդ խեղճ անասունները խոտի փոխարեն գոնե աղբ չուտե՞ն։ Միայն աղբով չէ հարուստ այս թաղամասը։ Վերը հիշատակված Ավանեսովի փողոցը (եւ ընդհանրապես ամբողջ Էրեբունի զանգվածի փողոցները) հիմնովին քանդված են։ Ընդհանրապես, այս փողոցով երթեւեկող մեքենաների վարորդներն ամենաքիչը կասկադյոր պետք է լինեն, որ կարողանան սահուն եւ անվնաս անցնել բոլոր փոսերի վրայով։ Քաղաքապետերը (նաեւ թաղապետերը) փոփոխվում են, իսկ աղբաշատ ու քարուքանդ թաղամասի վիճակը մնում է անփոփոխ։ Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել