Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծեծը դաստիարակության միջոց է

Փետրվար 27,2001 00:00

Ծեծը դաստիարակության միջոց է Քաղաքական գործիչների կենսագրությունն ու անգամ մեր երկրի քաղաքական հետագա զարգացումներն այլեւս կախված են հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սպանդ սարքած Նաիրի Հունանյանի հայեցողությունից եւ քաղաքական «ճաշակից»։ Ամենապաշտոնական հաղորդումն արդեն ներկայացրեց եւ ակտիվ շրջանառության մեջ դրեց Ն. Հունանյանի այն միտքը, որ իրեն ցուցմունքներ կորզելու նպատակով խոշտանգել են։ «Հոկտեմբերի 27»-ի գործով կտտանքներով ցուցմունքներ վերցնելը ճակատագրական կարող է լինել բազմաթիվ անմեղ (ու մեղավոր) մարդկանց համար։ «Ըստ Ձեզ՝ Ն. Հունանյանի ցուցմունքները խոշտանգումների միջոցո՞վ են արված, թե՞ Հունանյանի «բարի» կամքով»։ Այս հարցն ուղղեցինք պատահական անցորդներին՝ ակնկալելով, որ նրանց մի մասն արդեն ծանոթ լինելով Ն. Հունանյանի այն, այսպես ասած, գաղտնագրված ձայնագրությանը, թե իրեն խոշտանգել են եւ պահանջել ցուցմունքներ տալ մասնավորապես ՀՀ նախագահի դեմ, գոնե իր համար որոշ եզրակացություններ է արել։ Անահիտ Հակոբյան, մենեջեր- Կարծում եմ՝ կան ե՛ւ կորզված եւ ոչ կորզված ցուցմունքներ։ Առայժմ վաղ է վերջնական եզրակացություններ անել նրա ասածից։ Դավիթ Հակոբյան, մարքսիստական կուսակցության ղեկավար, բժիշկ- Խոշտանգումներին ականատես չեմ եղել, հետեւաբար չեմ կարող հաստատել կամ ժխտել նրա ասածները։ Բայց պատժի սահմանման հարցում ես իմ ուրույն կարծիքն ունեմ՝ միայն ցմահ բանտարկություն, որպեսզի նա ողջ եւ առողջ հանձնվի երրորդ իշխանությանը։ Գայանե Ղազարյան, իրավաբան- Ես համոզված եմ, որ Նաիրի Հունանյանին քննչական մեկուսարանում մատով չեն դիպել։ Արմենակ Մուրադյան- Նաիրիին ոչ մի անգամ էլ չեն խոշտանգի եւ նրան չեն ստիպի, որ Քոչարյանի դեմ ցուցմունք տա։ Ինքն էլ գիտի, որ եթե Քոչարյանի դեմ ցուցմունք տա, հաջորդ օրը ոչ ինքը, ոչ իր եղբայրը կենդանի չեն մնա, իրենց կսպանեն։ Նրանց երեւի երաշխիքներ են տվել, որ հանցագործությունն իրենց վրա վերցնեն, կենդանի կմնան։ Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել