Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 20-21-ին Եվրախորհրդի Մշակութային քաղաքականության կոմիտեում

Փետրվար 27,2001 00:00

Թուրքիային չհաջողվեց խանգարել Փետրվարի 20-21-ին Եվրախորհրդի Մշակութային քաղաքականության կոմիտեում լսվեց եւ ընդունվեց Հայաստանի մշակութային քաղաքականությանը եւ ժառանգությանը վերաբերող Ազգային զեկույցը։ Մեր պատվիրակությունն առանձնապես մեծ չէր՝ ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյան, առաջին փոխնախարար Կարեն Արիստակեսյան, Փարաջանովի թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյան եւ Եվրախորհրդում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյան։ Եվրախորհրդի նշյալ նիստից հետո սրահում բացվեց Զ. Սարգսյանի «Հայաստանում քրիստոնեական ճարտարապետության 1700 տարին» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որում հեղինակը ներկայացրել էր հայկական հուշարձանները՝ 301 թիվը՝ Էջմիածնի տաճարից մինչեւ Շուշիի սբ. Աստվածածին եկեղեցին։ Երեկվա ասուլիսում ե՛ւ Ռ. Շառոյանը, ե՛ւ Կ. Արիստակեսյանը, ե՛ւ Զ. Սարգսյանը ներկայացրին զեկույցի լսման եւ ընդունման ընթացքում Թուրքիայի պատվիրակության միջամտությունները, որոնք անընդհատ փորձում էին խոչընդոտել ընթացքին։ Ինչպես ներկայացվեց ասուլիսում, մշակութային քաղաքականության մասին զեկույցը մեծ նշանակություն ունի եվրոպական երկրներին ինտեգրվելու տեսանկյունից։ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից միայն 17-ը ունեն մշակութային քաղաքականությանը վերաբերող զեկույցներ. դրանք զարգացած մշակութային քաղաքականություն ունեցող երկրներն են։ Պարզվում է, որ անգամ Թուրքիան, որ բավական վաղ է անդամակցել Եվրախորհրդին, մինչ օրս չունի մշակույթի մասին զեկույց։ Չունեն նաեւ ԱՊՀ նախկին մի շարք երկրներ, ինչպես Վրաստանը, Ադրբեջանը եւ այլք։ Այդ պատճառով էլ շատերն էին զարմացած, որ շատ կարճ ժամանակում Հայաստանը Եվրախորհրդին անդամակցելուց հետո ձեռնամուխ եղավ եվրոպացի փորձագետների հետ համատեղ աշխատանքների շնորհիվ ներկայացնելու Ազգային զեկույցը։ Պրն Շառոյանը, պատմելով Թուրքիայի պատվիրակության ներկայացուցիչների բազմաթիվ պարզունակ միջամտությունների մասին, նշեց այն 10-12 երկրների անունները, որոնց պատվիրակությունները պաշտպանեցին Հայաստանի տեսակետները՝ ամոթանքի լուտանքներ թափելով Թուրքիայի պատվիրակության գլխին։ Թուրքիայի պատվիրակությունը հատկապես բողոքի ալիք էր բարձրացրել զեկույցում տեղ գտած պատմական ակնարկում Ցեղասպանությանը վերաբերող մեջբերումների առիթով։ Ընդ որում, եվրոպացի փորձագետներից մեկը՝ լինելով Հայաստանում, ծանոթանալով մշակութային նյութերին, ինքն էր գրավոր զեկույցում նշել Ցեղասպանության եւ մշակութային զարգացումներին դրա խոչընդոտելու մասին, երբ գլխատվեց հայ մտավորականության սերուցքը։ Թուրքիայի 6 հոգիանոց պատվիրակության բողոքները մեծ դիմադրության արժանացան եւ Ազգային զեկույցն ընդունվեց բուռն ծափահարություններով։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել