ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Կարծեմ Իսահակ Բաբելն է ասել՝ «Խնդիրը չկա, բայց թեման մնում է»։ Ադրբեջանի համար «զարաբաղյան խնդիրը» եւ «կոնֆլիկտը», իհարկե, կա։ Բայց շրջապատող եւ ավելի հեռավոր աշխարհի համար գոյություն ունի թերեւս խնդիրը, բայց ոչ՝ կոնֆլիկտը։ Կոնֆլիկտ աշխարհի համար չկա եւ ցանկացած, նույնիսկ ոչ մասնագիտական վերլուծություն ցույց կտա, որ «կոնֆլիկտ» բառը ղարաբաղյան թեմայով օգտագործվում է 100-ից 5 անգամ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շահագրգիռ տերությունների կողմից դիտարկվում է որպես կովկասյան եւ, հնարավոր է նաեւ՝ Միջին Արեւելքի աշխարհաքաղաքական կարեւոր տարր։ Այլ հարց է, որ ոչ բոլոր տերություններն են ձգտում այդ տարրի միջազգային «հաստատագրմանը», բայց այդ փոքր պետական կազմավորման դերը ավելի մեծ է, քան որոշ միջազգայնորեն ճանաչված պետությունների։ ԱՄՆ-ը «պահեստավորում» է Հայաստանը որպես ապագա ռազմավարական գործընկեր, քանի որ այն տարածաշրջանի ամենակենսունակ եւ կայացած պետությունն է։ Ամերիկացիները հասկանում են, որ առանց Ղարաբաղի Հայաստանի սահմանները անպաշտպան են մնալու՝ ո՞ւմ է պետք թույլ դաշնակիցը։ Իրանի համար ԼՂՀ-ն անվտանգության հույս է հարավ-արեւմտյան ուղղությամբ։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ուղղափառ աշխարհի հակառակորդ են հանդիսանում ոչ թե ամերիկացիները, այլ Եվրոպան։ Ավելի կոնկրետ՝ ԵԱՀԿ-ն, որի եսասիրական նկրտումները ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը փորձում են հնարավորինս չեզոքացնել։ Սակայն բոլոր շահագրգիռ տերությունները, բացառությամբ Իրանի, դեմ են առնում ղարաբաղյան խնդրի չլուծվածությանը։ Բոլորն, առանց բացառության, հասկանում են, որ խնդիրը քաղաքական դաշտում սկզբունքորեն անլուծելի է։ Հայաստանի ոչ մի ղեկավար չի համարձակվի ռազմական գործողությունների բացակայության պայմաններում հանձնել տարածքները, որոնք սոսկ տարածքներ չեն, այլ մեր հայրենիքը՝ մինչեւ Կասպիական ծով։ Արդյոք պատմության մեջ եղե՞լ է մի դեպք, երբ չավարտված պատերազմը բերում է երկարաժամկետ եւ կայուն խաղաղության։ Եվ այստեղ մի պարադոքս է ծագում՝ աշխարհաքաղաքական եւ ռազմավարական իմաստով ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը որոշ հանգամանքներում շահագրգռված են ռազմական գործողությունների վերսկսման մեջ։ Միայն այս երկու տերություններն են ի զորու գործողության մեջ դնել տարածաշրջանի ռազմավարական հենակետերը։ Ոչ Եվրոպան, ոչ Թուրքիան, ոչ Իրանը այդ հնարավորությունը չունեն։ Սակայն հիշյալ երկու տերություններին, ինչպես եւ մնացած աշխարհին (ներառյալ Թուրքիան) միանգամայն պարզ է, որ Ադրբեջանը պետք է հաշտվի Ղարաբաղի կորստի հետ։ Մնում է միջոց գտնել՝ դրանում Ադրբեջանին համոզելու։ Ամենաարդյունավետ միջոցը պատերազմն է։ Բայց մի պատերազմը մյուսին նման չէ։ Կարգավորման տվյալ գաղափարի շրջանակներում ծավալվող տվյալ պատերազմի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարները պետք է իրենց ժողովուրդներին ցույց տան ուժերի իրական դասավորությունը, իրենց ազգերի պասիոնարության եւ կազմակերպվածության մակարդակը։ Սակայն եթե հայկական ուժերին հաջողվի պահպանել այսօրվա դիրքը, ապա Ալիեւի կլանը կարող է հեռացվել իշխանությունից։ Այդ դեպքում ադրբեջանական հասարակայնությունը համոզիչ ապացույցներ չի ունենա՝ համոզվելու համար, որ այս պատերազմում հնարավոր չէ հաղթել։ Ադրբեջանը պետք է հասնի որոշակի հաջողությունների, բայց մեծ կորուստների գնով։ Այդ զոհերն այնքան մեծ են լինելու, որ Ադրբեջանի ժողովուրդը ուղղակի աղաչելու է սեփական կառավարությանը եւ ողջ աշխարհին՝ վերջ տալ պատերազմին։ Հայաստանի ղեկավարությունը նույնպես փաստարկներ է ձեռք բերում, երբ նահանջ է տեղի ունենում ճակատի որոշակի (նախօրոք նախանշված) կետերում։ Տեղի կունենա «օբյեկտիվ հանձնում»։ Արդյունքում՝ Ռուսաստանը հույս կունենա պահպանելու կոնֆլիկտայնությունը տարածաշրջանում, բայց ավելի ցածր մակարդակի վրա։ Դա թույլ կտա ՌԴ-ին կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ հայ-ադրբեջանական հակասությունների պահպանման պարագայում։ Պուտինի Բաքու կատարած այցի տապալումից հետո «ռազմական կարգավորման» գաղափարը կարող է կողքի դրվել։ Բայց Ռուսաստանն, անկասկած, պարտվելու է պատմական իմաստով։ Հայաստանը վերջնականապես անցնելու է ԱՄՆ-ի վերահսկողության տակ, եւ ամերիկացիները տարածաշրջանում կհաստատեն «համակեցության» կարծր համակարգ։ Դա կլինի «պատմության վերջը»։ Իսկ թե ինչպես է հիշյալ ծրագրին նպաստում Հայաստանի ներքին իրավիճակը՝ մեկ այլ հոդվածում, որը կհրապարակվի «Առավոտի» հաջորդ համարներից մեկում։ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ