Լրահոս
Օրվա լրահոսը

Կմուծես

Փետրվար 27,2001 00:00

ԱՊԱՑՈՒՑԻՐ, ՈՐ ՈՒՂՏ ՉԵՍ, ԱՅԼԱՊԵՍ… Կմուծես առնվազն 21.500 դրամ եւ կհամարվես իրավախախտ Այսպիսին էր պետավտոտեսչության (ՊԱՏ) գործող տրամաբանությունը, ցավոք, նաեւ դատարանում։ Ըստ այդ տրամաբանության, եթե դու երթեւեկության կանոնների խախտում չես կատարել, բայց տեսուչը պնդում է հակառակը, ապա ոչ թե նա պիտի ապացուցի, որ խախտում ես կատարել, այլ դու պիտի ապացուցես, որ չես կատարել։ Իսկ ըստ գործելակերպի, տեսուչի մերկապարանոց պնդումը բավական է, որ քեզ վարչական տույժի ենթարկեն։ Եթե դատարան ես դիմում, միայն ավելանում են տույժի գումարը գերազանցող դատական ծախսերը։ Վերաքննիչ դատարանի դատավոր Տ. Սահակյանը հայտարարեց, որ այդ է օրենքը։ Այսինքն, օրենքներով պաշտպանված վարորդը անպաշտպան է օրենքներն իրագործողների այս տրամաբանության եւ գործելակերպի պատճառով։ Խաչմերուկից մոտ 80մ հեռավորության վրա գտնվող տեսուչ Ադիլխանյանը մթնշաղի պայմաններում կանգնեցնելով վարորդ Հ. Փայտյանին, հայտարարում է, թե նա խաչմերուկն անցել է կարմիր լույսի տակ, վարորդը բացատրում է, որ ինքը խաչմերուկ մտել է կանաչ լույսի տակ։ Արձանագրություն կոչվող բլանկի վրա գրվում են այս երկու իրարամերժ բացատրությունները՝ վկաներին հատկացված տողը մնում է չլրացված։ Այսպիսով, արձանագրությունը, որպես այդպիսին, չի կայանում, խախտման փաստը չի հաստատվում, այն մնում է վիճելի։ Վեճը պետք է լուծեր վարչական տույժեր նշանակող պաշտոնյան։ Սակայն նա, առանց վեճը լուծելու, ուղղակի վարորդին որակում է իրավախախտում կատարած եւ տուգանում է 8000 դրամով։ Վարորդի եւ քաղաքացու իր իրավունքները պաշտպանելու համար Հ. Փայտյանը նախ դիմում է վերադասին, ապա առաջին ատյանի դատարան։ Անարդյունք։ Առաջինը մերժումը հիմնավորում է տույժ նշանակելուց հետո անցկացված ծառայողական հետաքննությամբ եւ հետին թվով հայտնաբերած, դատարան ներկայանալուց խուսափած վկայի բացատրությունով (վկան… ավագ տեսուչն է). երկրորդը՝ չկատարած խախտման համար վարորդի կողմից ապացույց չներկայացնելով։ Վարորդը դիմում է վերաքննիչ դատարան։ Չթողնելով, որ վարորդը իր հայցը հիմնավորի, դատավոր Տ. Սահակյանը ահազդու տոնով պահանջում է, որ նա կամ ներկայացնի ապացույց, որ խաչմերուկ մտել է կանաչ լույսի տակ, կամ ընդհանրապես չխոսի. «Ի՞նչ է, պետք է կողքը տասը հոգի կանգնի, որ վկայություն տա՞ն. օրենքը սա է, դուք պիտի ապացուցեք»։ Հետաքրքիր է, իսկ ինքը պատկերացնո՞ւմ է, թե ինչպիսին պետք է լինի չարած բանի ապացույցը։ Սրանք են տխուր փաստերը. տխուր ոչ միայն վարորդ Փայտյանի համար։ Տխուր է, որովհետեւ ոչ առաջին ատյանի, ոչ էլ վերաքննիչ դատարանում չեն ուզում տեսնել հայցի բուն առարկան. այն է, որ վարորդը բողոքարկում է ոչ թե տեսուչի գործողությունները, որը կարող է եւ սխալվել, այլ տույժ նշանակող պաշտոնյայի գործողությունները, որը տույժը պետք է նշանակեր խախտման փաստը պատշաճ կարգով ապացուցված լինելուց հետո միայն։ Տխուր է, որովհետեւ եւ ՊԱՏ-ում, եւ դատարանում հիմք են ընդունում միայն տեսուչի բացատրությունը եւ անտեսում վարորդինը. ի՞նչ է, իրենց գործընկեր տեսուչի ուսադիրները լրացուցիչ կշի՞ռ են տալիս նրա բացատրություններին։ Թե՞ ՊԱՏ-ի համար բոլոր տեսուչներն ազնիվ են, իսկ բոլոր վարորդներն՝ անազնիվ։ Հ. Փայտյանը լինելով օրինապահ քաղաքացի, ցանկանալով իր իրավացիության հարցը լուծել օրինական ճանապարհով, ցանկանալով իր ներդրումն ունենալ երկիրը իրավական դարձնելու գործում՝ դատական ծախսերի համար արդեն 13500 դրամ մուծելու գնով, իրավապահների կողմից դիտվում է որպես «սպիտակ ագռավ»։ Բայց այս «սպիտակ ագռավը» նաեւ նախադեպ է ստեղծում. նախադեպ, որն սպառնում է այս գործելակերպին։ Այդ մասին վկայում է վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» միություն դիմող վարորդների աճող քանակը։ Այդ մասին է վկայում Հ. Փայտյանի վճռականությունը՝ շարունակել պայքարը իր իրավունքների պաշտպանության համար։ Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել