Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանը եւ մարդու իրավունքները

Փետրվար 27,2001 00:00

Օսկանյանը եւ մարդու իրավունքները «Մեզ մոտ միշտ այն թյուր կարծիքն է եղել, թե մարդու իրավունքների խախտում՝ նշանակում է, երբ մարդուն չեն թողնում ազատ արտահայտվել կամ անտեղի բռնում են, խոշտանգում ու բանտարկում։ Իրականում մարդու իրավունքներն ավելի համապարփակ են՝ աշխատանքի իրավունք, բնապահպանական իրավունք եւ այլն»։ Ի՞նչ եք կարծում՝ ով կարող էր նման միտք արտահայտել՝ Վիշինսկի՞ն, Սուսլո՞վը կամ, ծայրահեղ դեպքում, Նորիկ Պետրոսյա՞նը։ Չկռահեցիք։ Այդ ձեւակերպումները պատկանում են ԱՄՆ քաղաքացի եւ, ըստ Սահմանադրության, ժողովրդավարական Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին եւ հնչել են ՄԱԿ-ի «Մարդկային զարգացման ազգային զեկույցի» շնորհանդեսին։ Մարդու իրավունքների այդ խիստ յուրահատուկ ըմբռնումը, պետք է ենթադրել, արտացոլում է իշխանության մոտեցումները խնդրին, ուստի եւ գործնական քայլերը իրականացվում են այդ մոտեցումներին համապատասխան։ Օրինակ, առեւտրականները ցույց են անում ՀԴՄ-ների դեմ, նրանց ակտիվիստներին տանում են քաղմաս, ինչը, պրն Օսկանյանի դասակարգմամբ, մարդու իրավունքների խախտում չէ։ Կամ հարցազրույց են տալիս «Առավոտին» ՀԺԿ տարածքային կազմակերպությունների ղեկավարները՝ նրանց կանչում են դատախազություն եւ մատ թափ տալիս։ Դա որեւէ կապ ունի՞ աշխատանքային կամ բնապահպանական իրավունքի հետ։ Իհարկե, ոչ։ Ուրեմն, մարդու իրավունքների խնդիր այստեղ չկա։ Այ, երբ առեւտրականները առավոտից մինչեւ գիշեր շնորհակալություն հայտնեն հայրենի կառավարությանը եւ մեծ առաջնորդին՝ իրենց երջանիկ կյանքի համար, երբ բոլորը խոսեն այնպես, որ Քոչարյանին դուր գա, երբ ոչ ոք չհամարձակվի բողոքել ապօրինի ձերբակալությունների դեմ, ահա այն ժամանակ Հայաստանը, պրն Օսկանյանի միջնորդությամբ, կդառնա քաղաքակիրթ աշխարհի անբաժանելի մասնիկ։ Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել