Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՏԱՐԵՑ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՄՔԸ

Փետրվար 27,2001 00:00

ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՏԱՐԵՑ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՄՔԸ Մինչ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը երեկ հրամանագիր էր ստորագրում «Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին», ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Սուրեն Ալեքսանյանը «Մարտի 22-ի» դատավճիռն էր հրապարակում։ Նախ 10 ամբաստանյալներ բաց թողնվեցին դատարանի դահլիճից։ Ընդ որում, արտառոց մի քայլի էլ գնաց այս դատարանը. մեղադրող Վ. Ավագյանը, ինչպես հիշում եք, միջնորդել էր Վարդան Թաշճյանին 2 տարի ազատազրկում տալ (պայմանական), իսկ դատավոր Սուրեն Ալեքսանյանը որոշեց մեղադրողից ավելի դատախազ լինել. վճռեց 3 տարի ազատազրկման դատապարտել (պայմանական) եւ ապա… բաց թողեց նրան դատարանի դահլիճից… 14 տարի ազատազրկման (որից 5-ը՝ բանտային) դատապարտվեցին Սամվել Բաբայանը, Լեւոն Միրզոյանը, Սասուն Աղաջանյանը։ 13 տարի ազատազրկման (որից 3-ը՝ բանտային) դատապարտվեց Էրիկ Փարամազյանը։ Դավիթ Ղուլյանին «բաժին ընկավ» ուժեղացված ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութն ու 10 տարին։ Խիստ ռեժիմի գաղութում 7 տարի կանցկացնի Գառնիկ Ծատրյանը։ Ամենազավեշտալին այն է, որ, փաստորեն, դատաքննության ժամանակ չհիմնավորված տեռակտը հաստատվեց։ Հաստատվեց շնորհիվ նախաքննության ժամանակ տրված ամբաստանյալների ցուցմունքների։ Դատարանը, ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ ՀՀ-ի, իր այս վճռով ցույց տվեց, որ ինքն ընդամենը կցորդն է նախաքննական մարմնի։ Եվ իզուր են առհասարակ դատարաններից ակնկալիքներ հայցվում։ Մեր ընդհանուր տպավորությունն այն է, որ մենք գործ ունենք «առաջին ատյանի դատախազությունների», «վերաքննիչ-վճռաբեկ դատախազությունների», ԼՂՀ-ում՝ «գերագույն դատախազությունների» հետ։ Եվ ցավ է նրանց «դատարան» կոչելը։ ԼՂՀ Գերագույն դատարանը չներեց անգամ իր հերոսներին եւ գնաց նրանց շնորհազրկելու ճանապարհով եւս։ Գեներալ-լեյտենանտ Ս. Բաբայանից «կվերցվի» «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչումը, բնականաբար, «Ոսկե արծիվ» շքանշանը, փոխգնդապետ Սասուն Աղաջանյանից «Մարտական խաչ» 1-ին, 2-րդ աստիճանի շքանշանները… Սամվել Բաբայանը, ինչպես ինքն էր ասել՝ մտադիր չէ բողոքարկել վերոնշյալ դատավճիռը, իսկ նրա պաշտպան Ժուդեքս Շաքարյանը գտնում է, որ պետք է բողոքարկել սույն դատավճիռը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել