Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ պատգամավոր, բայց ՀԺԿ անդամ Մանուկ Գասպարյանը նախագահ Քոչարյանին չորս հանձնարարություն էր տվել,

Փետրվար 27,2001 00:00

Նախագահը չի կատարել Մանուկ Գասպարյանի հանձնարարությունները Անկախ պատգամավոր, բայց ՀԺԿ անդամ Մանուկ Գասպարյանը նախագահ Քոչարյանին չորս հանձնարարություն էր տվել, որոնք, իր ասելով, մեկ շաբաթում կարելի էր կատարել։ Որպեսզի պատկերացնեք, թե ի՞նչ «հանձնարարություններ» են դրանք, միայն մեկը նշեմ՝ երկրի ամբողջ մաֆիան, իրենց ընտանիքների հետ, նստեցնել մեկ ինքնաթիռ եւ երկրից վտարել։ Հասկանալի է, նախագահը չի կատարել «հանձնարարությունը», եւ պատգամավոր Մանուկ Գասպարյանը պատրաստվում է մարտի 6-ին հանդես գալ հայտարարությամբ, բայց ուրախ է, որ՝ «Մենակ եմ սկսելու, առանց կուսակցության ղեկավարության»։ Իսկ ի՞նչ է պատրաստվում անել Մանուկ Գասպարյանը. «Մի տասնյակ հազար շարքային մարդկանցով, երթով, սիրուն, փողկապներով գնանք, կամաց կանգնենք Բաղրամյան փողոցում ծայրից ծայր, ասենք՝ պարոն Քոչարյան, փասա-փուսեդ հավաքիր, Ղարաբաղ վերադարձիր»։ Պրն Գասպարյանը վստահ է իր գործի հաջողության մեջ. «Եթե չգնա, ամոթ ինձ»։ Թեպետ, ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար՝ նախագահը լսի Մանուկ Գասպարյանի եւ նրա «սիրուն, փողկապավոր» ընկերների հորդորը եւ իրոք գնա։ Մանավանդ, Մանուկ Գասպարյանի ասելով՝ իր հոգսը միայն Հայաստանը չի, այլեւ՝ Ղարաբաղը։ Անկախ պատգամավորը պարզապես խնդրում է բոլոր ղարաբաղցիներին. «Խնդրում եմ, հարազատներս, ովքեր 88 թվից հետո Ղարաբաղը թողել են, եկել այստեղ, գնացեք ետ, գնացեք բոլորդ, նախագահից սկսած։ Գնացեք, շենացրեք Ղարաբաղը»։ Նրա կարծիքով, Ղարաբաղը թողած ղարաբաղցիները «կատեգորիկ սխալ են թույլ տվել։ Մեր տասնյակ հազարավոր մարդկանց թափած արյունը, մեր հողերը ետ վերադարձնելը շատ թանկ է նստել մեզ վրա»։ Ղարաբաղից պարոն Գասպարյանը սահուն անցում կատարեց այլ թեմաների։ Արաբկիրի ՀԺԿ տարածքային կազմակերպության կոնֆերանսի ժամանակ պրն Գասպարյանն ասաց. «Ամենավերեւի ղեկավարը, ՀՀ նախագահը, եթե հաշվի է նստում, ապա հիմնականում ՀԺԿ-ի հետ, ինչ-որ տեղ էլ գուցե վախի ազդեցության տակ։ Մենք հզոր ենք, ընկերներ»,- եզրափակեց Մանուկ Գասպարյանը։ Դահլիճը ծափահարեց։ Բայց ոչ ոք երբեք չգիտի, թե տվյալ պատգամավորը միտքը ուր է տանում։ Վերոհիշյալ մտքից հետո Մանուկ Գասպարյանն ասաց. «Բայց մենք մեր ատամները դեռ ցույց չենք տվել, բա որ ատամները ցույց տանք»։ Մանուկ Գասպարյանը հայտնեց նաեւ իր հերթական անձնական կարծիքը «Հոկտեմբերի 27»-ի մասին. «Եթե Կարեն Սերոբիչի կողմնակիցները կասկածելու իրավունք ունեն հարյուր տոկոսով, ապա, կներեք, Վազգեն Սարգսյանի կողմնակիցները պետք է կասկածելու առիթ ընդհանրապես չունենային, որովհետեւ քննությունը վարող զինդատախազը Վազգեն Սարգսյանի գյուղացին է, իսկ մենք գիտենք՝ ո՞վ էր Ջհանգիրյանը եւ 95 թվին ինչե՜ր է արել։ Գլխավոր դատախազ դարձրին իրենց մոտիկ հացի ընկերոջը, եղբորը բերին վարչապետ։ Այս ամենից հետո, եթե չի բացահայտվել, ումի՞ց են պահանջում հիմա։ Մենք նույն դարպասով չենք անցնում, մեր պահանջն ուրիշ է»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել