«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը ՇԱՏ ԱՆՀԱՅՏՆԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ» «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարությանը ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանն առայժմ չի ուզում գնահատական տալ, բայց առանձին երեւույթների մասին հարկ համարեց խոսել ՀԺԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության կոնֆերանսի ժամանակ։ Պարոն Դեմիրճյանին դատավարության հենց առաջին օրերից ի հայտ եկած որոշ երեւույթներ խիստ մտահոգիչ են թվում. «Վերջին հաշվով պետք է հասկանալ, որ մարդկանց վրդովմունքն արձագանք էր արված քայլերի եւ ինչ-ինչ արտահայտությունների։ Սա եւս պետք է հասկանալ։ Մենք կտրականապես դեմ ենք «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը քաղաքական նպատակներով օգտագործելուն, դա սրբապղծություն է։ Գուցե կլինեն ուժեր, որոնք կփորձեն դա անել, բայց դա բացարձակապես ՀԺԿ-ին չի կարող վերաբերել։ Միաժամանակ ոչ ոք իրավունք չունի զրկել մարդկանց իրենց անկեղծ, արդար վրդովմունքն արտահայտելու իրավունքից»։ ՀԺԿ նախագահի պաշտոնակատարը շեշտեց, որ կուսակցությունն ուշադիր կլինի եւ հետամուտ կլինի դատավարության արդարությանը. «Գուցե ոմանց պետք է, որ դատավարության շուրջ լինի անտարբերության մթնոլորտ։ Բայց դա չի լինի, որովհետեւ ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե այս երկրում ինչքան շատ բան է կախված դատավարությունից։ Հանցագործության լիարժեք բացահայտումը կարեւոր է այս պետության, այս ժողովրդի ապագայի համար»։ ՀԺԿ անդամ Սեդա Կարապետյանի ելույթը բացառապես նվիրված էր «Հոկտեմբերի 27»-ին. «Հոկտեմբերի 27»-ը իր մեջ շատ անհայտներ է պարունակում։ Կարող ենք մտածել արտաքին ուժերի ներգործության մասին, կարող ենք մտածել ներքին կլանային շահերի բախման մասին, կարող ենք մտածել պատեպատ խփվող, իրական իշխանությունը կորցնողների անասնական սարսափի գործոնի մասին։ Կարող ենք շատ եւ շատ տարբերակների մասին մտածել։ Բայց եկեք տեսնենք անժխտելի փաստերը։ Անժխտելի է, որ համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող ոճրագործությունը հնարավոր եղավ իրականացնել պառլամենտի շենքում, որը գոնե պետք է մի փոքր ավելի լավ պահպանվեր, քան մայրաքաղաքում գործող ամեն մի զվարճավայր։ Անժխտելի է, որ օրենսդիր մարմնի անվտանգության համար պատասխանատու անձինք, ի հեճուկս ժողովրդի, ավելի բարձր պաշտոնների արժանացան եւ դրանով իրավական պետության կայացման մասին բարձրագոչ հայտարարությունները վերածեցին տղայական բարբաջանքի։ Անժխտելի է, որ իշխանությունները գավառական մանրիկ խորամանկություններով աշխատում են հող նախապատրաստել «27»-ի պատասխանատվությունը այս հինգ հոգով սահմանափակելու»։ Սեդա Կարապետյանի ելույթը դահլիճը, առանց չափազանցության, լսում էր շունչը պահած։ Սեդա Կարապետյանը շարունակելով, ասաց. «Թե «Հոկտեմբերի 27»-ից հետո ինչպես նորից քաղաքական վերնախավում սկսեց ինքնամատույց անամոթության տոնավաճառը, փաստում է դեռեւս դատավարությունից 15 օր առաջ պետական հեռուստաալիքը սեփական բոստանի նման օգտագործող վերոհիշյալ անձի (Պարույր Հայրիկյան- Մ. Ե.) ակտիվացումը»։ Մայրաքաղաքի միայն Արաբկիր համայնքի համայնքապետն է ՀԺԿ անդամ։ Համայնքապետ եւ ՀԺԿ տարածքային կազմակերպության քարտուղար Ֆելիքս Յայլոյանը համայնքի եւ ներկուսակցական խնդիրների մասին խոսելուց բացի, անդրադարձավ նաեւ «Հոկտեմբերի 27»-ին. «Հոկտեմբերի 27»-ի պահանջատերը ամբողջ հայ ժողովուրդն է։ Մութ ուժերին ամեն կերպ պետք է խոչընդոտել, որ չկարողանան քաղաքական սպանությունները միայն որպես քրեական սպանություն ներկայացնել»։ Սակայն, Արաբկիրի համայնքի ՀԺԿ անդամներից շատերը գիտնականներ են եւ մտավորականներ եւ իրենց ելույթներում առաջարկներ էին անում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխման մասին։ Ռոբերտ Հակոբյանն, օրինակ, խոսեց նաեւ Ղարաբաղի հարցի մասին. «Ղարաբաղը չի ծախվել, եւ հնարավոր չէ ծախել։ Ժողովրդի մեջ ահագնանում են հազար ու մի հնարավոր եւ անհնարին վարկածներ, իսկ կուսակցությունը լռում է, թեկուզ եւ կարող էր պահանջել ազգի կոլեգիալ ամենաբարձր ատյանում քննարկում»։ Իր ամփոփիչ խոսքում կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ասաց, թե կուսակցությունը չի լռում. «Անպայման կխոսենք, անկասկած կխոսենք, եւ ձեզ հետ քննարկելով, այն բանից հետո, երբ մենք պաշտոնապես կստանանք այն տարբերակը, որի շուրջ գնում են բանակցությունները»։ Վերջում մի քանի «մանդատային» հարցեր. ՀԺԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության կոնֆերանսի 137 պատվիրակներից 118-ը բարձրագույն կրթություն ուներ, գիտությունների դոկտոր էր 3 պատվիրակ, թեկնածու՝ 5-ը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ