Լրահոս
Օրվա լրահոսը

Այս է Ադրբեջանի տեսակետը

Փետրվար 27,2001 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» Այս է Ադրբեջանի տեսակետը Անցյալ շաբաթ Ադրբեջանի Միլի մեջլիսում բուռն քննարկում էր ծավալվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած երեք տարբերակների շուրջ։ Ինչպես Ադրբեջանի քաղաքական դիտորդներն են գնահատում, աննախադեպ երեւույթ էր, երբ որեւէ հարցի շուրջ համաձայնություն էր ձեւավորվել իշխանությունների եւ ընդդիմության միջեւ։ Նախագահ Ալիեւն ու Ադրբեջանի ընդդիմությունը համակարծիք էին, որ Մինսկի խմբի առաջարկած որեւէ տարբերակ չի համապատասխանում Ադրբեջանի ազգային շահերին։ Ադրբեջանի «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» փորձագետ, իսկ նախկինում Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Արիֆ Յունուսովը վստահեցրեց, թե Ղարաբաղի կարգավիճակի հարցն այնքան էլ էական չէ։ «Մեծ հաշվով դա տեխնիկական հարց է։ Ադրբեջանի կազմում, ի դեմս Նախիջեւանի, արդեն կա մեկ ինքնավար հանրապետություն եւ տվյալ դեպքում դրանց թիվը մեկով պակաս, մեկով ավել՝ ոչինչ չի փոխում։ Գլխավորն այն է, որ վստահություն չկա. ադրբեջանցիները չեն վստահում հայերին, հայերը չեն վստահում ադրբեջանցիներին։ Այս պայմաններում կողմերից որեւէ մեկը ինչ էլ առաջարկի՝ միեւնույն է չի ընկալվելու։ Ադրբեջանցիները վստահ չեն, որ հայերն իրենց ուզածին հասնելուց հետո դարձյալ պատերազմ չեն սկսի։ Նման երաշխիք չկա։ Նույնը հայկական կողմին է վերաբերում։ Փոխադարձ վստահության եւ համապատասխան երաշխիքների առկայության դեպքում, կոնկրետ ես որեւէ խնդիր չեմ տեսնում, եթե ԼՂ-ն դառնա անգամ ինքնավար հանրապետություն՝ բավական մեծ լիազորություններով։ Սկզբունքորեն աշխարհում նման օրինակներ կան»։ Մեր այն հարցին, թե արդյոք «Ընդհանուր պետության» տարբերակն ընդունելի կլինե՞ր, եթե փոխադարձ վստահություն լիներ, պարոն Յունուսովը պարզաբանեց. «Փուլային եւ փաթեթային տարբերակների դեպքում՝ հնարավոր է, բայց երրորդ՝ «Ընդհանուր պետության» պարագայում՝ ոչ»։ Ըստ նրա, վերջինս էականորեն տարբերվում է նախորդ երկու առաջարկներից։ «Բանն այն է, որ այդ դեպքում Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը, ըստ էության, ներկայանում են իբրեւ կոնֆեդերատիվ պետություններ՝ օժտված հավասար իրավունքներով եւ հանդիսանալով միջազգային իրավունքի առանձին սուբյեկտներ»։ Ա.Յունուսովը կարծիք հայտնեց, որ այսօր ԼՂ-ն թեեւ դե ֆակտո ադրբեջանական իշխանությունների ազդեցությունից դուրս է, բայց դե յուրե նման իրավունք չունի։ Նա մտավախություն հայտնեց, թե «Ընդհանուր պետության» տարբերակի ընդունման պարագայում հայերը ստանում են նաեւ իրավական հնարավորություն՝ երբեւէ ընդհանուր պետությունից անջատվելու իմաստով։ «Այսօր դուք կարող եք ձեզ անվանել ինչպես ուզում եք, բայց քանի դեռ Ադրբեջանը պաշտոնապես չի ճանաչել ԼՂՀ-ն, վերջինս երբեք անկախություն չի ստանա։ Մինչդեռ «Ընդհանուր պետության» տարբերակը հայկական կողմին նման իրավական հիմք է տալիս։ Բացի այդ, վերջին տարբերակը պարարտ հող է նոր հակամարտությունների համար»։ Առաջարկված երեք տարբերակները մերժելուն զուգահեռ ի՞նչ է առաջարկում Ադրբեջանի ընդդիմությունը։ «Ընդդիմությունն էլ տարբեր մոտեցումներ ունի այս հարցի առնչությամբ։ Մեծամասնությունն ընդհանրապես այս տարբերակներից որեւէ մեկը չի ընդունում։ Իշխանություններն ու իշխանամերձ կուսակցությունները համաձայն են երկրորդ՝ փուլային տարբերակին։ Արմատական ընդդիմությունն առաջարկում է որեւէ տարբերակ ընդհանրապես չքննարկել եւ կարծիք է հայտնում, թե խնդրի լուծման միակ ճանապարհը ռազմական գործողությունների վերսկսումն է։ Իհարկե, ոմանք այս առաջարկն անընդունելի են համարում՝ միաժամանակ վստահեցնելով, թե առանց արյան Հայաստանի դեմ տնտեսական պատերազմն ավելի շահավետ կարող է լինել Ադրբեջանի համար։ Հենց այս ճանապարհով են ներկայումս լուծվում նաեւ աշխարհաքաղաքական հարցերը։ Այս համատեքստում, ըստ էության, կարող է լուծվել նաեւ Ղարաբաղի խնդիրը։ Տնտեսական իմաստով Հայաստանը պատերազմը տանուլ է տալիս։ Ես անցյալ տարի Երեւանում էի, ու շոկի մեջ էի նրանից՝ ինչ տեսա։ Բաքուն եւ Երեւանն անհամեմատելի են։ Տարբերությունն ահռելի է։ Ես տեսա, թե ինչ պայմաններում են մարդիկ ապրում։ Նրանց եւ ադրբեջանցիների կենսամակարդակն անհամեմատելի է։ Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը կոռումպացված է, երբ իշխանությունները ռացիոնալ չեն օգտագործում ռեսուրսները։ Այդ է պատճառը, որ առաջարկվում է սառեցնել հակամարտությունն ու սպասել»։ Ըստ Ա.Յունուսովի, Ադրբեջանի մոտեցումն այս է՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Միայն այդ դեպքում քննարկումներ կլինեն կարգավիճակի շուրջ։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել