Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա՝ ով չի հիշում անցյալը, դատապարտված է այն վերապրել»:

Փետրվար 24,2001 00:00

Ի՞ՆՉ ԵՐԿԻՐ ԵՆՔ ԹՈՂՆԵԼՈՒ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ «Նա՝ ով չի հիշում անցյալը, դատապարտված է այն վերապրել»: Ջ. Սանտայանա Անկախության տասը տարիների ընթացքում հայ ժողովուրդը վերապրեց իր ողջ պատմությունը։ Մենք ճաշակեցինք միասնության ուժն ու հաղթանակի ուրախությունը, իշխանական անպատասխանատվության կործանարարությունն ու ազգային արժանապատվության վեհությունը։ Մենք զգացինք նաեւ, թե ինչպես կարող ենք ձեռնածուներ դառնալ մեր բարեկամների եւ հատկապես ոսոխների ձեռքին։ Ի՞նչ երկիր եւ ինչպիսի՞ հասարակություն ենք թողնելու մեր սերունդներին, որոնք մի քանի տասնամյակ հետո կարող են կրկին հայտնվել «անցումային փուլում»։ Ըստ իս, մոտակա մի քանի տարիները մեզ կմատուցվեն հետեւյալ իրողություններով. 1. Ազատագրված հողերի հանձնում Ադրբեջանին։ 2. ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին պայմանագրի կնքում եւ Ղարաբաղի հայաթափում։ 3. Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ, հնարավոր է նաեւ, խաղաղության ու բարիդրացիության մասին պայմանագրի կնքում։ 4. Ջավախքի հայաթափում եւ բնակեցում այլ ժողովուրդներով։ 5. Ռուսական ռազմական բազայի լուծարում եւ Հայաստանից ռուսական զորքերի, այդ թվում՝ նաեւ սահմանապահների, դուրսբերում։ 6. Բարդ տեխնոլոգիական եւ գիտատար արտադրության (օպտիկա, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա, սարքաշինություն, մեքենաշինություն եւ այլն) լիկվիդացում։ 7. ԱԷԿ-ի շահագործումից դուրս բերում եւ ապամոնտաժում։ 8. Ռուսական գազի ներկրման պայմանների խստացում եւ վերադարձ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներին։ 9. Ակադեմիական գիտության ոչնչացում եւ վերջինիս վերադարձ բուհեր։ 10. Բանակի 5-10-ապատիկ կրճատում։ Վերոհիշյալ կանխատեսումների մի մասը պայմանավորված է հայաստանյան իշխանությունների ստանձնած պարտավորություններով։ Մյուս մասը կարող է լինել այդ պարտավորությունների կատարման ուղղակի հետեւանք։ Երրորդը (4,6,9 կետեր)՝ փաստարկվում է այսօր արդեն սկսված գործընթացներով։ Պատերազմում հաղթանակ տանելով հանդերձ՝ մենք պատրաստ չէինք հաղթահարել անցումային փուլի շատ վտանգավոր խոչընդոտներ եւ թույլ տվեցինք (երբեմն նաեւ ինքներս մղեցինք), որ նոր պայմաններում դեռեւս չձեւավորված հասարակության ներսում արմատավորվեն ատելությունը, թշնամանքը, ծախվածությունը, մորթապաշտությունը եւ այլն։ Ունենալով երկու նախագահ, ավելի քան 150 նախարար, ավելի քան կես հազար պատգամավոր, եւ սրան ավելացրած՝ աշխարհի ամենահարուստներից մեկը համարվող Սփյուռք, չկարողացանք տասը տարիների ընթացքում ժողովրդի համար ապահովել սոցիալական փոքր-ինչ տանելի պայմաններ, ստեղծել երկրի պետական կառավարման համակարգ, որի հիմքում կլիներ ներքին եւ արտաքին քաղաքականության իրականացման հստակ ծրագիր։ Այս ֆոնի վրա հայտնվեցին առանձին մարդիկ, որոնք կասկածի տակ առան Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի արժեքը։ Արժույթի միջազգային հիմնադրամի պարտադրած բարեփոխումները հանգեցրին ոչ միայն արդյունաբերության քայքայմանը, այլեւ ոչնչացրին երկրի արտադրական համակարգը, գիտությունը կանգնեցրին փակուղու առաջ։ Այս ամենի ուղղակի հետեւանքը եղավ չտեսնված չափերի հասնող արտագաղթը։ Ազգաբնակչության կեսը լքեց պատերազմում հաղթանակ տարած իր Հայրենիքը։ Պետությունների միջեւ ծագած խնդիրները բոլոր ժամանակներում լուծվել են կամ զենքով, կամ ոսկով, կամ այս երկուսի համադրմամբ։ Հազարամյակների ընթացքում մարդկությունը որեւէ այլ բան չի կարողացել հնարել։ Այսօր մենք մեր կաշվի վրա ենք զգում, թե ինչպես են հարուստներն ու ուժեղները հարցեր լուծում աղքատ եւ թույլ երկրների հետ. մեկ՝ մտրակով, մեկ՝ քաղցրաբլիթով՝ «նպատակ ունենալով նրանց կցել եվրոպական քաղաքակրթությանը»։ Բայց, չգիտես ինչու, այդ դերը ստանձնել է ոչ այնքան Եվրոպան, որքան ԱՄՆ-ը։ Ուրեմն, նոր աշխարհակարգի գլխավոր «շինարար» ԱՄՆ-ը Ղարաբաղի հարցի լուծումից հետո ո՞ր արժեքներին է կցելու Հայաստանին՝ եվրոպակա՞ն, թե՞ թուրքական։ ԱՄՆ-ը գործելու է ելնելով իր ազգային շահերից, ուստի նախապատվությունը տրվելու է վերջինին։ Այս աղետալի իրականության պայմաններում հայ ժողովրդի մեծ զավակներ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը չէին կարող երկիրն ու ժողովրդին փրկելու համար չմտնել մեծ քաղաքականություն։ 3-4 ամիսների համառ աշխատանքի ընթացքում արդեն վեր էին հանվել խորը ճգնաժամի գլխավոր պատճառները եւ նախանշվել էին դրանից դուրս գալու ուղիները։ Բայց «Հոկտեմբերի 27»-ը երկիրը նետեց անդունդ, եւ մենք վերստին հայտնվեցինք վերջնագծի եզրին՝ պատմության կրկնության սպասումով։ Ես պատմաբան չեմ եւ չեմ վիճարկում վարվող քաղաքականության կշռադատվածությունն ու հեռանկարայնությունը։ Բայց ես հստակ գիտեմ՝ ինչպե՞ս եւ ինչո՞ւ մենք հաղթեցինք պատերազմում եւ տանուլ տվեցինք տնտեսության բնագավառում։ ԱՄՀ-ի հետ ճանապարհ անցնելը նշանակում է՝ գնալ դեպի անէություն, իսկ ԱՄՆ-ի քաղաքական խնամակալությունը Հայաստանին մղում է Թուրքիայի տնտեսական ազդեցության ոլորտ։ Պատմությունը եւս մեկ անգամ գալու է ապացուցելու, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ ռազմավարական գործընկերությունն այլընտրանք չունի։ Ղարաբաղյան պատերազմում եւ անկախ պետության կառուցման ճանապարհին զոհված տղաների լեյտմոտիվը երկիրն ապագա սերունդներին հնարավորինս քիչ հիմնախնդիրներով թողնելն է եղել, իսկ կստացվի՞… ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել