Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ

Փետրվար 24,2001 00:00

Օրենսդրական շիլա-փլավ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքը կարծես նպատակ ունի խառնելու ամեն ինչ, վերացնելու իրավապահ կոչված ուսադիրավորների գործողությունների բոլոր սահմանափակումները, նրանց կամայականությունների համար ստեղծելու անծիր հնարավորություններ։ Նույնիսկ թեթեւակի վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօրվա դատաիրավական համակարգի հակամարդկային էությունը եւ գործունեության «ամեն ինչ գնվում եւ վաճառվում է» սկզբունքի կենսունակությունն առավելապես պայմանավորված են նաեւ գործող քրեական դատավարության օրենսգրքով։ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 190-րդ հոդվածը (քննչական ենթակայություն) հստակորեն սահմանազատում է նախաքննության իրավունք ունեցող մարմինների ենթակայության գործերը՝ սահմանելով քրօրենսգրքի որ հոդվածներով նախատեսված հանցագործությունների նախաքննությունը պետք է կատարվի դատախազության քննիչների, որը՝ ազգային անվտանգության եւ ՆԳ քննիչների կողմից։ Թվում է, այս հոդվածն առավելագույն պարզություն է մտցնում մինչդատական վարույթում։ Սակայն այս պարզությունը հետագայում առոչինչ է դարձվել։ Որպես կանոն, քրեական գործի վարույթը սկսվում է հանցագործության մասին հաղորդում ստանալուց եւ ըստ պատշաճի այն գրանցելուց հետո։ Քրդատօրենսգիրքը որեւէ ձեւով չի սահմանափակում հետաքննության եւ նախաքննության մարմինների կողմից հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը։ Այլ կերպ ասած՝ օրինակ, Գեղարքունիքի մարզում կատարված հանցագործության մասին հաղորդումը կարող է ընդունվել Լոռու, Արագածոտնի կամ ցանկացած այլ մարզի ե՛ւ հետաքննության, ե՛ւ նախաքննության մարմնի կողմից։ Հաղորդումն ստանալուց հետո քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող անձն իրավունք ունի հանցագործության մասին հաղորդումը, առանց գործ հարուցելու, հանձնել ըստ ենթակայության, միայն տվյալ շրջանի սահմաններից դուրս կատարված հանցագործությանը վերաբերող դեպքում, երբ քրեական գործի հարուցման մասին հարցի լուծման համար հանցանքի կատարման վայրում անհրաժեշտ է կատարել ստուգողական գործողություններ։ Ստացվում է, եթե Լոռու մարզի հետաքննության կամ նախաքննության մարմինը Գեղարքունիքի մարզում կատարված հանցագործության մասին հաղորդում ստանա, ապա կարող է զբաղվել կատարված հանցագործության բացահայտումով, քանի որ ինքը պարտավոր չէ (իրավունք ունի) հաղորդումն ուղարկել Գեղարքունիքի մարզ, առավել եւս, եթե գտնի, որ քրեական գործ հարուցելու համար հանցանքի կատարման վայրում ստուգողական գործողություններ կատարելու անհրաժեշտություն չկա։ Հիմք ընդունելով նույն օրենսգրքի 180-րդ հոդվածը՝ ստացած հաղորդումը պետք է քննարկվի եւ լուծվի անհապաղ՝ ընդունելով 181-րդ հոդվածի պահանջած երեք որոշումներից (քրեական գործ հարուցելու մասին, քրգործ հարուցելը մերժելու մասին, հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին) որեւէ մեկը։ Նկատի ունենալով, որ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին որոշումը ոչ միայն պարտադրված չէ, այլեւ ինչ-որ տեղ կարող է հակասել հաղորդումն ստացողի անձնական շահերին (գործն է փող բերում), սովորաբար, որոշում են քրեական գործ հարուցել եւ անհապաղ ձեռնամուխ լինել նախաքննությանը։ Այլ կերպ ասած՝ ըստ քրեական դատավարության նոր օրենսգրքի, մեր հանրապետության ցանկացած շրջանի հետաքննիչ կամ քննիչ՝ հետաքննիչ ու քննիչ է ողջ հանրապետության համար եւ առանց վարչատարածքային որեւէ սահմանափակման կարող է հետաքննչական կամ քննչական գործողություն իրականացնել ցանկացած վայրում, ցանկացած անձի նկատմամբ։ Դրան է նպաստում նաեւ 175-րդ հոդվածի կողմից քրեական գործ հարուցելու պարտադրանքը։ ՆԳ նախարարության տխրահռչակ 6-րդ վարչությունը, որի աշխատակիցներն անպատժելի են ու ամենակարող, քաջ գիտեն, որ դատարանները (դատավորները) արդեն «գենետիկ» վախ զգալով, դատավճռի տեսքով կօրինականացնեն իրենց ցանկացած անօրինականություն։ Քրեական դատավարության օրենսգրքի այս վիճակը նախաքննական մարմիններին հնարավորություն է ընձեռում նաեւ լայնորեն եւ ըստ անհրաժեշտության կատարել իշխողների պատվերները եւ նրանց շահերին կպչող ցանկացած անձի «շնորհել» հանցագործ կոչումը եւ դատապարտյալի կարգավիճակ։ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել