Մարդու իրավունքները Հայաստանում Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացավ 2000թ. «Մարդկային զարգացման ազգային զեկույցի» շնորհանդեսը։ Հիշեցնենք, որ սա թվով 6-րդն էր (ՄԶԱԶ-ը Հայաստանում պատրաստվում է 1995-ից) եւ կրում էր «Մարդու իրավունքները եւ մարդկային զարգացումը. գործողություն հանուն առաջընթացի» խորագիրը։ Բավականին ծավալուն եւ պատկառազդու, Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտները, տնտեսության զարգացման անբավարար վիճակի հետեւանքով առաջացած տարբեր սոցիալական եւ իրավական խնդիրների ողջ ներկապնակն ընդգրկող այս զեկույցը պատրաստվել է մի խումբ անկախ փորձագետների կողմից՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ եւ նախագահի աշխատակազմի հետ համատեղ։ Այս տարի ՄԶԱԶ-ի հեղինակային խմբի մեջ առաջին անգամ ներգրավվել են նաեւ հասարակական կազմակերպություններ։ Ըստ հեղինակների՝ թեմայի ընտրությունը (մարդու իրավունքներ) պայմանավորված էր մարդու իրավունքների ազգային հայեցակարգի եւ գործողությունների ծրագրի բացակայությամբ եւ էլի մի շարք պատճառներով, այդ թվում՝ նաեւ այն պատճառով, որ ՀՀ-ի անդամակցությունը Եվրախորհրդին արդիական է դարձրել մարդու իրավունքներին ավելի լրջորեն մոտենալը։ Զեկույցը ներկայացրեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԶԱԶ-ի մշտական ներկայացուցիչ Կատիցա Չեկալովիչը, որը ներկաներին զգուշացրեց՝ չակնկալել, թե զեկույցում պիտի լինեն մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերը, որոնք արձանագրվել են Հայաստանում։ Զեկույցի նպատակը բոլորովին այլ է՝ վեր հանել եղած խնդիրները՝ մարդու իրավունքների եւ մարդկային զարգացման տեսանկյունից։ Իր ծանրակշիռ կարծիքն այս զեկույցի մասին արտահայտեց նաեւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը մեծ գոհունակություն հայտնեց այն առումով, որ զեկույցը տարածվելու է նաեւ դպրոցներում՝ նպատակ ունենալով մատաղ սերնդի մեջ սերմանել մարդու իրավունքների կրթությունը. «Մենք պետք է գիտակցենք մեր իրավունքները, որպեսզի կարողանանք պաշտպանել դրանք։ Ժողովուրդն էլ պետք է կրթված լինի մարդու իրավունքների առումով, որպեսզի իշխանություններից պահանջի պաշտպանել այդ իրավունքները»։ Այսքանից հետո պրն Օսկանյանը մի այնպիսի ցնցող միտք արտահայտեց, որը, եթե նույնիսկ լեզվի սայթաքումների բնագավառից էր, անհրաժեշտ է հիշել ֆրոյդյան տեսությունը, այստեղից բխող բոլոր հետեւանքներով։ Ահա այդ դարակազմիկ միտքը. «Մեզ մոտ միշտ այն թյուր կարծիքն է եղել, թե մարդու իրավունքների խախտում՝ նշանակում է, երբ մարդկանց չեն թողնում ազատ արտահայտվել կամ անտեղի բռնում են, խոշտանգում են ու բանտարկում»։ Ըստ պրն Օսկանյանի, մարդու իրավունքներն ավելի համապարփակ են՝ աշխատանքի իրավունք, բնապահպանական իրավունք եւ այլն։ Պրն Օսկանյանը սկզբում «թափանցիկ», ապա բառացի ասաց, թե մարդու իրավունքները նաեւ արտաքին քաղաքականության համար է կարեւոր խնդիր՝ «տարածշրջանում ժողովրդավարական հասարակարգ ստեղծելու համար»։ Իսկ մարդու իրավունքների մեծագույն ջատագով Պարույր Հայրիկյանն իր յոթ երգն էլ երգեց օմբուդսմենի ինստիտուտը Հայաստանում կայացնելու մասին, եւ միայն 8-րդ երգում անդրադարձավ երկքաղաքացիությանը, 9-րդում՝ սոցիալական իրավունքներին, 10-րդում՝ մեկուսարաններում գտնվողների իրավունքներին եւ 11-րդում՝ իրենց հանձնաժողովի բյուջեին։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ