Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր այն հայրենակիցները, որոնք այստեղ աշխատանք, ապրուստի միջոց չեն գտնում, կարծում են, թե արտասահմանն

Փետրվար 24,2001 00:00

«ՈՒՍՏԻ ԿՈՒԳԱ՞Ս, ՂԱՐԻԲ ՄԻԳՐԱՆՏ» Մեր այն հայրենակիցները, որոնք այստեղ աշխատանք, ապրուստի միջոց չեն գտնում, կարծում են, թե արտասահմաններում եւ հատկապես Արեւմտյան Եվրոպայում իրենց գրկաբաց սպասում են։ Այսպես կարծելով՝ նրանք օգտագործում են հնարավոր բոլոր ճանապարհները՝ հասնելու իրենց երազանքի գերմանիաներն ու հոլանդիաները։ Սակայն մեծ թվով անօրինական միգրանտներ ընդունող երկրների իշխանությունները մտահոգված են նրանց վերադարձի կազմակերպման խնդիրներով։ Այդ երկրների իշխանությունները հենց առիթն էլ որոնում են այդ հարցերը քննարկելու այն երկրների իշխանությունների հետ, որտեղից հատկապես մեծ է անօրինական միգրանտների հոսքը։ Անցնող շաբաթվա ընթացքում, Միգրացիայի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ, Հոլանդիայի, Բելգիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի ներկայացուցիչները Թբիլիսիում հանդիպեցին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի իշխանավորների հետ։ Ի տարբերություն միգրացիային նվիրված նախորդ խորհրդաժողովների, որոնց մասնակիցները սովորաբար եղել են Եվրոպայի, ԱՊՀ գրեթե բոլոր երկրները, այս հանդիպման մասնակիցների ցանկը փոքրացել, իսկ օրակարգի հարցերը քչացել են։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը։ Վերջինիցս փորձեցինք տեղեկանալ, թե Հայաստանն ինչպես է դիմագրավում բազմաթիվ անօրինական միգրանտներ ընդունող երկրների դժգոհությանը։ Պրն Եգանյանը հայտնեց, որ հանդիպման քննարկման հարցին թե մեկ, թե մյուս կողմը նայում են միեւնույն տեսանկյունից. մեր երկրի քաղաքացի հանդիսացող ապօրինի միգրանտների բռնի արտաքսումը հարցի վերջնական լուծումը չի կարող լինել։ Եթե մարդուն վերադարձնում են իր երկիրը, որտեղ նա ադապտացման, ռեինտեգրման պայմաններ չի գտնում, վաղ թե ուշ կվերադառնա այն երկիրը, որտեղից իրեն արտաքսել են։ Շատ հազվադեպ է պատահում, որ ուրիշ երկիր են տեղափոխվում. մի քանի տարի մի տեղ ապրելով, մարդը քիչ թե շատ ծանոթանում, հարմարվում է տեղի պայմաններին։ Եվ եթե վերադարձի օրինական ճանապարհները փակվում են, մարդիկ գտնում են դրանք շրջանցելու ձեւերը։ Գերմանիան, օրինակ, 1997-ին 1500 ՀՀ քաղաքացի է արտաքսել։ 1999-ին պարզվել է, որ նրանց 90%-ը նորից ապօրինի կերպով հայտնվել է Եվրոպայում, վերջիններիս 90%-ը՝ նույն Գերմանիայում։ Այնպես որ, խնդիրը քննարկելիս այստեղի սոցիալ-տնտեսական պայմանները հաշվի չառնել հնարավոր չէ։ Մեր պատվիրակությունը թբիլիսյան հանդիպմանը փորձել է, մենք կասեինք, խորամանկություն բանեցնել։ Արեւմտյան Եվրոպայի վերոնշյալ երկրները, միեւնույն է, գումարներ են ծախսում ապօրինի միգրանտների թեկուզեւ ճամբարների անմարդկային պայմաններում պահելու, սոցիալական զանազան նպաստներ տրամադրելու, նրանց քաղաքացիություն կամ փախստականի կարգավիճակ ստանալու դիմում-խնդրանքները քննելու, հաճախ մերժելու եւ, ի վերջո, այդ մարդկանց իրենց երկրները տեղափոխելու վրա։ Մեր պատվիրակությունն առաջարկել է վերադարձնելու պայմանով գումարներ տրամադրել՝ արտաքսվող յուրաքանչյուր մարդու այստեղ ադապտացման, այսինքն, իր մասնագիտությամբ սեփական գործը բացելու, հարկային օրենսդրության, ձեռնարկությունների գրանցման, կանոնադրության մշակման ուսուցման համար ծախսելու։ Դրանից հետո մարդիկ ունակ կլինեն սեփական գործի ծրագիր կազմել-ներկայացնելու։ Սեփական գործ հիմնելը վարկ ստանալ է ենթադրում, վերջինս էլ է ակնկալվում ստանալ վերոնշյալ եվրոպական երկրներից։ Պրն Եգանյանը պնդում է, որ այս դեպքում մարդկանց հենց վարկ եւ ոչ թե գրանտ պետք է տրամադրել, քանի որ գումարը վերադարձնելու պարտավորվածությունը այն ստացողին ազատում է անլիարժեքության բարդույթից։ Գաղափարներից մեկն էլ եղել է Հայաստանի ձեռնարկատերերի միջեւ տենդեր հայտարարել՝ ասենք, որոշակի թվով որոշակի նվազագույն աշխատավարձով վերադարձողների համար աշխատատեղեր բացել։ Այդ դեպքում գումարը կտրամադրվի այդ ձեռնարկատերերին։ Գումարը կարելի է տեխնոլոգիաներով փոխարինել եւ այլն։ Փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ մեկ այլ հարցում. տեղեկատվություն տարածել (կամ եղածին ավելացնել) այն մասին, թե իրականում ինչքան դժվար, գրեթե անհնար է այստեղի մարդկանց համար ինտեգրվել եվրոպական աշխատաշուկային։ Բացի այդ, անհրաժեշտ է նաեւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում միգրանտ ընդունած երկրի հետ ինֆորմացիա փոխանակել։ Որպեսզի չստացվի, որ մարդուն փախստականի կարգավիճակը մերժվի այն պատճառով, որ նա հայ է։ Մինչդեռ վերջինս Շվեյցարիա մազապուրծ հասել է Աբխազիայից։ Հանդիպմանը այս հարցերի շուրջ ստորագրվել է «Արձանագրություն մտադրությունների մասին»։ Սակայն, իհարկե, այս մտադրությունները շարունակական բնույթ են ենթադրում, որոնց՝ իրականանալ-չիրականանալը կարձանագրվի հաջորդ հանդիպումներին։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել