Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ Ադրբեջանի Միլի մեջլիսում խորհրդարանականները քննարկել են ղարաբաղյան հակամարտության լուծման երբեւ

Փետրվար 24,2001 00:00

Ադրբեջանի նախագահն ու ընդդիմությունը համակարծիք են Երեկ Ադրբեջանի Միլի մեջլիսում խորհրդարանականները քննարկել են ղարաբաղյան հակամարտության լուծման երբեւէ առաջարկված 3 տարբերակները։ Նախօրեին, սակայն, Ադրբեջանի շուրջ 40 ընդդիմադիր կուսակցություններ քննարկելով ադրբեջանական մամուլում հրապարակված հիշյալ տարբերակները, հայտարարել էին, թե դրանցից որեւէ մեկը չի համապատասխանում Ադրբեջանի ազգային շահերին, ուստի անիմաստ է դրանք նույնիսկ քննարկել։ Ադրբեջանի ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, ի նշան բողոքի, որոշում էին ընդունել չմասնակցել խորհրդարանում տեղի ունենալիք քննարկումներին։ Քննարկումներ, այնուամենայնիվ, տեղի են ունեցել, իհարկե, առանց ընդդիմության ներկայացուցիչների։ Ընդդիմությունը հայտարարել է, որ եթե խորհրդարանը որոշում ընդունի հիշյալ տարբերակներից որեւէ մեկն ընդունելու օգտին, ապա ընդդիմությունն իրեն իրավունք կվերապահի համապատասխան քայլեր ձեռնարկել ընդդեմ իշխանությունների։ Ըստ «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» փորձագետ Արիֆ Յունուսովի, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն, ի զարմանս ընդդիմադիր ուժերի, այս անգամ չափազանց հանդուրժողականորեն եւ ըմբռնումով է վերաբերվել ընդդիմության այս որոշմանը։ Նա մասնավորապես ասել է, թե ժամանակն է միմյանց քննադատելու փոխարեն լրջորեն քննարկել բոլոր տարբերակները՝ հաշվի առնելով հարցի լրջությունը։ Ավելին, նա դիմել է ընդդիմությանը՝ «Խնդրեմ, եթե դուք ունեք այլընտրանքային տարբերակներ, կարող եմ օժանդակել հանդիպել Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ եւ ներկայացնել դրանք։ Առաջարկեք՝ ինչ ուզում եք։ Ուզո՞ւմ եք պատերազմ վարել՝ խնդրեմ, ես դրան էլ եմ պատրաստ, բայց քննարկումները բոյկոտելու փոխարեն որեւէ տարբերակ առաջարկեք»։ «Առաջին անգամ նախագահ Ալիեւը դիմեց ընդդիմությանը՝ առաջարկելով համագործակցել եւ Մինսկի խմբին առաջարկել համատեղ մշակված տարբերակ։ Ոչ մի քննադատություն եւ ոչ մի հայհոյանք՝ ընդդիմության հասցեին չեղավ,- ընդգծեց Ա.Յունուսովը։- Նա համաձայնեց, որ տարբերակներից որեւէ մեկը չի համապատասխանում Ադրբեջանի ազգային շահերին։ Շատ թե քիչ ընդունելի տարբերակը կարող էր փուլայինը լինել, մյուս բոլոր դեպքերում եւ առավել եւս ընդհանուր պետության տարբերակը բացարձակապես ընդունելի չեն Ադրբեջանի համար»։ Հ.Ալիեւն իր ելույթում միաժամանակ նշել է նաեւ, թե պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ ԼՂ-ին մշակութային ինքնավարություն առաջարկելն անհեռանկարային է։ «1923 թվականին նրանք ունեին ինքնավար մարզ, բայց պատերազմ սկսեցին եւ արյուն հեղվեց։ Ինքնավարություն առաջարկելն այս դեպքում լուրջ չէ։ Հարկավոր է որեւէ այլ բան առաջարկել՝ ելնելով իրողությունից»,- ասել է Հ.Ալիեւը։ «Ալիեւը հասկանում է նաեւ, որ եթե այսօր պայմանագիր կնքի առաջարկված որեւէ տարբերակի եւ մասնավորապես ընդհանուր պետության վերաբերյալ, ոչ մի երաշխիք չկա, որ ինքը կամ իր հաջորդը չեն արժանանա Լ.Տեր-Պետրոսյանի ճակատագրին»։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել