Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որքան

Փետրվար 24,2001 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՁԱԽՈՂԵԼՈՒ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Որքան էլ որոշ դետալներով տարբեր լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք առաջարկները («Փուլային», «Փաթեթային», «Ընդհանուր պետություն»), դրանք պարունակում են հետեւյալ սկզբունքային կետերը. 1. Ղարաբաղին չի շնորհվում անկախ պետության կարգավիճակ, 2. Հայկական զինված ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս գտնվող բոլոր շրջաններից (այդ թվում՝ Լաչինից եւ Քելբաջարից), 3. Շուշին վերաբնակեցվում է ազերիներով: Այդպիսին է լինելու նաեւ ԵԱՀԿ 4-րդ, 5-րդ կամ 10-րդ առաջարկությունը։ Ամեն մի առաջարկի վերաբերյալ կողմերն անում են իրենց վերապահումները: Օրինակ, 97-ին հայկական կողմը պահանջեց հանել այն կետը, որում Ղարաբաղը նշվում է որպես Ադրբեջանի մաս: Հաստատ կան երկուստեք բազմաթիվ այլ վերապահումներ երեք նախագծերի վերաբերյալ: Այդ իմաստով նախագահ Քոչարյանը իրավացի է՝ հրապարակված փաստաթղթերը հարցի պատմությունն են: Հենց այդ պատմությանն էլ կցանկանայի անդրադառնալ եւս մի փաստաթղթով։ Ինչպես հայտնի է, 1998-ի իշխանափոխության պատրվակը ղարաբաղյան հիմնահարցն էր: Իշխանության «ղարաբաղյան թեւը» դժգոհ էր Մինսկի խմբի հերթական առաջարկներից եւ քարոզչություն էր ծավալում, թե Տեր-Պետրոսյանը «ծախում է Ղարաբաղը» եւ «պարտվողական քաղաքականություն է վարում»: Անվտանգության խորհրդի «պատմական» նիստից հետո Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Սամվել Բաբայանին առաջարկվել էր ներկայացնել պայմանագրի այնպիսի մի նախագիծ, որը կհամապատասխաներ փոխզիջման մասին իրենց պատկերացումներին: 1998-ի հունվարի երկրորդ կեսին այդպիսի մի նախագիծ ներկայացվեց (բնականաբար, ռուսերեն): Փաստաթղթի առաջին կետով ազդարարվում է, որ «ԼՂՀ-ն մշտապես չեզոք պետություն է՝ միջազգային իրավունքի սուբյեկտ»: Հաջորդ կետում՝ «ԼՂՀ տարածքն ու սահմանները ցույց են տրված քարտեզում»: Այդ քարտեզով ԼՂՀ-ի մեջ մտնում էին նախկին ԼՂԻՄ-ը, գումարած Լաչինի եւ Քելբաջարի շրջանները: Մեկ այլ կետում՝ «ԼՂՀ իրավասությունները կարող են սահմանափակվել միայն միջազգային իրավունքի սկզբունքներով եւ նորմերով եւ միջազգային պայմանագրերով»: Ըստ նախագծի, «ԼՂՀ անվտանգությունն ու իրավակարգը ապահովվում են ոստիկանության, պետական անվտանգության եւ Պաշտպանության բանակի ուժերով, որոնք կունենան ինքնապաշտպանության համար բավարար ներուժ»: Փաստաթղթում շատ հետաքրքիր կետ կա ծովի հետ կապված. «ԼՂՀ-ն՝ որպես ծովային ելք չունեցող պետություն, իրավունք ունի ծովային մուտքի եւ ելքի՝ իրականացնելու համար այն իրավունքները, որոնք վերաբերում են բաց ծովի ազատությանը եւ մարդկության համընդհանուր ժառանգությանը… Այդ նպատակով ԼՂՀ-ն օգտվում է տրանզիտի ազատությունից, բոլոր տրանսպորտային միջոցներից՝ հարեւան պետությունների տարածքով»: Բազմիցս նշված «հորիզոնական կապերը» փաստաթղթում արտահայտվում են հետեւյալ կերպ. «Ադրբեջանական հանրապետության եւ ԼՂՀ-ի միջեւ հաստատվում են գործընկերության հատուկ հարաբերություններ, որոնք ուղղված են սերտ համագործակցության՝ քաղաքականության, տնտեսության, մշակույթի եւ բնական միջավայրի պաշտպանության ոլորտներում»: Ստեղծվում է Գործընկերության եւ համագործակցության խորհուրդ՝ նախարարների մակարդակով, որի նիստերն անց են կացվում հերթականությամբ Ադրբեջանում եւ ԼՂՀ-ում: Ահա այդպիսի մաքսիմալիստական նախագիծ էին ներկայացրել 98-ի սկզբին «ղարաբաղյան թեւի» իշխանավորները՝ հատուկ նշելով, որ դրանից պակաս կարգավիճակի իրենք համաձայն չեն: Եթե փորձենք դա համեմատել ԵԱՀԿ Մինսկի խմբի որեւէ առաջարկի հետ (այդ թվում՝ նաեւ «Ընդհանուր պետության», որը Քոչարյանը համաձայնել է ընդունել որպես բանակցությունների հիմք), ապա սար ու ձորի տարբերությունն ակներեւ է: Բնական է, երբ դու իշխանություն ես, քեզ չես կարող թույլ տալ այն «պատանեկան մաքսիմալիզմը», որն օգտագործում ես իշխանական աթոռ նվաճելու համար: Սակայն այստեղ կա ավելի խորքային պրոբլեմ. Քոչարյանը չէր պատրաստվում եւ այսօր էլ չի պատրաստվում որեւէ ձեւով լուծել ղարաբաղյան խնդիրը՝ չնայած, նա շատ լավ հասկանում է, որ առանց այդ խնդրի լուծման՝ Հայաստանը դուրս չի գա իր այսօրվա թշվառ վիճակից: Բայց, ինչպես ցույց տվեց վերջին երեք տարին, ներկայիս նախագահի համար չկա որեւէ ազգային կամ բարոյական խնդիր, որը նա ավելի կարեւոր նկատեր, քան սեփական իշխանության ամրապնդումը: Ուստի նա չուներ եւ չունի ժողովրդին, հասարակությանը եւ քաղաքական ուժերին դառը ճշմարտությունն ասելու արիությունը՝ այն է, որ ղարաբաղյան հարցի ցանկացած փոխզիջումային լուծում, ԵԱՀԿ ցանկացած առաջարկ պարունակելու է վերոհիշյալ երեք (հնարավոր է՝ բազմաթիվ այլ) մեզ համար տհաճ կետեր: Ընդունել նման լուծում, ստորագրել ցանկացած նման փաստաթուղթ, շեղվել առաջվա մաքսիմալիստական պահանջներից՝ Քոչարյանի համար նշանակում է առնվազն թուլացնել իր իշխանությունը՝ առանց այդ էլ ցածր վարկանիշ ունենալով, նա կդառնա հասարակական բուռն քննադատության թիրախ: Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ, ասենք, Դաշնակցությունը շուռ կգա 180 աստիճանով եւ կսկսի գովերգել այն փաստաթուղթը, որի համար ցույցեր էր անում, քննադատներ, միեւնույն է, կգտնվեն: Կգտնվեն նաեւ մարդիկ, որոնք կշահարկեն այդ հարցը, կսկսեն խոսել «ծախելու» մասին՝ ճիշտ այնպես, ինչպես Քոչարյանն էր այն շահարկում՝ վարչապետ եղած ժամանակ եւ նախագահ դառնալու «ախորժակով»: Նախագահին մնում է միայն մի բան՝ իր պետության եւ ժողովրդի բարօրության հաշվին անվերջ ձգձգել այդ հարցը: Ուստի նա (գուցե՝ Ալիեւի օգնությամբ) կձախողի բանակցությունների նաեւ այս փուլը: Իհարկե, ասվելու է, որ «գրանցվել է որոշակի առաջընթաց» եւ նույնիսկ՝ որ «կողմերը մոտ են հարցի լուծմանը» կամ «կա սկզբունքորեն համաձայնեցված տարբերակ», բայց այդ ամենը բլեֆ է լինելու: Իսկ թե որքան է կարգավորումը ձգձգելու Քոչարյանի «ռեսուրսը», դա արդեն այլ հարց է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել