ՀԱՄՈՒՅԹԸ ՓՈՐՁԱՍԵՆՅԱԿ ՉՈՒՆԻ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր համույթն այսօր մեծ խնդրի առջեւ է կանգնած, ինչի պատճառով խաթարվել է նրա ստեղծագործական աշխատանքը։ Համույթի գեղարվեստական ղեկավար Հենրի Մանգասարյանի խոսքերով, փորձասենյակներ չունենալու պատճառով՝ անելանելի վիճակում են հայտնվել։ «Ֆիլհարմոնիկ փոքր դահլիճից դուրս գալուց հետո հարմարվեցինք Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստատան տրամադրած՝ փորձեր անելու համար շատ անհարմար սենյակներում, սակայն այսօր դա էլ չունենք»,- դժգոհում է Հ. Մանգասարյանը։ Գլխավոր փոստի տնօրինությունը փոխվել է։ Նոր տնօրենը չի կամենում թարմացնել հին պայմանագրերը ու վարձակալման այնպիսի գին է առաջարկել (ամսական 700-800 դոլար), որը համույթը չկարողանալով վճարել, զրկվել է այդ փորձասենյակներից։ Եվ այսօր ստեղծվել է այնպիսի վիճակ, որ համույթը համբերատար սպասում է տրանսպորտի ու կապի նախարարության եւ մշակույթի, երիտասարդության հարցերի ու սպորտի նախարարության փոխհամաձայնությանը, որպեսզի կարողանա փոստում փորձեր անցկացնել։ Իսկ մինչ այդ փոխհամաձայնությունը կլինի, խումբն այսօր փորձեր է անում Երեւանի Գեղագիտական կենտրոնում։ Այստեղ նրանց սենյակներ են տրամադրել, որտեղ պարապում են շաբաթական 4-5 ժամ, ինչը, Հ. Մանգասարյանի խոսքերով, շատ քիչ է արդյունավետ աշխատանքի համար. պետք է օրական 4-5 ժամ պարապել։ Առջեւում Թաթուլ Ալթունյանի 100-ամյակն է, ինչը համույթը ցանկանում է մեծ շուքով նշել, սակայն, այսօր նույնիսկ սովորական փորձեր անելու հնարավորություն չունի։ Գեղարվեստական ղեկավարը նաեւ դժգոհեց, որ «բոլոր կառավարական, հոբելյանական համերգներին ակտիվ մասնակցած համույթը անհասկանալի պատճառներով այժմ ընդգրկված չէ Քրիստոնեության 1700-ամյակի միջոցառումների ծրագրում»։ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ