Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերը հնուց ի վեր բնակություն էին հաստատում Սերբիայում, որպես «քաղաքի ժողովուրդ»։ Սակայն փախստականն

Փետրվար 23,2001 00:00

Սերբիայի իշխանությունները հուսադրում են հայերի՛ն Հայերը հնուց ի վեր բնակություն էին հաստատում Սերբիայում, որպես «քաղաքի ժողովուրդ»։ Սակայն փախստականների մի զգալի ալիք ժամանել է 1915 թվից հետո։ Այդպիսով, Բելգրադում, երկու աշխարհամարտերի միջեւ ընկած ժամանակամիջոցում, առաջացել է հայկական համայնքը, որը ունեցել է իր «Տունը»՝ Բելգրադի հին կենտրոնում։ Հայերը սրտաբաց էին ընդունվել սերբ բնակչության կողմից, եւ արդյունքում բազմաթիվ հայ ընտանիքներ եւ ողջ մնացած անհատներ ոտքի կանգնեցին, ժամանակի ընթացքում դառնալով հայտնի, ունեւոր վաճառականներ։ Մյուս կողմից, որոշ հայ ընտանիքներ ընդունել էին սերբական սովորույթներ, հյուրընկալ սերբերին պատասխանելու նման հյուրընկալությամբ։ Հաճախացել էին խառը ամուսնությունները։ Հայերը նույնիսկ սկսեցին նշել Սլավան կոչվող սերբական ընտանեկան տոնը՝ սերբերի ուղղափառ ավանդույթների ոգով։ Այդպիսի մերձեցման անխուսափելի հետեւանքներից էր ձուլումը։ Ուստի Բելգրադի աչքի ընկնող հայ գործիչները որոշեցին ստեղծել իրենց ազգային միությունը եւ կառուցել հավաքավայր՝ իրենց «Տունը»։ Այդ նպատակով էլ գնեցին հողատարածք եւ կառուցեցին շենք։ Կոմունիստների իշխանության գալով, աշխարհահռչակ մարշալ Տիտոյի ղեկավարությամբ, սկսվեց հաշվեհարդար ունեւոր «բուրժույների» դասակարգի նկատմամբ։ Բազմաթիվ հայ ընտանիքների ունեցվածքը բռնագրավվել եւ ազգայնացվել էր, ինչում հայերը կիսեցին սերբերի ճակատագիրը։ Այդ հարվածի տակ ընկավ նաեւ հայկական համայնքը, որը լուծարվեց եւ որին պատկանող «Տունը» պետականացվեց, դարձավ «ժողովրդի» սեփականությունը եւ, վերջիվերջո, քանդվեց։ Այդ պատճառով, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դժվար էր խոսել հայկական համայնքի մասին։ Բացի հիշողություններից եւ առանձին պահպանված հայ ընտանիքների եւ նրանց ազգակցական կապերից, հայերը երկար ժամանակ ազգային միություն չէին, այդ բառի բուն իմաստով։ Մասնավորապես, երբ Բալկաններում սկսեցին ծլել հին եւ ձեւավորվել նոր էթնիկական խմբեր եւ փոքրամասնություններ։ 1995թ. Բելգրադում կրկին հիմնվեց հայկական համայնքը, որը իր գործունեության սկզբից իսկ հանդիպեց խոչընդոտների։ Սկզբում ոստիկանությունը, որտեղ պետք է գրանցվեն նման միությունները, հրաժարվեց ճանաչել իրավահաջորդությունը, նախկինում՝ երկու աշխարհամարտերի միջեւ եղածի հետ։ Տարածքի հարցը նույնպես չէր լուծվում… Նույնիսկ դժվար էր հասնել պատասխանատու պաշտոնյաներին։ Միլոշեւիչի «բոլշեւիկյան» ռեժիմի անկումը եւ դեմոկրատական ուժերի հաղթանակը ներկայիս Հարավսլավիայի նախագահ Վոիսլավ Կոշտունիցայի ղեկավարությամբ, նոր հույս ներշնչեց հայկական համայնքի ներկայացուցիչներին։ Դրա լավագույն ապացույցը Բելգրադի փոխքաղաքապետի՝ Դրագան Յոչիչի կողմից հայկական համայնքի պատվիրակության ընդունումն էր պարոն Մաստիլովիչի ղեկավարությամբ եւ տեղում հայկական «Տան» հողատարածքի վրա արգելանք դնելը, մինչեւ ապազգայնացման օրենքի ընդունումը, որով ազգայնացված սեփականությունը վերադարձվելու է նախկին տերերին։ Այդ եւ այլ օժանդակություններ՝ հօգուտ հայկական համայնքի եւ նրա նորմալ գործունեության, ինչ խոսք, հուսադրում են համայնքի հետագա բեղմնավոր գործունեությանը։ ԱՐՄԵՆ ՕՍԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել