ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼՑՎՈՒՄ Է ԱՌՆԵՏՆԵՐՈՎ Քոչարյանին հաջողվում է Հայաստանը դարձնել առնետաբուծական ֆերմա «Լեւոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց Հայաստանը դարձնել առնետաբուծական ֆերմա»: Վազգեն Մանուկյան, 5-ը փետրվարի 1998թ. 1998թվի իշխանափոխությունից հետո սոցիալական ալիքի վրա օրըստօրե հասունացող պոռթկումները մեղմելու նպատակով հանրային եւ որոշ մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք իրենց իշխանամետության աստիճանով ոչնչով չեն զիջում Ազգայինին, ի լուր հանրության՝ Հայաստանը դասում են ամենաբարգավաճող երկրների թվին եւ կոչ են անում «մի քիչ էլ համբերեք, լավ է լինելու»: Ու՞մ են ուղղված այս կոչերը: Բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի «կուսակցության» անդամներին, այսինքն՝ ժողովրդի այն մասին, որը դեռեւս չի լքել Հայաստանը, որովհետեւ գումար չունի, մոտ ապագայում չի էլ ունենալու: Ինչպե՞ս են գոյատեւում Քոչարյանի «կուսակցության» ավելի թշվառ վիճակում գտնվող անդամները: Ինչո՞վ են զբաղված կուսակցությունների առաջնորդները: Հայտնի է, որ «հաջողակ» քաղաքական գործիչ են դառնում այն անկայուն մարդիկ, ովքեր առավել եսամոլ են, հարմարվող, մոլորեցնող, կաշառող ու կաշառվող: Այս տիպի մարդիկ ընտրություն կատարելով արդարացի գործողությունների, պաշտոնի հասնելու կամ պաշտոնը պահպանելու միջեւ, որպես կանոն ընտրում են վերջին երկուսը: Եթե հաշվենք որքան կուսակցականներ եւ անկուսակցականներ են ներկայացված Հայոց Խորհրդարանում, իսկույն կպարզենք քանի անսկզբունքային քաղաքական գործիչ է ասպարեզում մնացել: «Սկզբունքային» դաշնակցականներն ու ԱԺՄ-ականները եւ ոչ միայն նրանք, պետք է նկատեին, որ երկրում առնվազն երկու քաղբանտարկյալ կա՝ Աշոտ Բլեյան, Արկադի Վարդանյան, որ մի օրաթերթի խմբագրի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դատավճիռ կայացվեց: Հետո ինչ, որ ՀՌԱԿ-ից Ռուբեն Միրզախանյանը գտնում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ ԶԼՄ-ներն ազատ ու անկախ են: «Սկզբունքայինները» պետք է որ արձագանքեին այն փաստի առնչությամբ, որ իշխող վարչախումբը իրեն հավերժ ենթարկվող չինովնիկների անմիջական օգնությամբ հանրահավաքներ է արգելում ու կազմակերպում, քաղաքական խաղերի, հետապնդումների, հաշվեհարդարների արդյունքում հաճախ քրեական գործեր է ստեղծում: Եթե այս «սկզբունքայինները» արդեն համարում են, որ երկրում հաստատված դիկտատուրան հարգանքի է արժանի, գոնե պիտի ապացուցեն, թե հայրենի՞քն ինչ օգուտ է քաղում այս ամենից: Առանց հապաղելու կգոչեն, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն է օրվա հրամայականը: Բայց ի՞նչ մի մեծ բարդություն է երբեմնի սառնասիրտ գերտերությունների համար խաղալ իրենց ստանձնած դերը, իսկ ապագայում ավելի խոշոր գերխնդիրներ լուծել, օրինակ՝ ԼՂՀ հիմնախնդրի ադրբեջանանպաստ լուծումը: Եթե գերտերությունները առաքելություն ունեն վճռորոշ դեր խաղալ փոքր պետությունների ճակատագրերում, ապա մեր տիպի երկրների համար միջազգային հեղինակությունից օգտվելու համար անհրաժեշտություն էլ չկա հզոր լինելու: Հայաստանյան իշխանությունները միջազգային հանրությանը Հայաստանը կներկայացնեն ժողովրդավարական, իրավական, տնտեսական բարեփոխումների առաջընթաց ապրող հանրապետություն, համապատասխան հասարակական կարծիք ձեւավորելով սեփական ազգաբնակչության շրջանում, կթաքցնեն իրենց զգաստ ցինիզմը ու սխալները որպես նվաճում կարձանագրեն: Ո՞վ չի հասկանում, որ թույլ պետության նախագահի լեգիտիմության հարցը ճանաչողները կամ չճանաչողները մեծ տերություններն են, որոնք էլ տարբեր աշխարհաքաղաքական պատճառներով մի ընտրություն կարող են լեգիտիմ անվանել, մյուսը՝ ոչ: Այդ իսկ պատճառով հզոր պետությունների կողմից կայացրած ու ապագայում կայացվելիք որոշումների դեմ ընդվզելու հնարավորությունից մեր իշխանությունները զրկված են, քանի որ օրվա իշխանությունը պահելու մեկ խնդիր ունեն: Ի՞նչ է մնում անել մեր պետական այրերին՝ չինովնիկները կքծնեն ու կկաշառեն փոխնախարարներին, փոխնախարարները՝ նախարարներին, նախարարներն ու կուսակցապետերը՝ վարչապետին ու նախագահին: Կուսակցությունների ղեկավարների համար այնքան էլ դժվար չէ քաղաքական պատվերներ կատարել՝ հաճախակի ասուլիսներ հրավիրել եւ անպայման քարկոծել նախորդ իշխանությանը: Գործող վարչախմբին ենթարկվող խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական /ԻՄ, ՀԴԿ, ՀՌԱԿ/ կուսակցությունների առաջնորդները այս իշխանության շնորհիվ գտել են իրենց սեփական «ես»-ը, իսկ այժմ մռայլ վճռականության ու հարմարվողականության շրջան է: Ահա թե ինչպես է պատահում, որ մեր հասարակության համար աննկատելի իշխում ու ղեկավարում են այդ նույն հասարակության պակաս լուսավորյալ ներկայացուցիչները: Ամենեւին էլ չսխալվեց ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, երբ 1998 թվի իշխանափոխության հաջորդ օրը հրավիրած ասուլիսում նկատեց, որ. «Լեւոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց Հայաստանը դարձնել առնետաբուծական ֆերմա», մի բան, որ Քոչարյանին շատ կարճ ժամկետում հաջողվեց: Սակայն, կոպտորեն սխալվեց Վազգեն Մանուկյանը, երբ նույն ասուլիսում հայտարարեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը ժողովրդավարության հաղթանակ էր եւ մեզ պայծառ ապագա է սպասվում»: …Որքան համբերենք, ավելի վատ է լինելու: ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցություն