Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան էլ զարմանալի է, այս գործում վիճող երկու կողմերն էլ տուժող են։Երբ 1989թ. Բաքվից փախստական, մի շ

Փետրվար 23,2001 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ԶՈՐԵՂ, ԹԵ՞ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ Որքան էլ զարմանալի է, այս գործում վիճող երկու կողմերն էլ տուժող են։Երբ 1989թ. Բաքվից փախստական, մի շարք գյուտերի հեղինակ, վաստակաշատ էներգետիկ Ռոբերտ Գրիգորյանը Մոսկվայում կամ Երեւանում վերաբնակվելու խնդիրը լուծելիս նախընտրեց Երեւանը, մտքով չէր կարող անցկացնել, թե տարիներ հետո ընտանյոք ինչ փորձությունների առջեւ է կանգնելու, որն էլ դառնալու է նրա մահվան պատճառը։ Անարդարության զոհը՝ Ռոբերտ Գրիգորյանը, մահկանացուն կնքեց 1999թ. հոկտեմբերի 2-ին (հանկարծամահ եղավ սրտի կաթվածից)՝ անհաղորդ մնալով հերթական դատավճռին։ Իսկ պատմությունը սկսվել էր այսպես։ 1991թ. սեպտեմբերին բնակվելով բարեկամի տանը՝ Արամի փողոցի 23 հասցեում, վերակառուցեց 4 պատից բաղկացած փլատակը, որը չուներ ոչ ծածկ, ոչ հատակ, ոչ դուռ ու պատուհան, անցկացրեց սանհանգույց, կառուցեց պատշգամբ։ Ու բարեխղճորեն սկսեց մուծել 2 բնակարանների վարձը։ 1993թ. ԲՇՏ-ն դիմում է նախկին Սպանդարյանի շրջանի դատախազին՝ փախստական բնակիչներին վտարելու մասին սանկցիա ստանալու համար, սակայն մերժվում է։ Հակառակ ՀՀ կառավարության 1992թ. նոյեմբերի 18-ի թիվ 588 որոշման (որով պաշտպանվում էր փախստականների իրավունքները. չվտարել նրանց ապօրինի ձեւով զբաղեցրած տարածքից մինչեւ նոր բնակարան տրամադրելը եւ այդ տարածքի նկատմամբ որեւէ որոշում չկայացնել՝ ուրիշի տրամադրելու նպատակով), քաղխորհուրդը 03.03.95թ. թիվ 7/4 որոշմամբ Արամի 23 տանը (ներառած Գրիգորյանների զբաղեցրածը) փորձասենյակներ է տրամադրում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» կազմակերպությանը։ Կնքվում են համապատասխան պայմանագրեր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ԲՏԱ վարչության եւ «Երեւան» պետական ձեռնարկության միջեւ։ Սպանդարյանի նախկին շրջ-գործկոմը քաղխորհրդի որոշման հիման վրա հայց է ներկայացնում ժողդատարան՝ փախստականներին վտարելու մասին։ Դատարանը մերժում է հայցը եւ թույլատրում փախստականներին բնակվել եւ մուծել վարձերը։ Այս հիմքով Ռ. Գրիգորյանը 1997թ. դիմում է Սպանդարյանի ժողդատարան։ Վերջինս նրան ճանաչում է 2 սենյակի վարձակալ եւ սեփականաշնորհելու որոշում կայացնում։ Այսպիսով, Գրիգորյանները դառնում են Արամի 23 տան 7-րդ բնակարանի սեփականատերերը։ 1997թ. սեպտեմբերի 7-ին Ռ. Գրիգորյանը ստանում է ՀՀ սեփականության մասին վկայականը՝ բնակարանի հատակագծով։ Սակայն նրանց անհոգ կյանքը կարճ է տեւում, մինչեւ 1999-ի ապրիլյան այն օրը, երբ ստանում են երկու նամակ։ Նրանց տեղեկացնում են վճռաբեկ դատարանի երկու որոշումների մասին։ Մեկով նրանց գրանցումն է անվավեր ճանաչվել, մյուսով՝ սեփականաշնորհումը։ Նույն ամսին Ռ. Գրիգորյանը դիմում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Ու մինչ կկայանար հերթական հետաձգված նիստը՝ Ռ. Գրիգորյանը կաթվածահար է լինում։ Գործը շարունակում է նրա իրավահաջորդը՝ դուստրը՝ Ժաննա Գրիգորյանը (պատասխանող էր), քանզի առաջին ատյանի դատարան էր դիմել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» կազմակերպությունը։ Դատարանը բավարարել էր հայցը։ Կորցնելով ե՛ւ բնակարանը, ե՛ւ գրանցումը, նույն դատարանին է դիմում Ժ. Գրիգորյանը (առաջին անգամ մերժվում է նրա հայցը)։ Երկրորդ անգամ հայց ներկայացնելիս՝ 2000թ. մարտի 29-ին, դատարանը որոշում է Գրիգորյաններին բնակեցնել Արցախի փողոցի 4-րդ նրբ. 10-րդ շենքի թիվ 408 սենյակում (փախստականների համար նախատեսած հանրակացարանում)։ Սակայն պարզվում է, որ Գրիգորյաններն այստեղ բնակվելու իրավունք չունեն, քանզի 1999թ. ընդունել են ՀՀ քաղաքացիություն։ Ժ. Գրիգորյանը նոր հայցով 2000-ի դեկտեմբերին դիմել է նորից Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Հերթական նիստը կկայանա մարտի 15-ին: Մնում է զարմանալ ու զայրանալ, թե նույն օրենքը նույն դատարանը ինչպիսի՞ հմտությամբ կարողանում է ճկել ցանկացած ուղղությամբ։ Եվ ինչո՞ւ «վիճող» կողմերը չեն միավորվում եւ դատի տալիս թե՛ քաղաքապետարանին, թե՛ անօրեն վճիռներ կայացնողներին (իսկ ո՞վ պետք է դատի)։ Ո՞ւմ որոշումն է զորեղ՝ ՀՀ կառավարությա՞ն, թե՞ քաղաքապետարանի: ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել