Հույսը վերջինն էր՝ մեռավ Ես ապրում եմ փոքրիկ մի քաղաքում՝ Ապարանում, որն ունի պատմական անցյալ։ Այդ անցյալով հպարտանում ենք ոչ միայն մենք՝ տեղի բնակիչներս, այլեւ ողջ հայ ժողովուրդը։ Երբ դարասկզբին մեր ազգի լինել-չլինելու հարցն էր դրված, ապարանցին ոտքի ելավ ու պատվով պահեց հող հայրենին։ Դրանից հետո ավելի ամուր կառչեց այդ սուրբ հողին ու քարին, հաշվի չառնելով անբարենպաստ բնակլիմայական պայմանները։ Իսկ հիմա՞։ Վերջին մի քանի տարիների ընթացքում, ողջ ժողովրդի հետ, միասին իր հավատը կորցրեց նաեւ ապարանցին։ Ինչքան էլ վատ էին ապրելու պայմանները, բայց կար հույս ապագայի հանդեպ։ Վերջերս դա էլ մարեց։ Ինչպե՞ս չմարեր, եթե անգամ տարին վատ սկսվեց։ Բնությունն էլ կարծես երես էր թեքել մարդկանցից։ Շատերը վար ու ցանք չկարողացան անել, իսկ ով էլ արեց՝ երաշտի պատճառով բերք չստացավ։ Դա նշանակում էր, որ ձմռան ապրուստը վտանգի տակ է։ Թոշակառուն ամիսներով թոշակ չի ստանում: Դիմիտրյան Սիրունը՝ երեք երեխաների միայնակ մայրը եւ իր նմանները չգիտես ում հրամանով իրենց հասանելիք նպաստը չեն ստանում: Ռոզա Միրզոյանը, որ երկար տարիներ 2-րդ կարգի հաշմանդամ է, հանկարծ զրկվում է իրեն հասանելիք օգնություններից։ Քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել։ Իսկ մեր հարգարժան քաղաքապետի խոսքերով՝ «ստացածները 4 հազար դրամ չի՞, որ պահանջում են, դրանով ի՞նչ հոգս կհոգան»։ Դրան գումարվեց նոր ուսումնական տարին։ Աշակերտներին դասագրքերի, գրենական պիտույքների համար գումար է պետք, գումար է պետք նաեւ դպրոցի «ֆոնդին»։ Այսպիսի ծանր սոցիալական պայմաններում շատ դժվար է չհուսահատվել։ Եվ ինչպե՞ս հույսները չկտրեն Սողոմոն Խուրշուդյանը եւ իր նմանները, երբ հարկադրաբար ազատվում են աշխատանքից։ Նրանց դժգոհություններին պատասխանում է մեր փոխքաղաքապետը՝ «վլաստն իմն ա, ինչ ուզեմ՝ էն էլ կանեմ»։ Ինչպե՞ս չհուսահատվել, երբ ամռան շոգին չենք կարողանալու մաքուր օդ շնչել։ Ապարանի անտառներն են ամայանում, անխնա կտրում են բոլոր ծառերը։ Չկա մեկը, որ դեմն առնի։ Կարծես «Անտառտնտեսության» տնօրեն են նշանակվում հատուկ ծառերը կտրելու համար։ Այս ամենը տեսնելով, ապագայից ակնկալիքներ չունենալով, անհույս ապարանցիները, ոչ իրենց կամքով, գնում են ուր պատահի, միայն կարողանան իրենց երեխաների օրվա հացը հայթայթել։ Շաբաթը երկու օր Ապարանի կենտրոնական փողոցով անցնելիս անպայման կհանդիպես նմանատիպ տեսարանների։ Մարդիկ լաց ու կոծով հրաժեշտ են տալիս հարազատներին (եթե մնացել են), հարեւաններին, սիրելի ծննդավայրին, ավտոբուսներով գնում են՝ օտար երկրներ։ ԱԼՎԱՐԴ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ապարան