Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ

Փետրվար 23,2001 00:00

ԸՆԴԴԵՄ ՍՏՎԵՐԱՅՆՈՒԹՅԱՆ՝ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ Եվ այսպես, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փոքր ձեռներեցների խոսնակի կարգավիճակը ստանձնած «Օրինաց երկրի» օրինագիծը, իսկ կառավարությունը, տեղի տալով պոպուլիստական ճնշումներին, հայտարարեց, որ առայժմ սառեցվում է ՀԴՄ-ները 7 քմ-ից մեծ տարածք զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտներին պարտադրելու որոշումը։ Սրանով իսկ կառավարությունը մի քանի քայլ ետ գնաց ստվերային տնտեսության դեմ պայքարելու ցանկությունից։ Ըստ էության, այս հարցի լուծումը կարող էր լինել պարզ եւ միանշանակ. պետությունը, որ ուզում է իր բյուջեն հարստացնել օրինավոր հարկատուների միջոցով, կարող է ինքը տրամադրել ՀԴՄ-ները՝ տնտեսվարող սուբյեկտներին՝ կրեդիտով։ Եվ, ասենք, որոշակի ֆիքսված ժամանակ հետո, իրենց եկամուտների որոշակի տոկոսից առեւտրականները փակեն այդ կրեդիտը։ Եվ եթե սրանից հետո էլ իրենց օրվա հացի համար պայքարողները շարունակեին «ոտնահարված իրավունքների» մասին գոռալ-գոչել, ուրեմն, ակնհայտ է նրանց՝ ստվերային դաշտում աշխատելու ցանկությունը։ Իսկ ինչպես «Հայացք տնտեսությանը» տեղեկագրին հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը. «Մակրոտնտեսական դաշտում գրանցվել է 30-40% ստվերայնություն»։ Եվ դա այն դեպքում, երբ այս տվյալներին մեր վիճակագիրները հանգել են անուղղակի մեթոդներով տարբեր բնագավառներում վերլուծություններ կատարելու դեպքում. «Տնտեսության ստվերայնության ճիշտ տոկոսը գտնելը ամենաբարդ խնդիրն է։ Վիճծառայությունը հատուկ հետազոտություն է իրականացրել, որի արդյունքներն այժմ գտնվում են աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետի մոտ։ Սպասում ենք նրանց վերջնական կարծիքին։ Մակրոտնտեսական դաշտում գրանցվել է 30-40% ստվերայնություն։ Այդ ցուցանիշը դեռ հետազոտության կարիք ունի»։ Եվ ամենեւին զարմանալի չի լինի, եթե երբեւէ պարզվի (ինչը խիստ կասկածելի է), որ Հայաստանում ստվերային շրջանառությունը 80%-ի սահմանագծին է հասել։ Ու այս ֆոնի վրա պարոն Մնացականյանի մյուս տվյալը հիմնավորված է թվում. «Տնային տնտեսությունների հետազոտության արդյունքներով պարզվեց, որ բնակչության ամենահարուստ 20%-ի եկամուտները 32,3 անգամ գերազանցում են 20% ամենաաղքատ բնակչության եկամուտները։ Սա չափազանց մեծ բեւեռացվածություն է եւ խոսում է սոցիալական մեծ լարվածություն ունեցող միջավայրի մասին»։ Որքան էլ այս տվյալները հզոր տատանում են արձանագրում, պիտի ընդունենք, որ պարոն Մնացականյանը նկատի է ունեցել ամենահարուստ խավի միա՛յն օրինական եկամուտները, իսկ այն՝ 40% ստվերայնությունը… Չէ՛, ավելի լավ է՝ չհաշվենք։ Տարօրինակ զուգադիպությամբ, տեղեկագրի նույն համարում տպագրված էր աղքատության կրճատման ռազմավարական ծրագիրը, համաձայն որի, 1993-94թթ. Հայաստանի բնակչության 97%-ը գտնվում էր աղքատության «բացարձակ» շեմից ցածր։ Այդ շեմն ընտրված էր հարաբերական չափանիշներով՝ մեկ շնչին օրական 1 դոլար եկամտի հաշվով։ Սա նշանակում է, որ այս երկիրը քիչ թե շատ ոտքի կանգնեցնելու համար ոչ միայն տարիների ընթացքում միջազգային դոնորներին անընդհատ «կթել» է պետք, այլ՝ հնարավորին չափ «ազատվել աղքատներից»։ Բայց, ցավոք, հեռացողների մեջ աղքատների թիվը չնչին տոկոս է կազմում։ Թեեւ աղքատության կրճատման ռազմավարական ծրագրում ներառած հետազոտությունների արդյունքով՝ այսօր հանրապետությունը, 93-94թթ. տվյալների համեմատ, բավական շահեկան վիճակում է գտնվում («այսօր հանրապետության բնակչության 55%-ն է աղքատ, ընդ որում՝ ավելի աղքատները կազմում են 28, իսկ ծայրահեղ աղքատները՝ 10%»), սակայն գոնե մեր խմբագրությունում անընդհատ իրենց գոյությունից դժգոհողների թիվը ստիպում է վերապահումով մոտենալ այդ տվյալներին։ Եվ որքան էլ ճառենք, թե աղքատությունը (եւ ոչ թե աղքատներին) վերացնելու համար պետք է տնտեսությունը ոտքի կանգնեցնել, պետք է ընդունենք, որ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար, մինչեւ ՄԱՀ-երի եւ ՀԲ-ների առջեւ ծունկ չոքելը, հարկավոր է ստվերայնությունը վերացնել։ Իսկ դա, առանց առեւտրի քաղաքակիրթ ձեւերին անցնելու, ոչ միայն դժվար է, այլեւ անհնա՛ր է։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Որեւէ կասկած չունեմ, որ «հանուն ժողովրդի շահերի» պայքարողները պիտի մեղադրեն մեզ՝ հակաժողովրդականության (ճշտենք՝ հակապոպուլիզմի) մեջ։ Սակայն, մեղքս ի՞նչ թաքցնեմ՝ «Եվրախորհո՜ւրդ», «քաղաքակրթությո՜ւն», «ազնիվ հարկատունե՜ր» հասկացությունները ինձ շատ են դուրս գալիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել