Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացահայտեք «27»-ի կազմակերպիչներին»

Փետրվար 23,2001 00:00

«Բացահայտեք «27»-ի կազմակերպիչներին» «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարության երկրորդ նիստի օրը Վազգեն Սարգսյանի փողոցն ավելի մարդաշատ էր։ Երկրապահներից, ՀԺԿ ներկայացուցիչներից բացի, փողոցում հավաքվել էին նաեւ նախկին եւ ներկա իշխանությունների որոշ բեկորներ։ Այս անգամ մարդիկ եկել էին բարձրախոսներով։ Պաստառների վրա գրված էին կարգախոսներ. «Մահ մարդասպաններին», «Բացահայտեք «27»-ի կազմակերպիչներին», «Կախաղան մարդասպաններին», «27»-ի կազմակերպիչները ներսում են», «Նաիրին ու Պարույրը՝ մի տիրոջ ծառաներ» եւ այլն։ Բարձրախոսներից հնչում էին նմանատիպ կոչեր՝ «Կազմակերպիչները Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են», «Քոչարյան, հեռացիր», «Դրանց տվեք՝ թող ժողովուրդը դատի», «Հրապարակային դատ» եւ այլն։ Երկրապահները կրկին եկել էին սեւ, ՀԺԿ-ականները՝ սպիտակ պաստառներով։ Առավոտից մինչեւ օրվա երկրորդ կեսի ավարտը փողոցը լեփ-լեցուն էր։ Հասարակական կարգը պահպանողների պակաս եւս չէր զգացվում։ Ստեփան Զաքարյանն ասաց, որ դատարանի դահլիճում լսվում է ժողովրդի ձայնը եւ դա շատ լավ է. «Լավ է, որ լսվում է ձեր ձայնը։ Թող նրանք լսեն, թե ժողովուրդն ինչ է պահանջում»։ Մայիս Անդրեասյան, ՀԺԿ Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության քարտուղար. «Մեր տարածքային կազմակերպության անդամները եւ համայնքի բնակիչներն այսօր այստեղ են գտնվում։ Մենք սպասելիք ունենք, որ արդար դատավարություն պետք է կայանա։ Եթե ոչ, ուրեմն ժողովուրդը հույսը կորցրած է, եւ երկիրը լքողների թիվը թվաբանական պրոգրեսիայով աճելու է։ Հավատ չունեն իշխանությունների, հավատ չունեն նախագահի նկատմամբ, եւ հավատ չունենք քրեածին դատավորների եւ քննիչների նկատմամբ։ Անօրինականությունը տիրում է ողջ հանրապետությունում»։ Գերասիմ Մինասյան, ՀԺԿ Նորք-Մարաշ տարածքային կազմակերպության քարտուղար (Պարոն Մինասյանին «Առավոտը» հարցրեց՝ կիսո՞ւմ է ժողովրդի գնահատականները, որ հնչում են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հասցեին). «Ամբողջովին կիսում եմ ժողովրդի կարծիքը, ինքս էլ այդ կարծիքին եմ։ Եթե նրանց մեղքը չլիներ, այս ոճրագործությունը շուտ բացահայտված կլիներ։ Կազմակերպիչները եւ դրդողները եղել են նրանք։ Ես հարյուր տոկոսով համոզված եմ։ Մեր Նորք-Մարաշի ժողովուրդը՝ նույնպես, որովհետեւ բացի նրանից, որ ես ներկայացնում եմ ՀԺԿ-ն, նաեւ Արմենակ Արմենակյանի դասընկերն եմ։ Նորք-Մարաշի ամբողջ ժողովուրդը հավաքված է այստեղ եւ մինչեւ վերջ պայքարելու է, որ բացահայտվի այս ոճրագործությունը։ Մեզ անհրաժեշտ է պատվիրատուների բացահայտումը։ Պետք է այս անպատժելիության վիճակին ի վերջո վերջ տրվի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել