Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Փետրվար 23,2001 00:00

Կազմակերպիչները ներսում են Հարցազրույց նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ Պաշտպանության նախարարության 2000 թվականի ամփոփիչ իր մամուլի ասուլիսում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասաց. «Գալով ՊՆ, ես նշել եմ իմ պահանջները։ Ես նշել եմ այն շրջանակները, որոնցում պետք է տեղավորվեն մարդիկ։ Ովքեր տեղավորվել են, այսօր էլ աշխատում են, եւ եթե շարունակեն տեղավորվել ու այդ պահանջներին բավարարել, ապա, կարծում եմ, կշարունակեն աշխատել։ Այն մարդիկ, ովքեր այդ պահանջներին չեն բավարարում, նրանց մի մասն ազատվել է, եթե նորից կլինեն այդպիսիք, կրկին կազատվեն»։ «Առավոտը» դիմեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ խնդրելով բացատրել, թե ի՞նչ շրջանակ կարող էր գծել Սերժ Սարգսյանը, որի մեջ Վաղարշակ Հարությունյանի հետ աշխատած կադրերը չէին կարող աշխատել. «Այդպիսի շրջանակ նախարարն իրավունք չունի գծելու։ Կան օրենքներ, իսկ նախարարը պարտավոր է այդ օրենքները կատարել։ Բայց այն, որ նախարարությունից դուրս են եկել բավական պատրաստված զինվորականներ, կարող եմ հաստատել»։ – Այդ դուրս եկածները հիմա Ձեր թիմակիցնե՞րն են։ – Իհարկե։ – Ինչպե՞ս եք վերաբերվում «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը, սպասելիքնե՞ր ունեք։ – Այս դատավարությունից մի սպասելիք կա։ Ակնհայտ է, որ նախաքննությունը որակով չի արված։ Դատարանը չի կարող բացահայտել գործը, այլ կարող է ուսումնասիրել նյութերը եւ մի եզրակացություն անել՝ որ սրանց ետեւում կան մարդիկ, կազմակերպիչը սրանք չեն։ Դա ակնհայտ է։ Այս հինգը չէին կարող այդպիսի ոճրագործություն կազմակերպել, սրանց հետեւում շատ ազդեցիկ ուժեր կան եւ այդ ուժերը ոչ թե դրսում են (ես չեմ բացառում, որ դրսից օգնել են), այլ՝ ներսում։ Կազմակերպիչներին պետք է փնտրել երկրի ներսում։ – Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի այն մտքին, թե «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչներին պետք է փնտրել նաեւ Վազգեն Սարգսյանի մտերիմների մեջ։ – Համամիտ չեմ։ Բացառվում է։ Եթե որեւէ մեկը գնացել է այդ քայլին, ուրեմն մտերիմ չի եղել։ – Դուք ի՞նչ վիճակում թողեցիք պաշտպանության նախարարությունը։ Այսինքն՝ ինչպիսի՞ ՊՆ է ընդունել Սերժ Սարգսյանը։ – Դա մի վեց ժամվա պատասխան է ակնկալում։ Նորմալ աշխատանքային վիճակում էր։ Մեր բանակի գլխավոր հարցն այսօր կադրային սպաներն են։ Ես հարցը լուծեցի Ռուսաստանում, որ մեր կուրսանտները գնան սովորեն, մեկ տարում՝ 300 հոգի։ Իսկ դա մոտ 120 միլիոն դոլարի ծախս է, բայց Ռուսաստանը համաձայնեց անվճար սովորեցնել։ 1999 թվականից առաջին կուրսում սովորելու մեկնեց 300 հոգի։ Փոփոխություն եմ կատարել ռազմական ինստիտուտում։ – «Հոկտեմբերի 27»-ից հետո հաջորդ օրը դուք պահանջեցիք Սերժ Սարգսյանի հրաժարականը։ – Այդ պահանջն այն ժամանակ կատարվեց։ – Այնուամենայնիվ, ասացեք 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԱ նախարարության աշխատանքի մասին ձեր կարծիքը։ – Եթե զինված մարդիկ կարողանում են մտնել ԱԺ եւ կրակել, դա հենց անվտանգության մարմինների աշխատանքի գնահատականն է։ Իսկ եթե իմացել են (ԱԱ-ի պարտականությունը դա է), եւ ոչինչ չեն արել, ուրեմն մենք չունենք անվտանգության համակարգ։ – Դուք այսօր այստեղ եք որպես Արամ Սարգսյանի մտերի՞մ, թե՞ որպես քաղաքականության մեջ մտած մարդ։ – Երկուսն էլ կա։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել