Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ոչինչ չխանգարի

Փետրվար 23,2001 00:02

Ամբաստանյալ Ավետիք Մինասյանը երեկ չներկայացավ դատարան եւ չիմացանք, թե ինչու էր նա բացակայում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսված «Հոկտեմբերի 27» քրգործի դատավարությունից։ Ամբաստանյալ Միսակ Մկրտչյանը վերջապես ներկայացել էր դատական նիստին, իսկ նախորդից նա բացակայել էր, քանի որ տեղյակ չէր եղել նիստի օրվա մասին։

Նա դատարանին հայտնեց, որ իր առողջական վիճակը շատ ծանր է, ինչին հետեւեց նախագահող դատավոր Սամվել Ուզունյանի ռեպլիկը. «Մկրտչյա՛ն, ծանր հիվանդը կամ գտնվում է հիվանդանոցում, կամ, եթե գործով ամբաստանվում է՝ գտնվում է դատարանում»։

Սույն քրեական գործով մեղադրվում են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Աշոտ Կնյազյանը, Համլետ Ստեփանյանը, Արմեն Գասպարյանը, Սարգիս Եթիմյանը, Սաշա Ղլեչյանը, Արմեն Հարությունյանը եւ վերոնշյալ երկու ամբաստանյալները։

Միայն ժամը 14։20-ին սկսվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը, որն ավարտվեց 16։00-ին։

Ամբաստանյալներ Նաիրի եւ Կարեն Հունանյանները իրենց մեղավոր չճանաչեցին, ավելին՝ առաջինն ասաց. «Ես չեմ ժխտում այն, ինչ կատարվել է»։ Կ. Հունանյանը, որ նախաքննության ժամանակ իրեն մասամբ էր մեղավոր ճանաչել, երեկ դատարանում բացատրեց այսպես. «Նախ, ֆիզիկական ճնշումներ են եղել» եւ ապա, երբ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը հարցը հստակեցրեց, թե՝ «մեղք զգո՞ւմ եք», պատասխանեց. «հատկապես ձեր որակումները չեմ ընդունում»։

Մասամբ իրենց մեղավոր ճանաչեցին ոճրագործներից մի քանիսը, իսկ «լիովին»՝ Եթիմյանը, Ղլեչյանը, Հարությունյանը: Երեկ սահմանվեց նաեւ ապացույցների հետազոտման կարգը. նախ ցուցմունքներ կտան ամբաստանյալները, ապա տուժողները, վկաները, տուժողի իրավահաջորդները։ Դատական նիստի սկզբում միջնորդությունների մի ամբողջ փաթեթ ներկայացրին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, մասնավորապես փաստաբաններ Տ. եւ Մ. Ջանոյանները, Է. Աղաջանյանը, Ա. Կարախանյանը, Ա. Սարգսյանը։

Ամբաստանյալ Է. Գրիգորյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը խնդրեց դատարանին իրեն տրամադրել 7 օր՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հանդես եկան նոր ապացույցներ պահանջելու մասին միջնորդություններով։ Նրանք պահանջում էին Հունանյաններին Թուրքիա գործուղելու մասին գրավոր ապացույցներ։ Միջնորդեցին հարցում անել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատնից, թե 97-99թթ. ընկած ժամանակահատվածում Հունանյանները քանի՞ անգամ են դիմել իրենց երկիր մուտք գործելու համար, քանի՞ անգամ է թույլատրվել նրանց մուտքը Թուրքիա եւ ինչպե՞ս են նրանք ներկայացրել իրենց այցի նպատակները։

Միջնորդությունը բավարարվեց եւ առարկության չհանդիպեց մեղադրողների կողմից եւս։ Ազգային անվտանգության նախարարության մեկուսարանից փաստաբանները միջնորդեցին Ն. եւ Կ. Հունանյանների անձնական գործն ուղարկել դատարան, քանի որ անհրաժեշտ էր պարզել, թե բացի սույն քրեական գործով քննչական խմբի անդամներից ում հետ են ունեցել առանձին հանդիպումներ, տեսակցություններ, ինչ տեւողությամբ եւ ինչ հիմքերով։ Այս միջնորդությունը եւս բավարարվեց։ Աջարիայի Հանրապետության Բաթում քաղաքում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանին եւս հարցում պետք է արվեր, թե Հունանյանները քանի անգամ են դիմել իրենց երկիր մուտք գործելու հարցով եւ քանի անգամ է թույլատրվել նրանց մուտքը Թուրքիա։

Փաստաբանների հաջորդ միջնորդությունը վերաբերում էր դատահոգեբանական փորձագիտություն անցկացնելուն։ Կարեւորվեց հոգեբանների ներկայությունը՝ հատկապես ամբաստանյալների դատաքննական ցուցմունքներ տալու ժամանակ։ Լրացուցիչ ապացույցների մեջ (ինչը նախաքննական մարմինը պարտավոր էր անել) պահանջվեց նաեւ Ղրիմի կիրակնօրյա դպրոցից Ն. Հունանյանի անձնական գործը, իսկ ՀՅԴ-ից՝ նրան հեռացնելու հիմքերի մասին տեղեկանքը։

Դատարանում, ի դեպ, հրապարակվեց ՀՅԴ ԳՄ պատասխանատու Գեղամ Մանուկյանի պատասխանը, թե Նաիրիին հեռացրել են գողության համար, իսկ Հունանյանը տեղից հայտնեց, թե իրեն Դաշնակցությունից չեն հեռացրել։ Պահանջվեց եւ «այդ կառույցներից նրանց անձնական գործերը» (Հունանյանների, Է. Գրիգորյանի եւ Վ. Գալստյանի)։

Դատարանում ակնհայտ լարվածություն ստեղծվեց այն ժամանակ, երբ պաշտպանական կողմը միջնորդեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ամբաստանյալ Հունանյանի միջեւ եղած «բանակցությունների» գաղտնալսումները։ Այն քրգործում չկար։

Մեղադրողները կարճ ընդմիջում վերցնելուց հետո ընդհանրապես ժխտեցին, թե եղել է նման ձայնագրառում, իսկ դատավոր Ս. Ուզունյանը հարցրեց պաշտպանին՝ կողմնորոշվելու նպատակով. «Որտեղի՞ց դատարանը պետք է ձեռք բերի այդ գաղտնալսումը» եւ «ումի՞ց պահանջեմ»։

Պաշտպանները գտան՝ նախաքննական մարմնից։ Ամբաստանյալներից միայն Ն. Հունանյանը ուներ միջնորդություններ։ Ամբաստանյալն ուզում էր ճշտել իր տեսակցությունների եւ խափանման միջոցը փոխելու հարցը՝ ըստ… ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից իրեն տրված փաստաթղթի, ինչը հունից հանեց ներկաներին։

– Ի՜նչ էլ օրինապաշտն է։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728