Լրահոս
Օրվա լրահոսը

Այս

Փետրվար 23,2001 00:00

ՆՈՒ ԳԱՎԱՐԻ ԺԵ, ՄԿՈ՛ Այս կոչ-զուգահեռն էլ ակամա մտաբերում ես մեր քաղաքական ուժերի պահվածքի առնչությամբ, որոնք բոլորը կարծես գիտեն ողջ ճշմարտությունը «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբերյալ, բայց չեն ասում։ Այս առումով պարզ է միայն «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հարցը, որն ընդդիմությունից դեպի իշխանամետություն իր հերթական դարձի այս փուլում, բնականաբար, պիտի խուսափի «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների վերաբերյալ հարցերից։ Այսպես, երեկ ճեպազրույցում «Առավոտի» հարցին՝ «Ընդհանրապես շատ եք օգտագործում «ժողովուրդը գիտե» արտահայտությունը, ասենք, նախորդ տարիներին կատարված հանցագործությունների հեղինակների, սեփականաշնորհման արդյունքում հարստացածների վերաբերյալ եւ այլն։ Ձեր շփումները ժողովրդի հետ այժմ ի՞նչ են վկայում, ի՞նչ համոզմունք կա «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների վերաբերյալ», Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Մենք չենք ասում՝ «ժողովուրդը գիտե»։ Մենք ուղղակիորեն ասում ենք՝ ովքե՛ր են այդ մարդիկ»։ Ուղղակի հիացմունքի է արժանի այն վարպետությունը, որով պրն Գեղամյանը «հեռացավ» հարցից։ Եվ այլեւս չվերադարձավ։ Այսուհանդերձ, զարմանալի է, երբ համանման խուսափողական պահվածք է երբեմն ցուցաբերում նաեւ տարուբերումների մեջ չընկնող «Հայաստան» խմբի ղեկավարը՝ որոշակի հարցերին տալով ընդհանրական պատասխաններ։ Այսպես, «Առավոտը» Մյասնիկ Մալխասյանին առաջարկեց. եթե իրոք «ամպագոռգոռ» չէ (վարչապետի որակումն է) «Հոկտեմբերի 27»-ի դատին տեր կանգնելու կոչը՝ հարկ է խիստ որոշակի պարզաբանել դրա իմաստը՝ ի՞նչ գործողություններով պիտի իրականացվի այդ հայտարարությունը։ «Բոլորդ գիտեք, որ մեր երկիրն իրավական պետություն դառնալուց շատ հեռու է, եւ դատական մարմինները գտնվում են իշխանական լծակների ազդեցության տակ, նրանցից կախված են։ Եվ ցանկացած երեւույթ, որը դատավարությունն իր հունից շեղելու է՝ վերագրվելու է ոչ միայն դատական իշխանություններին, այլեւ գործադիր մարմիններին,- պատասխանեց պրն Մալխասյանը։- Ես պարզապես ընդամենը հորդորել եմ, որ կառավարությունն իր գործադիր լծակները գործադրի արդարադատություն իրագործելու եւ այս գործի իրական բացահայտման համար»։ Եթե մարդկային լեզվի թարգմանենք՝ սա թերեւս պիտի նշանակեր, որ մտահոգություն կա, թե նախագահը կամ իշխանության որոշակի մի թեւ կարող է ճնշում բանեցնել դատարանի վրա։ Եվ Անդրանիկ Մարգարյանին եզոպոսյան այս լեզվով առաջարկվում է հակակշիռ դառնալ այդ ճնշումներին։ Այլ հարց է, թե որքանով է այս կոչը «ձայն բարբառոյ յանապատի», երբ նախագահն ու վարչապետը ներկայացնում են իշխանական միասնական թեւ։ Խնդրի մյուս կողմն էլ, այնուամենայնիվ, այն է, որ դատական իշխանությունը ձեւականորեն անկախ է, եւ անթույլատրելի է հրապարակային կոչը, որ կառավարությունը գործադրի իր լծակները, ազդեցություն գործի դատարանի վրա։ Մեր այս վերջին նկատառմանն ի պատասխան՝ Մյասնիկ Մալխասյանն ասաց. «Չէ՛։ Ես ասում եմ հնարավորինս ազդեցությունից զերծ պահելու առումով, քանի որ բացառիկ դատավարություն է։ (…) Ես չեմ ընդունում վարչապետի ասածը, թե ի՞նչ պիտի անենք՝ մենք անելիք չունենք»։ Եվ երբ էլի հետաքրքրվեցինք, թե որոշակիորեն ի՛նչ պիտի անի Անդրանիկ Մարգարյանը, որ չի անում, պրն Մալխասյանը նույն պատասխանը տվեց, ինչ ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ. «Ես չէ, որ պիտի ասեմ, թե ինչ պիտի անի կառավարությունը։ Իրե՛նք պիտի իմանան իրենց անելիքը»։ Դեռ երկար էին լրագրողները տանջում նրան հարցերով, որ երեւի գիտի՞ ինչ պիտի անի վարչապետը, նրա ո՞ր քայլերից բավարարված չէ եւ այդպես շարունակ։ Ապարդյուն էր։ Բավական որոշակի կարելի է համարել Մյասնիկ Մալխասյանի այս ասելիքը. «Պարզապես անհասկանալի է այն մարդկանց, քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների պահվածքը, որոնք ի սկզբանե, դեռ դատավարությունը չավարտված, հայտարարում են, որ կազմակերպիչներ չկան։ Ուրեմն, իրենք ինչ-որ մի բան գիտե՞ն, որ ասում են։ Ուրեմն, դրանով կարծես թե իրենց մասնակից են դարձնում… Մենք այդպիսի բան չե՛նք ասում։ Մենք ասում ենք՝ սպասենք, թող դատավարությունը որոշի՝ կա՞ն, թե՞ չկան»։ «Գոլոս Արմենիի»-ի թղթակիցը հիշեցրեց, որ կազմակերպիչների մասով գործն առանձնացված է։ Եվ դատարանում խոսվելու է միայն այն ապացույցների մասին, որոնք ձեռք է բերել նախաքննության մարմինը, որը, ըստ թղթակցի, կազմակերպիչների վերաբերյալ ապացույցներ չունի. «Ինչպե՞ս կարող եք դատարանից պահանջել կազմակերպիչների բացահայտումը, եթե դա առայժմ չի արել նախաքննության մարմինը»։ Մյասնիկ Մալխասյանն այսուհանդերձ կարծում էր, որ եղած փաստերի հիման վրա կարելի է հասնել ինչ-ինչ արդյունքների, ակնկալել բացահայտումներ։ «Այն մարդիկ, կազմակերպությունները եւ լրատվամիջոցները, որոնք ջղաձգվում են «Հոկտեմբերի 27»-ի շուրջ տարվող խոսակցությունից՝ ինքնըստինքյան կասկածի տեղիք են տալիս»,- տեղին նշեց պրն Մալխասյանը։ Երկրապահների պահվածքը նա բնորոշեց որպես հանդարտ, թեեւ ակնարկեց, որ իրենք կասկածներ ունեն. «Ուրիշ բան է կասկածելը, բայց ուրիշ բան է հաստատ իմանալը։ Եթե հաստատ իմանայինք՝ իրավիճակն այլ բնույթ կունենար, այլ հունով կընթանար»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել