Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԶԱՐ ՏԱՐԻՆ ԷԼ ՆՐԱՆՑ ՉԻ ՕԳՆԻ

Փետրվար 22,2001 00:00

ՀԱԶԱՐ ՏԱՐԻՆ ԷԼ ՆՐԱՆՑ ՉԻ ՕԳՆԻ Ըստ «Առավոտի» մի հրապարակման (15.02.01), կոմունիստ պատգամավոր Նորիկ Պետրոսյանը հայտարարել էր. «Հոկտեմբերի 27-ին ոչ մի թալանող, ուտող չսպանվեց, չնայած՝ կային մարդիկ, որոնց եթե սպանեին, ժողովուրդը կծափահարեր»: «Բոլոր այն մարդիկ, ովքեր ժողովրդին տարան, այսպես կոչված, Ազատության հրապարակ եւ ժողովրդից խլեցին ազատությունը՝ այդ բոլոր մարդկանց ժողովուրդն իրավունք ունի գնդակահարելու»: Կարդում եմ ու սարսափում: Այս կուսակցությունը իր ոճրագործ եւ մարդասպան էության համար շատ երկրներում արգելվեց, մեզ մոտ՝ ներվեց, ու նրա ներկայացուցիչները միշտ ամենաշատն են եղել իշխանության տարբեր օղակներում: Սարսափում եմ, քանի որ 70 արյունոտ տարիներից շատերը միայն մի 10-15 տարվա համեմատաբար «կուշտ» կյանքն են հիշում: Դրա համար էլ այսօր կոմունիստ պատգամավորը հրապարակավ գնդակահարելու կոչեր է անում եւ դեռ դրա համար էլ ակնկալում է ժողովրդի ծափահարությունները: Այն ժամանակ էլ էին ժողովրդի անունից գնդակահարում «ժողովրդի թշնամիներին» եւ ժողովրդին էլ ստիպում էին, որ ծափահարեն իրենց: Եվ հետաքրքիր է, որ «Հոկտեմբերի 27»-ի մասին խոսելով, ոչ թե հունանյաններին գնդակահարելու մասին է խոսում, այլ նրանց, ովքեր իրենցից խլեցին 70 տարի բռնատիրած իշխանությունը: Ինչպե՞ս կարելի է մոռանալ 1937 թիվը: Թերթեք հանրագիտարանը. այն ժամանակվա մեր մտավորականության մեծ մասի մահվան թվականը նույնն է՝ 37-ը: 1915թ-ի ապրիլի 24-ին երիտթուրքերը առաջին հերթին ոչնչացրին հայ մտավորականությանը: Համեմատենք նրանց եւ կոմունիստների գնդակահարած հայ մտավորականության ցուցակները: Երկրորդն ավելի մեծ կլինի հաստատ: Եւ ինչպիսի՜ անուններ. Ե. Չարենց, Ա. Բակունց, Գ. Մահարի, Վ. Ալազան, Պ. Մակինցյան, Ա. Խանջյան, Ն. Ստեփանյան… Հայ ժողովուրդը շատ բռնակալներ է տեսել, դարերով ապրել նրանց տիրապետության տակ՝ պարսիկների, մոնղոլների, սելջուկների եւ այլն: Նրանցից ո՞ր մեկն է 1500 տարվա ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոս սպանել: Կոմունիստները 1938-ին խեղդամահ արեցին Խորեն Ա. Մուրադբեկյանին եւ արգելեցին նոր կաթողիկոս ընտրել: Այդ նույն նվաճողները 1500 տարում քանի վանք ու եկեղեցի քանդեցին եւ քանիսը քանդեցին կոմունիստները մի քանի տասնամյակում: Հիշում եմ 1949թ. ահավոր օրերը: Ինչ որ տեղ, թող ներվի ասել, ավելի լավ էր նրանց համար, ում աքսորեցին: Մյուսներս ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե սպասում էինք, որ ահա կգան ու կտանեն: Չէ՞ որ որեւէ չափանիշ չկար: Ասում են՝ սխալվել ենք, թերացել ենք, բայց հետո ընդունել ենք մեր սխալը: Եւ այնպես էլ հպարտությամբ են ասում, կարծես այդ «սխալը» ընդունելու համար դեռ պարտավոր ենք շնորհակալություն հայտնել ու պարգեւատրել: Բայց խոսքը ոչ թե սխալի, այլ ծանր ոճրագործության մասին է: Ասում են՝ կուսակցությունը մեղավոր չի եղել, Ստալինն ու Բերիան են մեղավորը: Ստում են. Ստալինն ու Բերիան չէին ծնել Կոմկուսը, Կոմկուսն էր ծնել նրանց, եւ ինչպես տեսնում ենք՝ այսօր էլ այլ բան չի կարող ծնել: Մի քանի խոսք էլ «լավ» տարիների մասին: Ոչ միայն մասնագետները, իրենք իշխանություններն էլ ստիպված ընդունեցին, որ վերջին երկրաշարժի ժամանակ շենքերը քանդվեցին անորակ, անցեմենտ շինարարության, սխալ նախագծերի պատճառով: Այսինքն՝ եւս 25.000 անմեղ զոհ, տասնյակ հազար խեղվածներ ու որբեր՝ կոմունիստների խղճի «ակտիվում»: ԱՎԵՏԻՔ ՍԻՄՈՆՅԱՆ, թոշակառու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել