Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍԿԱՊԵՍ ՉՄԵԿՆԱԲԱՆԵՆՔ

Փետրվար 22,2001 00:00

ԻՍԿԱՊԵՍ ՉՄԵԿՆԱԲԱՆԵՆՔ Ինձ անսահման զարմանք համակեց, երբ ընթերցեցի «Առավոտ» օրաթերթի 5.02.2001 թվականի համարի «Երեսպաշտության փորձություն» հոդվածը։ Նախ, որ ՀԿԿ շրջկոմի բյուրոյի արձանագրությունը չէր կարող «ուղղված լինել ԽՍՀՄ Կոմկուսի ղեկավարությանը»։ Իզուր է հոդվածագիրն այդպիսի մասշտաբների պատրանք ստեղծում։ Բյուրոյի որոշումը ոչ թե Հակոբյանի կամքի ու կարծիքի դրսեւորման հետեւանք է եղել, ինչպես ներկայացվում է հոդվածում, այլ ձեւավորվել է այն 22 (կրկնում ենք՝ 22) ԽՄԿԿ անդամների կարծիքների ամփոփման հիման վրա, ովքեր ելույթ են ունեցել շրջկոմի բյուրոյում այդ հարցը քննարկելիս։ Հիմք ընդունելով սկզբնական կուսակցական կազմակերպությունների որոշումները, ՀԿԿ Արարատի շրջկոմի բյուրոն մեղադրել է ԽՄԿԿ անդամներ, նորից կրկնենք՝ ԽՄԿԿ անդամներ, այսինչ-այսինչյաններին հատկապես Արարատ քաղաքում վիճակն ապակայունացնելու, գործադուլների կոչեր անելու, հետեւանքների մասին չմտածելու համար, քանի որ շրջկոմի բյուրոյի որոշման մեջ նշված Արարատ քաղաքի ձեռնարկություններն էին, որ ահավոր երկրաշարժին հաջորդող այդ օրերին, աղետի գոտու համար, շրջկոմի հանձնարարությամբ ցեմենտ (ցեմենտ-շիֆերի կոմբինատ) ու նույնիսկ դագաղներ («Արարատարդշին» տրեստ) էին արտադրում: Հարց է առաջանում՝ շրջկոմի բյուրոն ի՞նչ պիտի աներ, երբ նման պայմաններում իր կոմունիստները գործադուլի կոչեր էին անում։ Այդ նույն ժամանակահատվածում, Արարատի շրջանի բարդագույն հիմնահարցերի լուծման համար Վազգեն Սարգսյանը նամակով դիմում էր նույն ընկեր Առուշան Հակոբյանին, որի հետ դեռ դպրոցական տարիներից էր մտերմացած՝ «Չգիտեմ, ակնածանքը, թե Ձեր նկատմամբ ունեցածս հարգանքն է…», «Ձեզ եմ դիմում, ընկեր Հակոբյան, համոզված լինելով, որ Դուք այն քչերից եք, ովքեր կարող են, եւ մանավանդ ուզում են», «Ուզում ենք, որ չերեւալով՝ Դուք մեր թիկունքին եւ պինդ լինեք», «Հույսս Ձեր տղամարդկության վրա է» տողերով, իսկ 12 տարի անց, թղթակիցը հոդվածը եզրափակում է «չմեկնաբանենք» բառով։ Իսկապես չմեկնաբանենք։ ԱՌՈՒՇԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀԿԿ Արարատի շրջկոմի նախկին առաջին քարտուղար, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վերոնշյալ բյուրոյի նիստին մասնակցել եւ ելույթ են ունեցել ներկայիս ենթակառուցվածքների նախարար Դավիթ Զադոյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի ներկայիս փոխնախարար Վաղինակ Քոչարյանը, Երեւանի ներկայիս փոխքաղաքապետ Ֆիրդուս Զաքարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել