Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հնդկաստանը շնորհակալ է հայ մասնագետներից

Փետրվար 22,2001 00:00

Հնդկաստանը շնորհակալ է հայ մասնագետներից Փետրվարի 17-ին Հնդկաստանի՝ աղետից տուժած Գուջարատ նահանգի Ահմեդաբադ քաղաքից Հայաստան վերադարձավ ՀՀ ՍՊԱԾ-ի Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) տասնութ հոգուց բաղկացած կազմավորումը՝ ծառայության պետի տեղակալ, Հյուսիսային բաժանմունքի պետ Ս. Նազարեթյանի գլխավորությամբ: Հնդկաստանում գտնվելու 15 օրերի ընթացքում մեր մասնագետների ջանքերով հսկայական աշխատանք է կատարվել աղետի գոտում, որը բարձր գնահատականի է արժանացել ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ Միացյալ ազգերի կազմակերպության կողմից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի անունից պաշտոնական նամակ է հղվել ՀՀ ՍՊԱԾ-ի պետ, պրոֆեսոր Ս. Բալասանյանին, որում շնորհակալություն է հայտնվել Հնդկաստանում ՀՀ ՍՊԱԾ-ի Արագ արձագանքման ուժերի կազմավորման գործողությունների համար: ՀՀ ՍՊԱԾ-ի Արագ արձագանքման ուժերի կազմավորման ղեկավար Ս. Նազարեթյանին հղած իրենց նամակներում Ահմեդաբադի քաղաքապետ Կ.Կայլաշնաթանը եւ Քաղաքային զարգացման վարչության ղեկավար Սարդար Վալաբհայ Սանկուլը իրենց խորին շնորհակալությունն են հայտնել ջոկատի բազմանպատակային գործողությունների եւ արդյունավետ աշխատանքի համար: Տեղի բնակչության եւ քաղաքային իշխանությունների խնդրանքով հայ ինժեներ-շինարարները զննել են մոտ 150 շենք եւ շինություն, որոնցից յուրաքանչյուրի հետագա շահագործման, ամրացման եւ բնակվելու անվտանգության մասին տրվել է համապատասխան եզրակացություն: Ջոկատի կողմից Հնդկաստան աղետի գոտի էին տարվել թվային ակսելերոմետրեր, որոնց միջոցով գրանցվել են մեծ թվով հետցնցումներ (ամենաուժեղ հետցնցումը գրանցվել է փետրվարի 8-ին՝ 5.3 մագնիտուդայով): Դրանց հիման վրա սեյսմոլոգները եւ ինժեներ-գեոտեխնիկներն ուսումնասիրել են տարբեր տիպի գրունտներ, տվել դրանց սեյսմիկ բնութագրերը, եւ ըստ այդմ մշակվել են հատուկ առաջարկություններ: Փրկարարական խումբը, տեղի հրշեջ ծառայության հետ համատեղ, մասնակցել է փրկարարական աշխատանքներին եւ 14 կիսախարխուլ շենքերի ապամոնտաժմանը: Վերջում հայ մասնագետները ներկայացրել են հետեւյալ առաջարկությունները՝ Հնդկաստանում շինարարության նորմերի վերանայում, Ահմեդաբադ քաղաքի սեյսմամիկրոշրջանացում, բնակչության սեյսմիկ պաշտպանության խնդիրների լուծման նպատակով հատուկ ծառայության (ՀՀ ՍՊԱԾ-ի օրինակով) ստեղծում, Գուջարատում սեյսմիկ ռիսկի նվազեցման երկարաժամկետ (10-15 տարի) ծրագրի մշակում։ Հայ մասնագետները իրենց պատրաստակամությունն են հայտնել օգնելու այդ խնդիրների լուծման հարցում: Մեր ջոկատը միակն էր, որ հաշվետվություն ներկայացրեց տեղական իշխանություններին: ՀՀ ՍՊԱԾ մամլո կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել