Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1994 թվականի մայիսի 28-ին, Հայոց պետականության ստեղծման օրը, Երեւանի քաղաքային մանկապատանեկան կենտրո

Փետրվար 22,2001 00:00

Ծննդյան օրը տարին միայն մեկ անգամ է լինում 1994 թվականի մայիսի 28-ին, Հայոց պետականության ստեղծման օրը, Երեւանի քաղաքային մանկապատանեկան կենտրոնում բացվեց «Հայ ազատամարտիկների փառքի թանգարան», որի հիմնադիրն է «Խաղաղություն աշխարհին» հասարակական մանկապատանեկան միության խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը։ Մտահղացումը մեկն էր. ստեղծել մի անկյուն, որտեղ կհավաքվեն ողջերն ու կհիշեն հայրենիքի համար նահատակվածներին։ Սակայն թանգարանը պետք է լինի ոչ թե լացի, այլ անմահության տեղի, որը կփորձի սերմանել ազգասիրություն, հայրենասիրություն ու հավատք։ Յոթ տարիների ընթացքում հարյուրավոր միջոցառումներ են կազմակերպվել։ Այստեղ հիշում են զոհված ազատամարտիկների ծննդյան օրերը, ցամաք աչքով սգում նրանց մահը (քանզի արցունք չպետք է լինի)։ Թանգարանում «միտինգի հավաքված» մարտիկները ժպտում են, անթարթ նայում այցելուներին ու նրանց մեջ իրենց զավակներին, հայրերին ու մայրերին, քույրերին ու սիրուն։ Վերջիններս էլ չեն ուշանում ու հերթական ցերեկույթներն են կազմակերպում, որոնց ընթացքում փոքրիկ զավակները «պատվո պահակ են կանգնում» նկարների առջեւ։ Փորձում մեծ ձեւանալ։ Յուրաքանչյուր տարի այդ օրը նշվում է զոհված ազատամարտիկների երեխաների միասնական ծննդյան օրը։ Դեռեւս 94-ին մտահղացում կար հավաքել այն երեխաներին, ովքեր ծնվել են իրենց ազատամարտիկ հայրերի զոհվելուց հետո ու նրանց համար միջոցառումներ կազմակերպել, զորավիգ լինել։ Խորհրդանշորեն այդ օրերին թանգարանի դուռն է թակում Ասկոլկա Աշոտի այրին՝ երկու որդիների ձեռքից բռնած եւ երրորդ որդուն՝ Բեկորին (նա ծնվել է հոր մահից հետո) գրկած։ Առաջինը 1995 թվականի ապրիլի 5-ին նշեցին Բեկորի ծննդյան օրը, որից հետո «բեկորները» շատացան եւ ավանդույթ դարձավ ամեն տարի ապրիլի 5-ին նշել զոհված ազատամարտիկների երեխաների միասնական ծննդյան օրը։ Իսկ ի՞նչ ծննդյան օր առանց նվերների, հատկապես երեխաների համար։ Նվերներ, որ մեծ դժվարությամբ է հավաքում Սուսաննա Հակոբյանը։ 2001 թվականի ապրիլի 5-ը տոնելու համար թանգարանը փետրվար ամսին ավանդական միամսյակ է հայտարարել, խնդրելով, որպեսզի մեկական նվեր ընծայեն այդ երեխաներին։ Սակայն մինչեւ այսօր՝ ոչ մի զանգ եւ ոչ մի այցելու։ Ու ահ կա, որ ծննդյան օրը չի նշվի, որ անմեղ մանուկները չեն ստանա թեկուզ մեկ տետր ու մեկ գրիչ։ Չեն ստանա ու կհարցնեն իրենց մայրերին. «Ինչո՞ւ, ինչո՞ւ իրենց բակի Աշոտը մեքենա կստանա ծննդյան օրը, իսկ ինքը՝ ոչ, ինչո՞ւ…»։ Տասնյակ-հարյուրավոր նամակներ է ուղարկել թանգարանը՝ խնդրելով ապավեն կանգնել երեխաներին։ Սակայն՝ լռություն։ «Մեզ ֆինանսական օգնություն պետք չէ,- ասում է Սուսաննա Հակոբյանը,- մեզ նվեր է հարկավոր… Կարող է լինել մեկ տուփ շոկոլադ, ատամի մածուկ… Հիմնականում անհատներից խնդրում ենք այնպիսի բան, որն իրենք են արտադրում…»։ Թանգարանն ունեցել է հանգանակությունների արկղ, որն իրեն չի արդարացրել… Եկել են, դիտել ու անտարբեր արկղի կողքով անցել-գնացել… Այնինչ այսօր նույնիսկ մեխի կարիք կա… Սակայն այս օրերին միայն մտածում են, թե ինչպես երեխաների համար նվերներ հավաքեն։ Մինչեւ 2001 թվականը գտնվել են առանձին անհատ ձեռներեցներ, սփյուռքահայեր, ֆիրմաներ, ովքեր նվերներ են հանձնել երեխաներին։ Որքան նվեր է հավաքվում՝ այդքան էլ երեխաներ են հրավիրվում։ Ու որպեսզի շատ ընտանիքներ մասնակցեն այս տոնին, նույնիսկ որոշում է կայացվել յուրաքանչյուր ընտանիքից մեկ երեխայի նվեր հանձնել։ Թանգարանի սեղաններից մեկին դրված էր մի տետր, որտեղ գրված էին շատ հասցեներ։ Թանգարանն այս հասցեատերերին բազմիցս նամակներ է ուղարկել, խնդրել, որ ապավեն լինեն այդ երեխաներին։ Սակայն չեն արձագանքել… Խոստացողներ եղել են, խոստացել ու մոռացել… Ոչ ոքի անունը տիկին Սուսաննան չցանկացավ, որ հրապարակենք։ Նա սպասում է եւ հուսով է, որ այս տողերը կարդալով հանկարծ կհիշեն ու գործի կանցնեն… Ապրիլի 5-ը սարերի հետեւում չէ… Մի պահ մեր երեխաներին պատկերացնենք նրանց փոխարեն, որ անհամբեր սպասում են ծննդյան օրվա տոնին, որն, ավա՜ղ, չի կայանում… ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. Գ. Ս. Հակոբյանը խոստանում է, որ «Ծննդյան տոնից» հետո «Առավոտի» ընթերցողին կներկայացնի այս տարվա թանգարանի կողմից ուղակված նամակների պատասխաններն ամբողջությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել