Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Փետրվար 22,2001 00:00

ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ ՌՈՒՍ ՆԿԱՐԻՉ ՉԷ Հարցազրույց Ազգային պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանի հետ -Պարոն Խաչատրյան, ի՞նչն էր այն շարժառիթը, որը ձեզ ներքաշեց արվեստի աշխարհ։ – Արվեստաբանական գործունեության հենց սկզբից ինձ հետաքրքրել է Այվազովսկու արվեստը։ Երբ դարձա մասնագետ, թանգարանային աշխատող, իմ մեջ ապրում էր երախտագիտական զգացումը, ինձ արվեստ վերադարձնողը եղել էր Այվազովսկին։ Երկար տարիներ հետաքրքրվում էի Այվազովսկու՝ հայ իրականության հետ ունեցած կապերով։ Այվազովսկին ունի հայկական կոտորածներին նվիրված, հայ ժողովրդի մկրտության, հայկական բնության վերաբերյալ կտավներ։ Բայց որքան էլ նրան համարենք ռուս նկարիչ, նա կարծես դուրս է կանգնած ռուսական արվեստի ընդհանուր զարգացումից։ – Մխիթարյան միաբանության 300-ամյակի առթիվ Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսի ժամանակ Դուք Մխիթարյան հայրերին նվիրեցիք մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նոր ալբոմը։ – Ես դեռ տասը տարի առաջ Մոսկվայում հրատարակեցի մի ալբոմ, որտեղ առանձնացրի Այվազովսկու այն կարեւոր կողմերը, որ նա լինելով ռուս նկարիչ, նաեւ իր մեջ կրում է հայ ժողովրդի արվեստին վերաբերող շատ հատկանիշներ։ Վերջին տարիներին Սամարա քաղաքի մի նոր հրատարակչությունից, որը կոչվում է «Օգնի», դիմեցին ինձ, որպեսզի ես Այվազովսկու մի նոր ալբոմ պատրաստեմ։ Գիրքը անվանեցի «Հայտնի եւ անհայտը»։ Այդ գրքում տպագրեցի Հայաստանում եւ արտասահմանում հայկական, կրոնական, մշակութային կենտրոնում Այվազովսկու բոլոր կտավները (Երուսաղեմի պատրիարքարանում, սուրբ Ղազար կղզու թանգարանում, Փարիզի թանգարանում)։ Իսկ գրքի վերջին էջի վրա տպագրեցի «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ» տողերը, որը հայերեն փորագրված է Թեոդոսիայում գտնվող նրա գերեզմանաքարի վրա։ Այս գիրքը վերցնողը համոզվելու է նրա հայկականության մեջ։ Այվազովսկու մասին շատ է գրվել, ամեն տարի Ռուսաստանում գրքեր ու ալբոմներ են լույս տեսնում, բայց, չգիտես ինչու, նրան ներկայացնում են միայն ռուս նկարիչ։ – Ազգային պակերասրահում Ձեր տնօրինության ժամանակ որքա՞ն նկար եք բերել Այվազովսկու ստեղծագործություններից: – Այվազովսկու ժառանգությունը ավելացել է յոթ նկարով, որոնցից լավագույններն են՝ «Փոթորիկ», 1872, Կիեւ, «Բայրոնի այցը Սուրբ Ղազար կղզի», 1890թ., «Մխիթարյան հայրերը Սուրբ Ղազար կղզում»։ Կտավներից մեկը նվիրել է ամերիկահայ Անդրանիկ Շահինյանը։ – Դուք հարաբերություններ ունեք Թեոդոսիայի պատկերասրահի հետ, ինչպե՞ս են այնտեղ պահում նկարչի ժառանգությունը։ – Թեոդոսիայում ես հաճախ եմ լինում։ Բավականին լավ վիճակում է գերեզմանը եւ Սուրբ Սարգիս եկեղեցին, որի նորոգումը շուտով կավարտվի, բայց բուն թանգարանը մի քիչ, կարելի է ասել, հիվանդ վիճակում է. շենքը կարիք ունի նորոգման։ Բայց սա այնքան էլ կարեւոր չէ, կարեւորն այն գիտական գործունեությունն է, որն ավելի շատ պետք է անի թանգարանը։ Այնտեղ մի քիչ կամայական մթնոլորտ է տիրում։ Ցավալին այն է, որ այնտեղ չի խոսվում հայկականի մասին, չէ՞ որ կան հայկական թեմաներով կտավներ, դեռեւս պատերազմի տարիներին, երբ Թեոդոսիան գերմանացիների կողմից վտանգի տակ էր, թանգարանի տնօրեն Նիկողոս Պարսամյանը Այվազովսկու նկարները նավով փոխադրել է Հայաստան։ – Մամուլը գրեց, որ Հայաստանում Այվազովսկու անունով պատկերասրահ է հիմնվելու՝ վերահավաքելով նախկին շենքերից մեկը։ Ինչո՞ւ չի ավարտվում։ – Դեռեւս այդ ժամանակ հարց դրվեց ստեղծել Այվազովսկու թանգարանը, որովհետեւ որքան էլ պատկերասրահում կան նկարչի կտավները, բայց չես կարող մի նկարչի բոլոր գործերը ցուցադրել, իսկ եթե լինի առանձին թանգարան, այնտեղ կարելի է 100-ից ավելի կտավ ցուցադրել։ Բայց սա ընդհանուր պատկերասրահ է, բոլոր նկարիչների տունն է, պետք է ցուցադրել այնքան, որ այդ նկարիչը լավագույն ձեւով, դեմքով երեւա։ – Արտասահմանյան աճուրդների ժամանակ վաճառքի հանվո՞ւմ են Այվազովսկու կտավները։ – Իհարկե, Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում հաճախ են կազմակերպվում ռուսական արվեստի աճուրդներ (Քրիստիս, Սոթբի)։ Արտասահմանի 50-60 քաղաքներում Այվազովսկին 120 ցուցահանդես է ունեցել, որտեղ բոլոր գործերը նա կամ վաճառել է, կամ էլ նվիրել։ Հիմա էլ մեծ նկարչի աշխատանքների կեսից ավելին գտնվում է արտասահմանում եւ ամեն տարի այդ աճուրդներին բերում են նրա գործերը, որոնք վաճառվում են։ Պետք է նշեմ նաեւ, որ աճուրդների ժամանակ վաճառվում են հաճախ հայկական միջնադարյան ձեռագիր մատյաններ, թանգարանները կարողանում են այդ գործերը գնել, այսպես է հարստացել Բրիտանական թանգարանը։ Խնդիրն այն է, որ մենք նույնպես կարողանանք մասնակցել աճուրդներին։ ԻՐԻՆԱ ՉԱՐՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել