Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր

Փետրվար 22,2001 00:00

ԱՆՀԱՍՑԵ ՀԱՐՑԵՐ Մեր անտարբերությունը Արցախյան ազատամարտի վետերանների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ արդեն դասական ձեւակերպում է ստանում, որով աջ ու ձախ պատասխանում ենք վերջիններիս՝ «Ե՞ս եմ տղայիդ (ամուսնուդ, եղբորդ եւ այլն) ուղարկել Ղարաբաղ, որ ինձանից ես ուզում աշխատանք (բնակարան, գերեզմանի փող եւ այլն)»։ Նման ցինիզմով երեւի հեշտ է ձեւացնել, թե ոչնչով պարտավորված չես նրանց առաջ, ոչ մի պարտք էլ չունես վերադարձնելու։ Իհարկե, դա չի խանգարում օրենքներում ամրագրել եւ ամբիոններից հնչեցնել նրանց սոցիալական պաշտպանվածության անհրաժեշտությունը՝ ընդհանրապես։ Իսկ իրականո՞ւմ։ Իրականում այդ մարդիկ ոչ թե ընդհանրապես գոյություն ունեն, նրանք կոնկրետ մարդիկ են, կոնկրետ պայմաններում են ապրում, կոնկրետ պրոբլեմներ ունեն, բայց կոնկրետ ինչ-որ մեկին գտնել, որը հանձն կառնի, թե այսինչին «ինքն է ուղարկել Ղարաբաղ», այդպես էլ չի հաջողվում։ Այդպես էլ 81-ամյա Օսիկ Շահնազարյանը դիմել է հնարավոր բոլոր ատյաններ՝ պատմելով հետեւյալը։ Նրա որդին՝ 1950թ. ծնված Գագիկ Արմենակի Մաթեւոսյանը, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին, զոհվել է 1993-ին։ Վերջինիս որդին զոհվել է 1996-ին Նոյեմբերյանի շրջանում զինվորական ծառայության ժամանակ։ Որդու եւ թոռան հուղարկավորությունների եւ գերեզմանատեղերի հարցերը լուծելու համար Օսիկ մայրիկը ստիպված է եղել վաճառել իր մեկ սենյականոց բնակարանը։ Մի քանի այլ՝ դարձյալ ազատամարտիկների ընտանիքների հետ 1998թ. դեկտեմբերին Օ. Շահնազարյանը իր ավագ որդու, դստեր եւ թոռան հետ սկսել է ապրել Էրեբունու շրջանի մի շենքում, որը խորհրդային տարիներին որպես լաբորատորիա է ծառայել։ Շենքը զուրկ է եղել կենցաղային, սանիտարական տարրական պայմաններից, եւ այս ընտանիքներն էլ չեն թաքցնում, որ այստեղ մտել են անօրինական կերպով։ Նրանք բոլորն էլ բնակարաններից զրկվել էին տարբեր պատճառներով։ Հենց սանիտարական պայմանների բացակայության պատճառով Օ. Շահնազարյանը մնացել է ապրելու վարձած բնակարանում։ Որոշ ժամանակ անց Էրեբունու «անտեր շենքին» տեր է ի հայտ եկել, որն, ըստ այս ընտանիքների, բավական ազդեցիկ մեկն է՝ ԱԺ պատգամավոր։ 1999-ի հոկտեմբերի 15-ին կազմակերպվել է նրանց օրինական, բայց բավական ցինիկ ձեւով վտարումը շենքից։ Ի դեպ, օրենքով սահմանված որոշակի արտոնություններից Գ. Մաթեւոսյանի ընտանիքն օգտվում է, սակայն՝ ոչ նրա մայրը, որը ապրում է ավագ որդու հետ։ Ինչքանով է օրինական քննարկել զոհված ազատամարտիկի մորը, զոհված զինծառայողի տատին նյութապես «սփոփելու» խնդիրը, գուցեեւ օրենքի հարցն է, սակայն որդուն ծնել-մեծացնել-պատերազմ ուղարկելն էլ օրենքի պահանջը չի եղել։ Օրենքը՝ օրենք, բայց ինչ-որ մեկին պե՞տք է որ հետաքրքրի 81-ամյա կնոջ որտեղ ապրելու հարցը։ Ամենահետաքրքիրն այս պատմության մեջ այն է, որ խմբագրություն դիմել են հենց այս ընտանիքներից, սակայն խնդրում են լուծել բացառապես Օսիկ մայրիկի բնակարանի հարցը՝ հաշվի առնելով նրա պատկառելի տարիքը եւ կրկնակի վիշտը (եթե, իհարկե, վիշտը կարելի է այդպես չափել)։ Ի դեպ, այն բնակարանի մասին, որտեղ վարձով ապրում է Օ. Շահնազարյանը. միջնադարյան հյուղակ հիշեցնող կառույց է՝ մայրաքաղաքի կենտրոնում, խարխլված դռներով ու պատերով։ Վերջերս էլ այդ կացարանի մի պատն այնպես է խարխլվել, որ սպառնում է մի օր փուլ գալ բնակիչների գլխին։ Տնվորներն առանձնապես չեն էլ պատկերացնում, թե ով եւ ինչպես պետք է այդ պատը վերանորոգի, չնայած նույնիսկ այդ դեպքում այդ կացարանը հեռու է բնակարան համարվելու չափանիշներից։ Օ. Շահնազարյանը ժամանակավորապես հանգրվանել է մյուս դստեր բնակարանում, որտեղ տարեց կինը ապահովված է տարրական կոմունալ հարմարություններով։ Հանուն արդարության նշենք, որ քաղաքի կենտրոնում նման բնակարանի համար վճարելու փոխարեն՝ ծայրամասում նույն գումարով կարելի է բոլոր հարմարություններով բնակարան վարձել։ Իհարկե, հասկանալի է նաեւ տասնամյակներով նույն բակում ապրած մարդկանց հոգեվիճակը՝ հարեւաններ, մթնոլորտ, ազգականների մոտիկ լինելը: Որեւէ պատասխան որեւէ ատյանում Օ. Շահնազարյանը չի ստացել։ Մի անգամ միայն՝ 1996-ին, թոռան զոհվելուց հետո, քաղաքապետարանի մի պաշտոնյա պատրաստակամություն է հայտնել օգնելու։ Օսիկ մայրիկը շոյվել-ոգեւորվել է, բայց՝ միայն մի քանի րոպե։ Պաշտոնյան առաջարկել է առանց հերթի տարեց կնոջը «ծերանոց դասավորել»։ «Ես խիստ վիրավորված թողեցի-հեռացա»,- պատմում էր Օ. Շահնազարյանը։ Շատ ավելի անտարբեր է գտնվել բավական վերեւները հասած ու շահութաբեր օբյեկտներ ունեցող մի երկրապահ, որը տարեց կնոջը, ճիշտ է, չի ուղարկել որդուն կռիվ տանողի մոտ, բայց եւ ոչ մի պատրաստակամություն հանդես չի բերել օգնելու՝ ոչ նյութապես, ոչ բարոյապես։ Եթե օրենքը չի պարտադրում, իհա՛րկե, ու՞մից կարող ես ինչ-որ բան պահանջել, բայց եթե նման բաներն էլ պետք լինի օրենքով պահանջել, բա մեր խիղճը որտե՞ղ մնաց։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել