Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դուք լուսնահաչ եք տալիս, Պարույր Հայրիկյան»

Փետրվար 22,2001 00:00

«Դուք լուսնահաչ եք տալիս, Պարույր Հայրիկյան» ՀԿԿ խմբակցության անդամ Խորեն Սարգսյանին եւս անչափ զայրացրել էին մարդու իրավունքների պաշտպան Պարույր Հայրիկյանի հրավիրած ասուլիսը եւ դրա ընթացքում հնչած հայրիկյանական գոհարները։ Խորեն Թռչունիչը խնդրեց իր խոսքերը ներկայացնել առանց կրճատումների։ Նա ասաց հետեւյալը. «Ես ամեն կերպ աշխատում եմ մարդկանց հետ խոսելիս վիրավորական ոչ մի բառ ոչ մեկի հասցեին չասել, նույնիսկ Պարույր Հայրիկյանի եւ իր նմանների հասցեին։ Բայց երեկ լսելով Հայրիկյանի արտահայտությունները Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ կոմունիստական անցյալի մասին, արդեն պարզ կասեմ այ սա. Պարույր, դուք նման եք էն շանը, որը լուսնի վրա հաչում է։ Դուք լուսնահաչ եք տալիս։ Ժողովուրդը լավ էր ճանաչում ե՛ւ Կարեն Դեմիրճյանին, ե՛ւ Վազգեն Սարգսյանին, ե՛ւ կոմունիստական կուսակցության անցյալը։ Դուք չեք, որ պետք է գնահատական տաք։ Ո՞վ ես դու, որ Կարեն Դեմիրճյանը քո մասին ասեր, թե պետք է սպանեին։ Նախ, դու սպանված մարդ ես հայ ժողովրդի համար։ Մի մարդ, որ ամբողջ կյանքում ոչ մի անգամ քարը քարին չի դրել, ոչ մի անգամ աշխատավարձի տակ չի ստորագրել, բայց շքեղության մեջ ապրում է։ Ո՞վ չգիտի, որ դու ՃՀձ-ի գործակալ ես։ Էդ մեծ գումարները տրված է քեզ, որ Հայաստանը էս վիճակին դառնա։ Ես չեմ ասում, որ ժողովուրդը քեզ դատի։ Պատմությունը կդատի։ Մենք հասակակիցներ ենք, բայց լսելով քեզ, ես ինքս իմ հասակից ամաչում եմ։ Ինչ վերաբերում է կուսակցության տարիներին, դա մեր փառքն է, մեր պարծանքն է։ Այսօր նախագահին ես ծառայում, ծառայի ինչքան կուզես։ Դու ծառայում ես այնքան, ինչքան որ սրանք արեւմտամետ են։ Եթե վաղը, մյուս օրը հանրապետության նախագահը դառնա ռուսական կողմ, դու նույն վայրահաչությունը կսկսես նրա նկատմամբ»։ Խորեն Սարգսյանը գտնում է, որ հենց «Հոկտեմբերի 27»-ի դատավարության օրը Պ. Հայրիկյանի հրավիրած ասուլիսը հատուկ պատվերով էր. «Սա միայն պատվեր է։ Սպանվել են երկու ռուսամետ քաղաքական գործիչներ, ուրեմն հետքերը բռնելով թող մտածեն, թե դա ո՞ւմ կազմակերպածը կարող էր լինել։ Պարույրի ասուլիսը պատահական չէր։ Դա ոչ թե կոմկուսի դեմ էր ուղղված, այլ էն աստվածային մարդկանց, որ այսօր չկան»։ Մ. ԵՍԱՅԱՆ Ի տարբերություն կոմունիստների եւ ՀԺԿ-ականների, կարծում ենք, որ մինչեւ 1990 թվականը պրն Հայրիկյանը շնորհակալ գործ է կատարել։ Նա հակադրվել է իշխանություններին այն ժամանակ, երբ դա շատ ավելի վտանգավոր էր, քան այսօր։ Մենք, որ դա չենք արել, իրավունք չունենք անհարգալից խոսելու Հայրիկյանի անցյալի մասին։ Առավել ցավալի է, որ ժամանակին պայքարելով կոմունիստական գերհզոր բռնապետության դեմ, նա այսօր ծառայում է բռնապետության հակումներ ունեցող նախկին պարտկոմին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել