Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ «Միասնությունը» փրկեց ԱԺ նախագահին

Փետրվար 22,2001 00:00

ՍԱԳԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀՌՈՄԸ Իսկ «Միասնությունը» փրկեց ԱԺ նախագահին Արմեն Խաչատրյանը երեկ հաղորդում ներկայացրեց խորհրդարանի 2000 թվականի գործունեության վերաբերյալ եւ արագ ցանկանում էր անցնել օրակարգի այլ հարցերի, բայց նրա հավերժ ընդդիմախոսները՝ Մանուկ Գասպարյանը, Հայկ Բաբուխանյանը եւ այլք ընդվզեցին։ Նրանք պահանջում էին քննարկել այդ հաղորդումը, թերեւս, հույս ունենալով ելույթներում իրենց սրտի խոսքն ասել ԱԺ նախագահի մասին։ Վիկտոր Դալլաքյանը պարզաբանեց, որ քննարկում ծավալելու համար պիտի նախապես հատուկ կարգ ներկայացված լիներ, այն ընդգրկվեր օրակարգում եւ այլն։ Ընդդիմախոսներն ուշացումով փորձեցին ուղղել իրենց սխալը եւ ստորագրություններ հավաքեցին՝ ԱԺ նախագահի հաղորդումը քննարկելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու պահանջով։ Այն պիտի քվեարկության դրվեր նիստի ավարտից քիչ առաջ։ Բայց «Միասնությունը» միշտ չէ, որ սիրում է, երբ առանց իր «ադաբրյամսի» ինչ-ինչ շարժումներ են սկսվում (վկան՝ Շավարշ Քոչարյանի հրաժարականը, որի հարցն այս եռօրյա նիստերում այդպես էլ չհայտնվեց, քանի որ քաղաքական խորհրդակցությունները դեռ չեն ավարտվել)։ Եվ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ անհարկի է համարում այս մոտեցումը եւ քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրելով՝ միտումնավոր տապալեց արտահերթ նիստի գաղափարը։ «Առավոտի» կեսկատակ հարցին, որ երբեւէ հիշողություններ կգրեք, չէ՞, «Ինչպես մենք փրկեցինք Արմեն Խաչատրյանին պատգամավորներից» թեմայով, Գալուստ Սահակյանը լուրջ պատասխանեց. «Չէ, գտնում եմ, որ պատգամավորների պահանջի մեջ ճշմարտություն կա եւ նաեւ զգում եմ, որ կանոնակարգը հնարավորություն ունի իրավիճակը շտկելու։ Պատգամավորները ցանկանում են հաշվետվության վերաբերյալ հարցեր տալ։ Բայց սա ոչ թե փրկության խնդիր էր, այլ գտնում եմ, որ չի կարելի ԱԺ-ում ստեղծել նման նախադեպեր»։ Վերնագրում արտահայտված մեր պատ մական զուգահեռի առնչությամբ պրն Սահակյանն ասաց. «Չի կարելի դրա հետ համեմատել, քանի որ Հռոմը բավականին ուժեղ էր»։ Տրամաբանական հաջորդ հարցին ի պատասխան էլ, թե ի՞նչ է, ԱԺ նախագահը թո՞ւյլ է, խմբակցության ղեկավարը հպարտորեն ազդարարեց. «Ուժե՛ղ է «Միասնությամբ»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել