Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարադատության

Փետրվար 22,2001 00:00

Հանձնաժողովը հանձնաժողովին ոչինչ չի տվել Արդարադատության նախարարը, հավանաբար, չգիտի, որ ըստ ԱԺ կանոնակարգի 35-րդ հոդվածի, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի իրավասությունների մեջ է մտնում նաեւ սահմանադրական բարեփոխումների խնդիրը։ Արդարադատության նախարարը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի տարբերակն արդեն ներկայացված է համապատասխան ատյաններին։ Ասվեց նաեւ, որ իր գլխավորած հանձնաժողովը ժամանակին համագործակցել է նաեւ ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ։ Որքան էլ տարօրինակ հնչի՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ոչինչ չի ստացել։ Հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն՝ ի պատասխան «Առավոտի» հարցին՝ ծանո՞թ է, արդյոք, նախագահին առընթեր հանձնաժողովի առաջարկած Սահմանադրության տարբերակին, ասաց. «Առ այսօր մեր հանձնաժողովը որեւէ փաստաթուղթ չի ստացել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։ Շրջանառության մեջ է գտնվում Կոմկուսի խմբակցության կողմից ներկայացված սահմանադրական փոփոխությունների տարբերակը, այլ տարբերակ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը չի ստացել»։ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության օրն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը սենսացիոն հայտարարություն արեց այն մասին, որ լրատվամիջոցները չեն կարող դատարանի դահլիճում հարցաքննվող վկաների ցուցմունքները հրապարակել։ Պարոն Հարությունյանն ասաց նաեւ, որ հակառակն անողները կպատժվեն օրենքի խստությամբ։ Ի՞նչն է հիմք տալիս նախարարին նման հայտարարություն անել։ Ի՞նչ օրենք կա բաց դատավարությունների լուսաբանումն արգելելու մասին, որ գիտի արդարադատության նախարարը, չգիտեն մյուսները. «Գործում է «ԶԼՄ-ների մասին» օրենքը, եւ այդ օրենքում որեւէ սահմանափակում չկա այդ հարցերի վերաբերյալ։ Նաեւ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ տեղեկատվության ստացման եւ տարածման հետ կապված որեւէ արգելք չկա, այսինքն, տվյալ պարագայում ե՛ւ Սահմանադրությունը, ե՛ւ օրենքը թույլ են տալիս, որպեսզի ԶԼՄ-ները դատարանի դահլիճում համապատասխան ինֆորմացիա ստանան եւ տարածեն»։ Նկատի ունենալով, որ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը հուզում է ամբողջ ժողովրդին, եւ առաջին նիստի փորձից դատելով, մարդիկ նիստերի օրերին հավաքվելու են վերաքննիչ դատարանի մոտ։ Կարծիք կա դատական պրոցեսը բարձրախոսների օգնությամբ հասանելի դարձնել հասարակությանը։ Հնարավո՞ր է սա իրականացնել։ Վիկտոր Դալլաքյանի ասելով՝ «Քանի որ դատավարությունը բաց է, դա արդեն տեխնիկայի խնդիր է։ Դատարանը կարող է նման քայլ կատարել՝ նկատի ունենալով այդ դատավարության քաղաքական եւ հասարակական մեծ հնչեղությունը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել