ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ Փետրվարի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ կայացավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը։ Համերգի առաջին բաժնում ՀՖՆ-ի «Երեւան» հարվածային անսամբլը՝ Ալեքսանդր Սահակյան, Էդուարդ Հարությունյան, Արմենակ Գրիգորյան, Ստանիսլավ Բախշյան, Արա Սահակյան, Աշոտ Հարությունյան կազմով, ներկայացրեց Բախի, Տակենակայի, Ռայխի, Ա. Սահակյանի ստեղծագործությունները, որոնք աչքի ընկան ինքնատիպ մեկնաբանմամբ եւ կատարման բարձր վարպետությամբ։ Երեկոյի երկրորդ բաժնում հնչեց Ավետ Տերտերյանի վեցերորդ սիմֆոնիան՝ կամերային նվագախմբի, կամերային երգչախմբի եւ 9 ֆոնոգրամի համար՝ ձայնագրությամբ մեծ սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի, կլավեսինների եւ զանգահարության ղողանջների։ Սիմֆոնիայի կատարմանը, բացի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբից եւ երգչախմբից, մասնակցեցին նաեւ Արարատյան Հայրապետական թեմի «Մանկուք» երգչախմբի սաները։ Սիմֆոնիան գրվել է 1981-ին եւ նվիրված է կոմպոզիտորի տիկնոջը՝ Իրինա Տիգրանովային։ Պրեմիերան կայացել է Զագրեբում, որից հետո այն կատարվել է Մոսկվայում, Վարշավայում, Բոստոնում, Արեւմտյան Բեռլինում, Երեւանում, Դյուսբուրգում, Եկատերինբուրգում եւ այլուր։ Սիմֆոնիան ենթադրում է հատուկ լուսավորության միջոցներ եւ թատերայնացման որոշ տարրեր։ Ավետ Տերտերյանն այս սիմֆոնիայի մասին ասել է. «Իմ պատկերացմամբ «Վեցերորդ սիմֆոնիան» տիեզերական մեսսա է, ռեքվիեմ բոլոր նրանց հիշատակին, ովքեր կյանքից հեռացել են հանուն ծննդյան։ Այստեղ ասես ի մի են ձուլվել կյանքի, մահվան եւ ծննդյան գաղափարները»։ ՆԱՐԵԿ Վ. ԹՈՎՄԱՍՅԱՆ