Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԵՐ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Փետրվար 21,2001 00:00

ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԵՐ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ Երեկ կրթության եւ գիտության նախարարությունում Դպրոցների բարելավման ծրագրի շրջանակներում նոր ուսումնալաբորատոր սարքերի արտադրությանը նվիրված շնորհանդես էր հրավիրված։ Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակներում ԿԳՆ-ն իրականացնում է կրթական երկու ծրագիր։ Դրանցից մեկի նպատակը դպրոցները գույքով վերազինելն է։ Ինչպես նշեց ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը՝ «շուտով Հայաստանում կսկսվի դպրոցական գույքի արտադրություն՝ տեղական հումքով։ Եվ այս տարի սեպտեմբերին դպրոցներին կբաշխվի մոտ 28.000 նոր նստարան»։ Իսկ երկրորդ ծրագրի նպատակը Հայաստանում ուսումնալաբորատոր սարքավորումների արտադրության կազմակերպումն է։ Պրն Ղազարյանի խոսքերով. «Վերջին 10-12 տարիներին ուսումնալաբորատոր սարքավորումների պահանջարկը խիստ մեծացել է։ «Ֆիզիկա», «քիմիա», «կենսաբանություն», «ինֆորմատիկա» առարկաները դպրոցներում առավել արդյունավետ եւ որակյալ անցկացնելու համար անհրաժեշտ է ունենալ լաբորատոր բազա, քանզի դրանք փորձառական գիտություններ են»։ Համաշխարհային բանկի վարկային գրասենյակի տնօրեն Կարինե Հարությունյանը տեղեկացրեց. Դպրոցների բարելավման ծրագրով բոլոր այն դպրոցները, որոնք ներկայացնում են համապատասխան ուսումնական բիզնես ծրագիր, մրցութային կարգով ընդգրկվում են ծրագրի մեջ եւ ստանում են 10.000 դոլար դրամաշնորհ։ Ներկայումս Հայաստանի շուրջ 300 դպրոց ստացել է նման դրամաշնորհ։ Նրանցից 50-ը արդեն իսկ պատվիրել է ուսումնալաբորատոր սարքավորումներ։ Նշենք նաեւ, որ ուսումնալաբորատոր սարքավորումների արտադրության իրականացմանը կաջակցեն «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորումը եւ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել