ԽՓԵԼ ԹԻՐԱԽԻՆ ՍԵՄԱ՝ Հայաստանի մենեջմենթի կենտրոնի նախաձեռնությամբ անցած շաբաթ անցկացվեց «Ստրատեգիական մարքեթինգ» խորագրով սեմինարը։ Արդեն 10 տարի է, ինչ ֆրանսիական ԺԻԻԱ ընկերության ՍԵՄԱ կենտրոնը Հայաստանի կազմակերպությունների եւ անհատ ձեռներեցների համար կազմակերպում է տնտեսական նոր համակարգին առնչվող թեմաներով սեմինարների շարք։ «Ստրատեգիական մարքեթինգ» թեմայով սեմինարն անցկացրեց ԺԻԻԱ անդամ, Լիբանանից մարքեթինգի եւ մենեջմենթի մասնագետ Հիլդա Բայրամյանը։ Ընդամենը 5 օրվա ընթացքում տիկին Բայրամյանը սեմինարի մասնակիցներին ծանոթացրեց մարքեթինգի գաղտնիքներին, սովորեցրեց մշակել մարքեթինգի պլանը, վերջինս ներկայացնել, քննարկել ու կարողանալ պաշտպանել ֆինանսական տնօրենի մոտ։ Սովորաբար մեր տեղացի բիզնեսմենների աշխատանքում մարքեթինգը, մեղմ ասած, առաջին տեղերում չէ։ Այնինչ աշխարհի հզորագույն ֆիրմաները ոչ մի րոպե չեն դադարում աշխատել մարքեթինգի ուղղությամբ ու նորացնել գովազդները։ Մարքեթոլոգները անընդհատ զբաղված են շուկայի ուսումնասիրությամբ, շուկայում իրենց ֆիրմայի գրաված տեղի ամրապնդմամբ։ Ոչ մի գովազդ ինքնանպատակ չի արվում. այն ներկայացվում է սոցիալական, սեռային, ժողովրդագրական, հոգեբանական տեսանկյունից։ Հետաքրքիր էր ամբողջ սեմինարի ընթացքում լսել տիկին Հիլդայի «թիրախը որո՞ւնն է, որո՞ւնն է թիրախը» արտահայտությունը։ Հայաստանում, սակայն, թե մերքեթինգը եւ թե գովազդը արվում են սիրողական մակարդակով, առանց թիրախի ընտրության։ Այդ առումով, թերեւս, շատ ուսանելի էին այս սեմինարի թեմաները։ Սեմինարների ավարտին կազմակերպվող կոկտեյլի ժամանակ ՍԵՄԱ կենտրոնի տնօրեն Կարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ սեմինարին մասնակցած ունկնդիրներից շատերն արդեն ստեղծել են իրենց սեփական գործը։ Սեփ. լր.