ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԴԱՏԱՎՃՌԻ ԴԵՄ ՆԳՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Վարդազարյանը երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան հաստատեց. «Այո։ Հացադուլ կա։ Ծածկադմփոց չկա։ Եվ դատապարտյալները հացադուլ են հայտարարել իրենց նկատմամբ կայացրած դատավճռի դեմ»։ Այս տարվա փետրվարի 19-ից անժամկետ հացադուլ է հայտարարել թիվ 15 ՈՒԱՀ-ի դատապարտյալ, նախկինում Թումանյանի շրջանի ՆԳ բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալ Գարեգին Միքայելյանը։ Նա դիմել է ՈՒԱՀ-ի ադմինիստրացիային եւ ներկայացրել հացադուլ անելու պատճառները։ Ի դեպ, գրավոր դիմումի մեջ գրված է. «22.07.2000թ. «Արդարության հասնելն անհնար է» «Առավոտում» տպագրված հրապարակման տակ մենք՝ մի քանի դատապարտյալներ առաջ էինք քաշել հարցեր՝ կապված անօրինական դատապարտվածներիս հետ։ Մենք գրել էինք, որ նույն նամակի անուշադրության մատնումը կստիպի մեզ պայքարը տեղափոխել այլ հարթություն»։ Գ. Միքայելյանը ապրիլին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրօրի 15-185 հոդվածի 3-րդ կետի, 185 հոդվածի 3-րդ, 15-89 հոդվածի 4-րդ, 182 հոդվածի 2-րդ կետով դատապարտվել էր 8 տարի 6 ամիս ազատազրկման։ «Նախաքննությամբ եւ դատաքննությամբ իմ զբաղեցրած պաշտոնը դիտվել է որպես պատասխանատու դիրք զբաղեցնող պաշտոնատար անձ, որոնց դասին են, ի դեպ, պատկանում հանրապետության նախագահի, վարչապետի, գլխավոր դատախազի պաշտոնները»,- գրում է իր բողոք-դիմումում Գ. Միքայելյանը։ Նա ասում է նաեւ, որ բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին «հիշյալ մեղադրանքների սարքովիության կապակցությամբ», մեղադրանքներ, «որոնց հետ առնչություն չեմ ունեցել երբեք»։ Նախկին ՆԳԲ պետի տեղակալը անցյալ տարվա մարտին դիմել էր նաեւ վարչապետին, վերջինս նրա դիմումը վերահասցեագրել էր ՀՀ գլխավոր դատախազին, իսկ վերջինս էլ՝ ազգային անվտանգության նախարարությանը (ի դեպ, դիմումում բերված էին փաստեր՝ կապված Թումանյանի տարածաշրջանի ԱԱ բաժնի պետ Ա. Սարգսյանի հետ)։ «08.07.97թ. ՈՒԱԶ-452 դ. 90-47 AP պետհամարանիշի ավտոմեքենայով, վարորդ Վ. Խաչատրյանը մաքսանենգ ծխախոտով բերման ենթարկվեց ՆԳ բաժին։ Բաժնի պետ Ե. Չիլինգարյանի հանձնարարությամբ նյութեր նախապատրաստեցինք Ա. Սարգսյանի մորաքրոջ տղայի անունով, իսկ առգրավված ծխախոտն ուղարկվեց ԱԱ նախարարության պահեստ»։ Որքան տեղեկանում ենք, այդ նախապատրաստված նյութերը չեն ուղարկվում հասցեատիրոջը, այլ տարվում են ՆԳՆ։ «Ա. Սարգսյանը մնալով անպատիժ, այս անգամ մյուս մորաքրոջ տղայի հետ շրջանցելով Ջիլիզայի մաքսակետը, ձեռնամուխ է լինում 30 տակառ սպիրտի ներկրմանը»։ Բացահայտողներից Գ. Միքայելյանը դիմել է հացադուլի՝ պահանջելով. ա) ստուգել ասվածը եւ իր ձեռքի տակ եղած գրավոր ապացույցները, բ) ուսումնասիրել իրեն առաջադրված մեղադրանքի օրինականությունն ու հիմնավորվածությունը։ Եվ, որ առաջնայինն է, ըստ հացադուլավոր դատապարտյալի, «իրեն դատապարտելու պատվիրատուներին» ենթարկել քրեական պատասխանատվության, օրենքի սահմաններում։ Արդեն երրորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել (եւ նաեւ՝ բերանն է կարել) Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանի դատապատյալ Լադիկ Հարությունյանը։ Վերջինս նույնպես բողոքում է իր նկատմամբ կայացրած դատավճռի դեմ, գտնելով, որ այն անհիմն է եւ, որ ինքը չի սպանել Վանաձորի զորամասի զինվոր Սոս Սարգսյանին։ Բողոքի այս ձեւն ամենեւին ուղղված չէ մեկուսարանի ադմինիստրացիային։ Լ.Հարությունյանի հացադուլը եւս «գրանցված» է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ